Գյումրին պայքարում է ուսանողների վարձավճարների թանկացման դեմ

Ուսանողների ուսման վարձավճարների թանկացման հետ կապված խնդիրները շատ սուր կերպով անդրանառնում են մանավանդ Շիրակի մարզի և Գյումրիի ուսանողների վրա: Հարցի հրապարակային քննարկումներ են տեղի ունեցել քաղաքում, որոնց արդյունքում փորձեր է արվում ձևավորել թանկացման դեմ պայքարող նոր ալիք: Սակայն մարզային կառույցների և համալսարանների առաջին կուրսեցիների ծնողների անտարբերությունը զարմացնում է ակտիվիստներին:

Վերջերս Գյումրիում տեղի ունեցավ բաց  քննարկում բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների, ուսանողական խորհուրդների անդամների և  Գյումրիի քաղաքացիների շրջանում: Քննարկումներին ներկա էին ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի, ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղի, ԳՊՄԻ ուսանողական խորհուրդների նախագաները, ինչպես նաև ուսանողական խորհուրդների անդամներ, այլ բուհերի ուսանողներ և այլ  քաղաքացիներ: Քննարկման հիմնական, առարկայական թեման վարձավճարների թանկացման դեմ բողոքի ձայնի բարձրացումն էր:

Մոտ 48 տոկոս աղքատության մակարդակ ունեցող մարզում ուսանողների վարձավճարներն ավելացել են մոտ 32-75 հազար և ավելի դրամով (կախված բուհերից և ընտրած մասնագիտությունից): Թե ինչպե՞ս են պատկերացնում վարձավճարների նման թանկացումները բուհերի ռեկտորները, Կրթության և գիտության նախարարությունը և, առհասարակ, պետական տարածքային կառույցները, ուսանողները որոշեցին պարզել բաց, ազատ և ընդհանուր քննարկման ընթացքում: Ուսանողական խորհրդի նախագաները ևս նշում էին այն փաստը, որ նույնիսկ ուսանողական վարկերի առկայության դեպքում ուսանողը չի կարողանա իր ուսումը բուհում «հանգիստ խղճով» շարունակել, քանի որ աշխատաշուկայի, մեղմ ասած, անմխիթար  վիճակը բնականաբար թույլ չի տա, որ բուհն ավարտելուց հետո ուսանողը միանգամից գտնի աշխատանք և մարի բանկին պարտք մնացած գումարը.

«Այդ նույն ուսանող երիտասարդները կլքեն երկիրը, կգնան արտերկիր, կաշխատեն իրենց ստացած կրթության հետ բացարձակապես կապ չունեցող ոլորտներում, որպեսզի կարողանան գումար վաստակել և մարել ուսանողական վարկերն այն դեպքում,  երբ 4-6 տարի սովորելուց հետո նրանք իրենց սեփական երկրում հարիր աշխատանք չեն կարողացել գտել»,- նշում են բուհերի ուսանողական խորհուրդների նախագահները: Որոշվեց նույն կազմով դիմել մարզպետարան և  խնդրել հնարավորինս կարճ ժամանակահատվածում մարզպետարանի շենքում, որպես մարզային կառույց, հանդիպում կազմակերպել բուհերի տնօրենների, ուսանողների և քաղաքի բնակիչների հետ: Մարզպետարանում ուսանողները  հանդիպեցին Շիրակի մարզպետի տեղակալներ Հարություն Արշակյանի, Սեյրան Պետրոսյանի և Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում երիտասարդները ներկայացրեցին իրենց խնդրանք-պահանջը, այն է` հնարավորինս սեղմ ժամկետներում մարզի կտրվածքով կազմակերպել հանդիպում-քննարկում բոլոր բուհերի տնօրենների, մարզպետանարի  և քաղաքապետարանի ներկայացուցիչների, ուսանողների և Գյումրիի անկախ քաղաքացիների միջև:

Շիրակի մարզպետի տեղակալներ Ս. Պետրոսյանը և Հ. Արշակյանը նշեցին, որ նախ հարկավոր է, որ ուսանողները հանդիպեն յուրաքանչյուր բուհի տնօրինության հետ՝ խնդրի պատճառները իմանալու համար: Սակայն երիտասարդները պնդում են, որ շարժման անդամների շարքում կան ոչ միայն ուսանողներ, այլև բուհերն ավարտած անհատներ, և ցանկալի է, որ հանդիպումը լինի չեզոք տեղում և ընդգրկի հանդիպմանը մասնակցել ցանկացող բոլոր քաղաքացիներին: Ս. Պետրոսյանը և Հ. Արշակյանը նշեցին, որ երիտասարդների պահանջները կբարձրաձայնվեն համապատասխան մարմիններին: «Բուհերի բերած պատճառաբանությունների մասին խոսք անգամ գնալ չի կարող այն դեպքում, երբ Շիրակի մարզի բնակիչները, լինելով աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող մարզի բնակիչներ, ուղղակի ի վիճակի չեն «դիմանալ նման թանկացումների ձեռքը», և այս հարցում բուհերի պատճառաբանություններն իրենց կարևորությունը կորցնում են», նշեցին երիտասարդները մարզպետարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաջորդող քննարկումների ժամանակ:
Հանդիպման ժամանակ մարզպետարանի ներկայացուցիչները վերցրեցին ներկա ուսանողներից մի քանիսի հեռախոսահամարները, սակայն մինչ օրս ոչ մի կապ չի հաստատվել, պաշտոնական ոչ մի արձագանք չկա:

Գյումրի

Տեսանյութեր

Լրահոս