Հովհաննես Իգիթյանը` Անկախության հռչակագրի մասին. «Իշխանությունը և քաղաքական ուժերը պետք է կարողանային այս տոնը նշել համատեղ»

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի օրն է: 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության (այն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն) Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, ուրում մասնվորապես նշված էր.

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը,

գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում,

ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից,

կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա,

զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները,

խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հիմնադիր անդամ, նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով Անկախության հռչակագրի նշանակության և խորհրդի մասին, առաջին հերթին կարևորեց այն մթնոլորտը, որն այդ ժամանակաշրջանում տիրում էր ողջ Հայաստանում և որում էլ այն ընդունվեց:

«Դա շատ կարևոր է, քանի որ Հռչակագրի ընդունման գաղափարի շուրջ միավորվեցին թե´ այն ժամանակվա իշխանությունը, թե´ ընդդիմությունը, թե´, ընդհանրապես, ամբողջ շարժումը: Նրանք միասնական էին այդ փաստաթուղթն ընդունելու, կազմելու և դրույթները ձևավորելու հարցերում: Հաշվի առնենք նաև այն, որ այն ժամանակ Խորհրդային Միությունը դեռևս պահպանում էր իր գոյությունը (90 թվի օգոստոսն էր): Դա այն է, ինչը, ես կասեի, այսօր բացակայում է Հայաստանում` որևէ գաղափարի կամ որևէ կարևոր երևույթի շուրջ մարդիկ չեն կարողանում միավորվել»:

Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Անկախության հռչակագիրն այսօր էլ արդիական է, նրա մեջ դրված հիմքը երկարատև է, և այսօր էլ շատ դրույթներ կան, որոնք չեն իրականացվել:

«Իմ պատկերացմամբ` թե´ իշխանությունը, թե´ քաղաքական ուժերը պետք է կարողանային այս տոնը նշել համատեղ՝ մոտեցման առումով, չեմ ասում` աշխարհագրորեն նույն տեղում: Սրանով հասարակությունը կմասնակցեր Անկախության հռչակագրի տոնին և ավելի լավ կըմբռներ դրա խորհուրդը, թե ինչ է նշանակում այս փաստաթուղթը մեր ազգի համար: Ցավոք, ես դա այսօր չեմ զգում, չեմ զգում փողոցներում և այլուր` հասարակության մեջ»,- ավելացրեց Հովհաննես Իգիթյանը:

Տեսանյութեր

Լրահոս