Բաժիններ՝

Դպրոցի մասնաշենքում անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու գործը կարճվել է

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Յուրի Բաղդասարյանի, անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու գործի վարույթը կարճվել է: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

24-ամյա Արտեմ Մկրտչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և միջնորդել իր նկատմամբ գործի վարույթը կարճել՝ դադարեցնելով քրեական հետապնդումը, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, քանի որ նախաքննական մարմնի կողմից իրեն մեղսագրվել է արարք, որ նա 31.07.2011թ.-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Հացավան գյուղի նախկին դպրոցի մասնաշենքում սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ: Այսինքն, վերը նշված արարքից 21.08.2013թ.-ի դրությամբ անցել է 2 տարի 21 օր:

Մեղադրող դատախազը ամբաստանյալի միջնորդությանը չի առարկել՝ հայտարարելով, որ հրաժարվում է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի համաձայն` անցել է նրան ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները:

Արտեմ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, իսկ նշված հոդվածի համաձայն. (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

Այսպիսով՝ գործի վարույթը կարճվել է, Արտեմ Մկրտչյանի նկատմամբ քերական հետապնդումը դադարեցվել՝ վաղեմության ժամկետների հիմքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս