Բաժիններ՝

Մակրոտնտեսական ողբերգություն

Արձակուրդային այս օրերին շատերն էին հանգստանում: Նույնիսկ պետական պաշտոնյաները: Բայց կա մի հիմնարկություն, որը ողջ ամառ անխոնջ աշխատեց: Համարյա մեր կառավարության նման, որ ամեն շաբաթ հերթական նիստն էր անում ու հերթական որոշումներն ընդունում: Նույն համառությամբ արձակուրդային իրենց իրավունքներն առ ոչինչ են հայտարարել մեր վիճակագիրները: Համենայն դեպս, նման տպավորություն է ստեղծվում Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքին հետևելիս: Երեկ էլ մեր վիճակագիրները նորից մամլո հաղորդագրություն տարածեցին:

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներն են հրապարակել: Ամփոփել են այս տարվա առաջին յոթ ամիսները: Եթե մեր վիճակագիրների այս քայլը հերոսություն չանվանենք, ապա պարտավոր ենք ընդունել, որ այն սխրանք հիշեցնող մի բան է: Հենց յոթերորդ ամսվա` հուլիսի 7-ից թանկացան գազի ու էլեկտրաէներգիայի սակագները:
Մակրոտնտեսական ցուցանիշներն ամփոփելիս մեր վիճակագիրներն անհնարինության աստիճանի բարդ խնդրի առջև են հայտնվել: Հեշտ բան չէ գնաճի ցուցանիշը օրենքով հաստատված սահմաններում պահելը: Սողացող գնաճի տխուր հետևանքներն իրենց մաշկի վրա զգում են բոլորը` պարզ սպառողից մինչև Կենտրոնական բանկ: ԿԲ-ն անցած շաբաթ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Համարյա թաքուն ու անձայն: Մինչդեռ այդ քայլից ակնհայտ է, որ ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը (կամ գնաճի սպառնալիքը): Այն գնաճը, որ մեր վիճակագիրներն առայսօր հնարավորինս խնամքով թաքցնում են: Նրանք արձանագրել են, որ այս տարվա հուլիսին գնաճի ինդեքսը նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է ութ ու կես տոկոսով: Այս տարվա հունիսն էլ մի բանի նման չէր` սպառողական գնաճը նախորդի համեմատ վեց ու կես տոկոս էր կազմել: Մայիսն էլ նման մի բան էր:

Դե պատկերացրեք որքան է պետք տառապել, որ հնարավոր լինի յոթ ամսվա կտրվածքով գնաճը ընդամենը 4,7 տոկոս ներայացնել: Ընդունեք, որ այս աշխատանքի նկարագրին արժանի ածականը «սխրագործությունն» է:
Հայաստանյան ամառներին ոչ բնորոշ այս զով եղանակին մարդու սիրտը հովանում է երկրի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներն ընթերցելիս: Պարզվում է` արդյունաբերությունը նախորդ տարվա համեմատ աճել է 6,7 տոկոսով: Հավանաբար, գարնանային կարկուտները (կամ դրանց հետևանքների մասին բարձրացված աղմուկը) թույլ չտվեցին, որ մեր վիճակագիրները գյուղատնտեսության մասին էլ նման փառահեղ ցուցանիշ ապսպրեին: Մեր գյուղատնտեսությունն այս տարի պաշտոնապես աճել է 4,7 տոկոսով: Ընդամենը: Եվ այս երկու ցուցանիշները հնարավորություն են տվել հայտարարելու, որ տնտեսական ակտիվությունն աճել է ուղիղ չորս տոկոսով: «Ինչո՞ւ են մեր վիճակագիրներն այդքան համեստ աճ ներկայացնում». հարցի պատասխանը տալիս են մյուս ցուցանիշները: Նախորդ տարվա համեմատ շինարարությունը կրճատվել է 8,6 տոկոսով: (Տարին տարվա վրա կրճատվելը դարձել է մեր շինարարության բնութագիրը):
Որքան էլ անհավանական թվա` աճող արդյունաբերության ֆոնին կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը` 4,3 տոկոսով: (Մայիս ամսին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է ռեկորդային` 20,4 տոկոսով, բայց այդ ամիս արտադրությունն աճել է մոտ չորս տոկոսով):

Սա էլ առաջին դեպքը չէ, և վստահաբար կարելի է պնդել, որ մեր վիճակագիրներն այս անգամ էլ չեն պատասխանի «Ինչպե՞ս է հնարավոր արդյունաբերության աճի պարագային էլեկտրաէներգիայի արտադրության կրճատում» հարցին: Լավագույն դեպքում կակնարկեն արտագաղթի և դրա հետ կապված էլեկտրականության սպառման մասին: Ի վերջո, արտագաղթի ցուցանիշները պաշտոնապես ընդունվում են: Գոնե ինքնաթիռներով Հայաստանը լքողների քանակը միշտ հրապարակվում է: Բայց այս ոլորտում էլ է 2013-ին ահագին բան փոխվել: «Արմավիայի» գործունեության ընդհատման պատճառով հիմա շատերն են ուղևորվում Թբիլիսի և ինքնաթիռով այնտեղից հեռանում: Վրաստանից թռչելն ավելի էժան է: Մյուս կողմից, թանկացած էլեկտրաէներգիան ու գազը աննախադեպ ճոխ հնարավորություն կտան տարեվերջին մակրոտնտեսական նոր սխրանքներ գործել: ՀՆԱ-ի ու դրա հետ կապված ցուցանիշների աճի շքերթ է լինելու: Իսկ մինչ այդ մեզ հնարավորություն է տրված ըմբոշխնել մակրոտնտեսական մյուս հրաշալիքը: Հրաշալիք, որ նկարագրում է մեր արտաքին առևտուրը: Հայաստանից արտահանումը յոթ ամսում կազմել է մոտ 825 մլն դոլար: Իսկ ներմուծումը 2 մլրդ 365 մլն դոլար է: Բացասական հաշվեկշիռը ինչ-որ մեկը կշտապի աննախադեպ հայտարարել:

Բայց խուճապի մատնվել պետք չէ: Այս պատկերը` մեկին-երեք տոկոսային հարաբերակցությունը, վերջին տարիներին հաստատված կայուն ցուցանիշ է: Այն համարյա ավանդական ցուցանիշ դարձավ այն պահից, երբ մեր կառավարությունը հայտարարեց, որ խթանելու է տնտեսության` արտահանման ուղղվածություն ունեցող հատվածը: Խոստացավ և հավանաբար խթանում է առայժմ անարդյունք: Հուսանք, որ` առայժմ: Կարճ ասած` մեր վիճակաագիրները ողջ ամառ քրտնաջան աշխատեցին: Իսկ ամառային աշխատանքը ապահով ձմեռվա երաշխիք է: Սա բոլորին է հայտնի, ասենք` «Ճպուռն ու մրջյունը» առակից: Այնպես որ, ձմռանը նոր ու սքանչելի մակրոտնտեսական ցուցանիշներ են մեզ սպասվում: Բայց, ցավոք, միայն պաշտոնական վիճակագրության պաշտոնական հաղորդագրություններում:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս