Ի՞նչ է երևում չմոնտաժված տեսանյութում

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ այժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար:

Մեզ հետ զրույցում գործով «ամբաստանյալ» Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ ծեծի ենթարկելու համար մեղադրանք չառաջադրելը ողջ սցենարի բաղկացուցիչ մասն է. «Հնարավորին չափ քիչ մեղադրանքներ Խաչատրյաններին, հնարավորին ծանր մեղադրանքներ` Բուդաղյաններին, որպեսզի վերջին հաշվով հավասարակշռեն և հետո սկսեն արդեն սակարկություններ: Դա լրիվ զինդատախազության ոճի մեջ է»: Ըստ Հայկ Ալումյանի, համացանցում հայտնված մոնտաժված տեսանյութում ցանկության դեպքում կարելի է տեսնել, որ սկզբում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ՝ Դավիթ Բեկ փողոցում, Ավետիք Բուդաղյանն իր ավտոմեքենայից դուրս չի գալիս, արդեն չմոնտաժված տեսանյութում երևում է, որ մի խումբ անձինք մոտենում, սկսում են հարվածել նրան:

«Սկզբում, երբ Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենան կանգնում է, Ավետիք Բուդաղյանը մեքենայից դուրս չի գալիս, բայց մի խումբ անձինք, իսկ արդեն չմոնտաժված տեսանյութի մեջ կարող ենք նաև նկատել, որ նրանցից ոմանց մոտ կան նաև զենքեր, մի խումբ անձինք մոտենում են, ավտոմեքենայի դուռը բացում են, սկսում են քաշքշել և հարվածել Ավետիք Բուդաղյանին, ավտոմեքենայի մեջ, ինքը դուրս չէր եկել: Հետո, երբ որ գալիս է Արտակ Բուդաղյանն իր ավտոմեքենայով, դուք կարող եք նկատել, ցանկության դեպքում, իհարկե, կարող եք նկատել, թե ինչպես այդ անձանցից երեք հոգին, այդ թվում նաև առնվազն մեկը, երևում է զինված վիճակում, դեռ Արտակ Բուդաղյանը մեքենայից դուրս չեկած, արագ քայլերով մոտենում են այդ ավտոմեքենային, և պարզ երևում է, որ ագրեսիվ նպատակներով»,- նշեց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ առաջին 3 կրակոցները հնչում են այն ժամանակ, երբ միջադեպն արդեն, ըստ էության, ավարտվել էր:

Ըստ փաստաբանի` նախաքննության մարմինը պարտավոր է մեղադրանք առաջադրել Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար: Ալումյանն ասում է, որ գործի շրջանակներում մեղադրանք պետք է առաջադրվի նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ըստ նրա, եթե մինչ այժմ նախաքննական մարմինը Սուրիկ Խաչատրյանի կողմից կրակելու հանգամանքը ներկայացնում է որպես չհաստատված փաստ, ապա գոնե երկու մեղադրանք պետք է առաջադրեին Սուրիկ Խաչատրյանին. «2 մեղադրանք կա, որոնք հենց հիմա կարող են առաջադրվել ու պիտի առաջադրվեին Սուրիկ Խաչատրյանին, որովհետև առնվազն երկու` Քրեական օրենսգրքով արգելված արարք ակնհայտ է նրա գործողություններում: Չէ՞ որ Տիգրան Խաչատրյանը, որ հաստատված է, որ մահացու կրակոցներից մի քանիսն ինքն է արձակել, չէ՞ որ Տիգրան Խաչատրյանը կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից, իսկ դա արդեն իսկ նշանակում է, որ կա առնվազն Քրեական օրենսգրքի մեկ հոդվածով արգելված արարք»:

Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելու համար, ինչը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար, ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելու համար, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստաբանը մատնանշեց նաև Քրեական օրենսգրքով պատժելի ևս մեկ արարք. նախաքննությամբ հաստատվել է, որ Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավվել է 1 ինքնաշեն զենք:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանին նշված հոդվածներով մեղադրանք չառաջադրելու մտահոգություններ է հայտնել նաև հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի և վիրավորված Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Նա բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով այս գործը վերցնել իր անմիջական հսկողության ներքո: «Ես կորցրել եմ իմ որդուն, և նրան այլևս հնարավոր չէ վերադարձնել: Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարությանը: Այդ պատճառով դիմում եմ Ձեզ` խնդրելով այս գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության ներքո: Խնդրում եմ՝ թույլ մի՛ տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը»,- բաց նամակում նշել է Էմիլ Բուդաղյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենց որոշակի լուրեր են հասել այն մասին, որ նախաքննական մարմինը փորձելու է ծանրացնել Արտակ Բուդաղյանի մեղադրանքը: Թե ինչ կերպ է դա արվելու, պաշտպանը տեղեկություններ չունի: «Տեսնելով, որ Արտակ Բուդաղյանին ներկայացված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, որևէ կերպ չի հիմնավորվում, հիմա արդեն քայլեր են ձեռնարկվում, որ նրա մեղադրանքը ծանրացվի, որպեսզի նա ավելի բացասական ձևով ներկայացվի հասարակությանը»,- ասաց Հայկ Ալումյանը` նշելով, որ այդ ամենի հիմնական կատարողը Զինվորական դատախազությունն է:

Հարցին՝ ինչո՞ւ է Զինվորական դատախազությունը նման դիրքորոշում ընտրել, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց մի ենթադրություն ունեմ. չէ՞ որ դեպքից մոտ մեկ ամիս հետո Սուրիկ Խաչատրյանը, այսպես, նույնիսկ հրապարակային ինչ-որ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինքը շատ շնորհակալ է իր բարձրաստիճան ընկերներին, ովքեր իրեն այդ դեպքի հետ կապված աջակցեցին: Գուցե պատասխանը պետք է փնտրել այդ բառերի մեջ»:

Ըստ Հ. Ալումյանի, նախաքննության մարմինը, բուն քրեական գործի փոխարեն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երկրորդական հարցերի վրա. «Անընդհատ քննարկվում է Արտակ Բուդաղյանի անունը. կարծեք թե հիմնական խնդիրը այս ամբողջի մեջ Արտակ Բուդաղյանի գործողություններն են, ընդ որում՝ Արտակ Բուդաղյանի գործողությունները ներկայացվում են գլխիվայր շուռ տված ձևով: Արտակ Բուդաղյանը ներկայացվում է որպես ագրեսոր, հարձակվող, իսկ վերջերս նաև ներկայացվում է` իբր թե Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ, հրաժարվել է առերեսումների մասնակցել: Ըստ էության, ամեն ինչ արվում է, որպեսզի տուժած կողմին պահանջատիրոջ կարգավիճակից հետզհետե տեղափոխեն պաշտպանվող սուբյեկտի կարգավիճակ, դնել ճնշումների տակ, որպեսզի նրանք հաշտվեն այն մտքի հետ, որ հետագայում հավանաբար արդեն ծրագրավորված են լուծումներ հօգուտ Խաչատրյանի ընտանիքի»:

Հայկ Ալումյանն ասաց նաև, որ ինքն օրերս ստացել է Հատուկ քննչական ծառայության պատասխպանն իր դիմումին: Փաստաբանը դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով հայտնել` արդյոք Սուրիկ Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունների մասին մամուլի հրապարակումներով քրեական գործեր հարուցվե՞լ են, կամ որոշում կայացվե՞լ է քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Ի պատասխան փաստաբանի դիմումի, ՀՔԾ-ից հայտնել են, որ մամուլի նշված հրապարակումների մի մասով նախկինում եղել են հարուցված քրեական գործեր՝ չնշելով ինչ ընթացք են դրանք ստացել: Հրապարակումների մի մասը վերաբերել է Սուրիկ խաչատրյանի հարազատներին, որոնց մասով ՀՔԾ-ն իրավասություններ չունի: ՀՔԾ-ից նաև տեղեկացրել էին, որ մամուլի հրապարակումների մի մասն էլ վերաբերում է նրա կյանքի այն ժամանակահատվածին, երբ նա Սյունիքի մարզպետ չի եղել: «Էլի տարօրինակ է, որ եթե ինքն իր իրավասությունից դուրս էր համարում, ապա պետք է գոնե վերահասցեագրեր այն մարմնին, որի իրավասության մեջ է դա»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը գործով քննիչի վերադաս դատախազին էր բողոքարկել քննիչի որոշումը, որով վերջինս մերժել էր Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը: Քննիչի վերադաս դատախազը մերժել էր փաստաբանի բողոքը: «Ստանալով իրենց մերժումը՝ բողոքարկել եմ զինդատախազին: Հիմա զինդատախազից նամակ եմ ստացել, որ այդ բողոքս էլ մերժվել է, և հիմա արդեն զինդատախազի գործողությունները կբողոքարկեմ գլխավոր դատախազին»,- տեղեկացրեց Հայկ Ալումյանը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս