Կիվիրյանի նկատմամբ հետապնդումներ են սկսվել
Արգիշտի Կիվիրյանին օգոստոսի 24-ին ոստիկանության բաժին բերման ենթարկելիս ոստիկանության ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած միջադեպի նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: Կատարվածի մասին Ա. Կիվիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացել է մամուլից: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ինքը` Կիվիրյանի փաստաբանը: «Մամուլից ենք տեղեկացել, որ ՀՔԾ-ում է գործը գտնվում, որովհետեւ մեզ ոչ մեկը ոչ մի տեղեկություն չի հաղորդում, նույնիսկ դատաբժշկի ուղեգիր մինչ օրս չեն տալիս, որպեսզի մենք կարողանանք ֆիքսել Արգիշտի Կիվիրյանի վրա առկա բազմաթիվ մարմնական վնասվածքները»:
Լուսինե Սահակյանը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: «Այսինքն` իբրեւ թե իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրել Արգիշտի Կիվիրյանը: Սա հասկանալի է, որովհետեւ իրենք պետք է պատասխան տային այն հարցին, թե ինչու էին բռնություն գործադրել նրա նկատմամբ, եւ ոստիկանը պետք է ենթարկվեր պատասխանատվության, ինքնապաշտպանությունից ելնելով ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ իբրեւ թե Արգիշտին նրա նկատմամբ բռնություն է գործադրել եւ հարուցել են քրեական գործ»,- ասել է փաստաբանը: Միեւնույն ժամանակ Լուսինե Սահակյանը ասել է, որ այս մասին տեղեկացել է մամուլից, իսկ իրենց ոչ մի բան չեն ասում, որպեսզի կարողանան իրավական ընթացակարգերով պաշտպանվել:
Կատարվածը Լ. Սահակյանը համարում է աբսուրդ, սակայն միեւնույն ժամանակ ընդգծում է. «Բազմաթիվ տարիներ է, որ այսպես է, երբ որ այն անձինք, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար եւ փորձում են հասնել նրան, որ ոստիկանը ենթարկվի պատասխանատվության, մեղադրում են 316 հոդվածի հատկանիշներով, եւ նույնիսկ բազմաթիվ են օրինակները, երբ որ անձինք ազատությունից զրկվում են եւ հետագայում էլ լինում դատական գործեր: Իհարկե աբսուրդ է, իհարկե իրավական պետությանը անհարիր երեւույթ է, որովհետեւ յուրաքանչյուր իրավական պետությունում այդ ոստիկանը ոչ թե կազատվեր աշխատանքից, այլ ընդհանրապես քրեական պատասխանատվության կենթարկվեր, իսկ հիմա նրանք փորձում են այն անձին, ով իր իրավունքների համար պայքարում է, մեղադրել, քրեական հետապնդում են իրականացնում նրա նկատմամբ, եւ սա հասկանալի է: Մեզ համար արդեն ակնհայտ է, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հետապնդումներ են սկսվել իր հայացքների համար, եւ փաստորեն այդ հետապնդումները արդեն հասել են քրեական գործի հարուցման»:
Կարդադեք այստեղ.