Բաժիններ՝

Գյոթեն Ջերմուկում չի եղել

Օգոստոսին Կառլովի Վարի առողջարանային քաղաքում մի քանի օր անցկացնելու հնարավորություն ունեցա և, թերևս, դա ստիպեց ուշադիր ընթերցել «Ջերմուկն ու Կառլովի Վարին կհամագործակցեն» վերտառությամբ պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ այդմ` «Օգոստոսի 22-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության Կառլովի Վարի երկրամասի պատվիրակությանը` նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի գլխավորությամբ»:

Հետևյալ միտքը հատկապես հետաքրքիր էր, քանի որ այդպես ավարտվում են պաշտոնական և, որպես կանոն, անպտուղ հանդիպումները. «Պատվիրակությունն այցելել է Վայոց ձորի մարզ, եղել Ջերմուկում, մարզային և քաղաքային իշխանությունների հետ քննարկել Վայոց ձորի մարզի և Կառլովի Վարի քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորությունները»:

Ի դեպ, հանդիպման ժամանակ փոխվարչապետը (հավանաբար, անհարմար պաուզան լցնելու նպատակով) նկատել է, թե Ջերմուկն ու Կառլովի Վարին ընդհանրություններ ունեն: Միակ ակնառու ընդհանրությունը, որն էլ, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ փոխվարչապետը, այն է, որ թե՛ Ջերմուկը, թե՛ Կառլովի Վարին գտնվում են միևնույն` Երկիր մոլորակի վրա: Մյուս ընդհանրությունը կարող եմ ինքս վկայել` եվրոպական առաջատար այդ հանգստավայրում և Ջերմուկի հանգստյան տներում գները նույնն են: Այսինքն` շատ բարձր: Ընդհանրություններից մեկն էլ այս երկու քաղաքների այցելուների թվերի վիզուալ նմանությունն է` Կառլովի Վարին, ըստ պաշտոնական վիճակագրության, տարեկան ավելի քան 500.000 այցելու է ունենում, Ջերմուկը` 5000:

Սակայն տարտամ կասկածներ ունեմ, որ Կառլովի Վարի երկրամասի նահանգապետը մինչ հայաստանյան այցը եղել է Ադրբեջանում: Ընդ որում` շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել, քանի որ Կառլովի Վարիում հանգստացողների հիմնական մասն ադրբեջանցի էր: Ադրբեջանցիներ էին հյուրանոցներում, զբոսայգիներում, քաղաքային տրանսպորտում: Նրանք այնքան շատ էին, որ Կառլովի Վարի հասնելու առաջին օրն անգամ խուճապ առաջացավ` մի՞թե մի հայի չենք հանդիպի: Աստված լսեց մեր ձայնը, ու րոպեներ անց հեռվում նշմարվեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը` հանքային ջրի բաժակը ձեռքին:

Ի դեպ, Արամ Կարապետյանից բացի, Կառլովի Վարիում ժամանակին հանգստացել են Շիլլերը, Գոգոլը, Բախը, Պագանինին, Շոպենը, Մոցարտը, Բեթհովենը, Չայկովսկին, Դվորժակը, Բրամսը, Լիստը: Այստեղ սիրում էր հանգստանալ Գյոթեն, որի խոսքերը` «Աշխարհում միայն երեք տեղ կա, որտեղ կցանկանայի ապրել` Վեյմերը, Հռոմը և Կառլովի Վարին», ռեստորանների ճաշացանկերի առաջին էջին էին:

Կառլովի Վարին անտառների մեջ կորած հանգստյան գոտի է: Այս փոքրիկ քաղաքում ներքաղաքային տրանսպորտն աշխատում է այնպես, ինչպես մեգապոլիսներում` ժամացույցի ճշգրտությամբ: Ավտոբուսներն ու կանգառները միմյանց այնպես են հարմարեցված, որ մանկասայլակով մայրիկները կամ հաշմանդամություն ունեցողներն առանց խոչընդոտի մայթից մտնում են ավտոբուս և զբաղեցնում հատուկ իրենց համար նախատեսված տեղերը: Այսինքն` ցանկացած զբոսաշրջիկի համար քաղաքում տեղաշարժվելը խնդիր չի առաջացնում:

Կառլովի Վարիի հիմնական այցելուները, որքան հասկացա, հետխորհրդային երկրների ներկայացուցիչներն են, քանի որ հանգստյան գոտու սպասարկող ողջ անձնակազմը տիրապետում էր ռուսերենին: Ընդ որում, հյուրանոցների ճաշարանում ճաշարանից օգտվելու կանոնների անգլերեն և ռուսերեն տեքստերը ոչ լիովին էին համընկնում: Ռուսերեն լեզվով կար հավելյալ պարբերություն` «Խնդրում ենք ճաշարանի սպասքն ու մթերքը դուրս չտանել»: Ապարդյուն զգուշացում…

Հետխորհրդային երկրների այցելուներին միավորում էր նույն էլիտար արհամարհանքը իրենց մայրենի լեզվի հանդեպ: «Փիրե, փաժալույստա»: Ադրբեջանցի հարևանն է, կարտոֆիլի պյուրե է խնդրում: Հեռավոր Կառլովի Վարիում լավագույն հյուրանոցների ռեստորանում նստած են սպորտային հագուստով ու հողաթափերով տղամարդիկ, կանայք` միջինասիական երկրների սպեցիֆիկ հագուստով: Մաշկի դեղնավուն երանգը պնդում է, որ նրանք սլավոնական արմատներ չունեն: Սակայն վնաս չունի, ընթրելու ընթացքում մտքերը փոխանակում են միայն ռուսերենով: Եվ բուժիչ վաննաներ ընդունում… խալաթներով:

Կառլովի Վարիի դպրոցներում, չգիտեմ, երեխաներին հանձնարարո՞ւմ են շարադրություն «Կառլովի Վարին թանգարան է բաց երկնքի տակ» թեմայով: Սակայն մենք դպրոցում տարվա մեջ առնվազն երկու անգամ շարադրություն էինք գրում «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» վերնագրով: Դա մեխանիկական աշխատանք էր` հրապարակի երգող շատրվաններով, Գառնի-Գեղարդով ու Սևանով (ու չկար աշակերտ, որը Սևանի մասին գրելիս մոռանար «կապուտաչյա» բառը): Բոլորիս շարադրությունների տարբերությունը միայն տառասխալների քանակն էր:

Եվ շարադրության վերնագիրը որպես տեսլական ունենալով` Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ձեռնոց նետել աշխարհին` տուրիզմի կենտրոն դառնալու հեռանկարով: Նրանց ցանկություններն անհիմն չեն: Եվ դրա վկայությունը ամբողջ երկու բիոզուգարաններն են և Ջերմուկի ու Կառլովի Վարիի ընդհանրություններին հավատացող բազմաթիվ պաշտոնյաները:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս