Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակիցներին

Օգոստոսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողներին և ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունքները արձանագրած դպրոցականներին:

Մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 2013 թ. «Կենգուրու» մրցույթի գրանցված գոհացուցիչ արդյունքները, ապա մրցույթի մասնակիցների և կազմակերպիչների անունից երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` ամեն տարի ավանդաբար երիտասարդներին ընդունելու և իր հայրական պատգամը փոխանցելու համար:

Այնուհետև աշակերտներին շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր օրհնությունը բերելով նրանց կարևոր ձեռքբերումների առիթով: Նորին Սրբությունը մրցույթի հաղթողներին հորդորեց առավել նախանձախնդրությամբ ու ջանասիրությամբ շարունակելու գիտելիքներ ամբարելը` հայրենիքին ամուր հենարան լինելու համար: Ապա, անդրադառնալով ուսման կարևորությանն ու անհրաժեշտությանը, Վեհափառ Հայրապետը դպրոցականներին պատգամեց պահպանել հայրերի կերտած դարավոր արժեքներն ու սրբությունները և որպես հայոց մշակույթի կրողներ` հարստացնել այն սեփական մտքի գեղեցիկ արգասիքներով:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ծնողներին, մանկավարժներին և մրցույթի կազմակերպիչներին գործադրած ջանքերի համար: Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց պատանիների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը և Մայր Աթոռի ներկայիս գործունեությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս