Ֆինանսների նախարարի հրամանի «կիքսերը». ԿԲ-ի վարկանշումը նույնպես հարցականի տակ է
Օգոստոսի 18-ին 168.am-ը մի հոդված էր հրապարակել, որը բավական մեծ ֆեյսբուքյան քննարկումների տեղիք տվեց: Շատերին իսկապես զարմացրել էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի սկանդալային հրամանը, բայց ոմանք էլ կարծում են, թե դրանով նախարարը փորձել է Հայաստանում զարգացնել աուդիտի ինստիտուտը , կամ որ խոշոր ձեռնարկատերերն այդպիսով «կսթափվեն», իսկ փոքրները պետական գնումներին մասնակցելու իրատեսական հիմքեր կունենան:
Սա աբսուրդ է, որի հիմնավորումն այժմ կբերենք:
Նախ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի և «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 10.02.2011թ. թիվ 168-Ն որոշման համաձայն, ֆինանսների նախարարին լիազորված էր ընդամենը սահմանել, թե ինչպես պետք է չափել գնումների մասնակիցների ֆինանսական միջոցները: Դրա նպատակը տրամաբանորեն պետք է լիներ հետևյալը՝ բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում և մրցակցության խթանում:
Սակայն, ֆինանսների նախարարը, չգիտես ինչու, որոշում է «ձեռքի հետ էլ» աուդիտի ինստիտուտը զարգացնել և ընկերություններին պարտադրել գրագետ հաշվապահություն վարել: Դրական երևույթ է, բայց այս պարագայում դա շատ քիչ կապ ունի գնումների գործընթացին մասնակցողների ֆինանսական միջոցների հետ:
Նախ, ամբողջ խնդիրն այն է, որ խոշոր կազմակերպությունները «չորով» բաժանվել են երկու խմբի՝ «սպիտակ» և «սև»: Առաջին ցուցակում բացարձակ դրական (չձևափոխված, առանց վերապահումների կարծիք ունեցող) աուդիտորական եզրակացություն ստացած ընկերություններն են, իսկ երկրորդում՝ «ոչ դրական» (բացասական, ձևափոխված, կամ գոնե մեկ վերապահում ունեցող): Բայց չէ՞ որ վերապահումով դրական կարծիքը նույնպես դրական կարծիք է, և այդ ընկերությանը չի կարելի գցել «սև» ցուցակ:
Երկրորդ, առանց վերապահումների աուդիտորական կարծիքը դեռ չի նշանակում, որ տվյալ ընկերությունը ֆինանսական բավարար միջոցներ ունի: Բերենք «ՀայՌուսգազարդի» օրինակը: Ընկերության վերջին ֆինանսական հաշվետվությունները ստացել են աուդիտորական փայլուն եզրակացություն, սակայն 2012 թվականի վնասը կազմել է 66 միլիարդ դրամ: Կոպիտ ասած՝ ընկերությունը թափանցիկ է, հիանալի հաշվապահություն է վարում, բայց փող չունի: Նման կարգավիճակ ունեցող այլ ընկերությունների հետ պետական կառույցները կարող են մատակարարման պայմանագրեր կնքել, սակայն այդ կազմակերպության ֆինանսական վիճակը կարող է այնքան վատ լինել, որ դրանից մեկ ամիս հետո այն պարզապես սնանկանա:
Եվ հակառակը. ֆինանսների նախարարի «սև ցուցակում» հայտնված մի շարք ընկերություններ վերջին տարվա ընթացքում մեծ շահույթներ են ստացել, սակայն ինչ-ինչ պատճառներով աուդիտորական եզրակացությունը կամ ձևափոխված է, կամ էլ վերապահումով է: Օրինակ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը տարվա ընթացքում 10 միլիոն դրամի զուտ շահույթ է ստացել, սակայն աուդիտորը ձևափոխված կարծիք է ներկայացրել. «հիմնական միջոցները, բացառությամբ հողի, չեն վերագնահատվել և 31.12.2012թ. դրությամբ ներկայացված են սկզբնական արժեքով»: Իսկ «Ռենկո Արմէստեյդ» ՍՊԸ-ի (994,7 միլիոն դրամի զուտ շահույթ) ձևափոխված կարծիքում մասամբ գրված է. «Ընկերության կողմից ներգրավված անտոկոս երկարաժամկետ փոխառությունները հաշվապահական հաշվեկշռում ներկայացված են 3,188,000 հազար դրամ գումարով, իսկ տրամադրված փոխառությունները՝ 10,387,766 հազար դրամ գումարով: Ղեկավարությունը փոխառությունները սկզբնական ճանաչումից հետո չի ներկայացրել ամորտիզացված արժեքով՝ կիրառելով արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը, ինչը հանդիսանում է շեղում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներից»: Նման հիմնավորում ունի նաև տարեկան 424,7 մլն դրամի զուտ շահույթ ստացած «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի ձևափոխված կարծիքը: Իսկ օրինակ, «Ջրառատի թռչնաֆաբրիկան», որը 2012-ին 34 միլիոն դրամի շահույթ է ստացել, աուդիտորի դրական կարծիք ունի, սակայն՝ վերապահումով, որովհետև հողամասերը չեն գնահատել: Կամ, 1 միլիարդ դրամ շահույթ ստացած «Արաքս թռչնաֆաբրիկան»: Վերջինս նույնպես հայտնվել է «սև» ցուցակում, սակայն վերապահումով դրական կարծիք է ստացել: Աուդիտորական եզրակացության մեջ գրված է. «Ընկերությունն իրականացրել է թռչունների և պաշարների գույքագրում 31.12.2012թ. դրությամբ: Սակայն ելնելով ընկերության հաշվապահական գրանցումների բնույթից և թռչունների ու պաշարների քանակից՝ մենք ի վիճակի չենք եղել այլ աուդիտորական ընթացակարգերի կիրառման միջոցով ինքներս համոզվել դրանց գնահատման մեջ, ինչպես նաև ձեռք բերել բավարար ապացույցներ դրանց քանակի վերաբերյալ»: Է, թող ի վիճակի լինեին, ընկերությունն ինչո՞ւմ է մեղավոր:
Փաստորեն, օրենքով և կառավարության որոշմամբ ֆինանսների նախարարից պահանջվում էր գնահատել ընկերությունների ֆինանսական միջոցները, իսկ նախարարը որոշել է գնահատել ընկերությունների «թափանցիկությունը»: Եթե թափանցիկ ես, ուրեմն՝ ֆինանսական միջոցներ ունես: Բայց կազմակերպությունը կարող է թափանցիկ լինել և աուդիտի արդյունքում վերապահումով դրական կարծիք ստանալ (դա էլ է թափանցիկության չափորոշիչ): Օրինակ, ինչ-որ կազմակերպության հիմնական գործունեությունը դեղերի ներմուծումն ու իրացումն է: Աուդիտի արդյունքում աուդիտորը պարզել է, որ կազմակերպությունն ինչ-որ հիմնական միջոց ունի, ասենք՝ կրպակ, որը պետք է միջազգային ստանդարտների պահանջով վերագնահատել: Կազմակերպությունն էլ ինչ-ինչ պատճառներով (ժլատություն, անփութություն) այն չի վերագնահատել: Աուդիտորը տալիս է դրական կարծիք, որ կազմակերպությունը 5 միլիարդ դրամի դեղ է ներմուծել և իրացրել, այդ մասով ամեն ինչ նորմալ է, արտացոլված է, սակայն 5 միլիոն դրամանոց կրպակը վերագնահատված չէ: Այս կապակցությամբ փոքր վերապահում է գրում, և կազմակերպությունը հայտնվում է «սև» ցուցակում: Սրանից արդյո՞ք պետությունը շահեց, որ նման իրավիճակում հայտնված ընկերությունը չի կարող մասնակցել պետական գնումներին: Իրականում, արդյունքը եղավ հետևյալը. այս բնագավառում մրցակցությունը թուլացավ, ինչն էլ իր բացասական ազդեցությունը թողեց գնումների գործընթացի վրա:
Հաջորդը: Ֆինանսների նախարարն իր արդեն հայտնի հրամանով անվերապահորեն վստահում է աուդիտորական ընկերություններին՝ վերջիններիս հնարավորություն տալով էական ազդեցություն ունենալ պետական գնումների գործընթացի վրա: Սակայն, այստեղ էլ զավեշտ կա: Այս տարվա հուլիսի 15-ին ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «Էկոնոմիկս-Աուդիտ» ՍՊԸ-ի աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու: Ընդ որում, վերոնշյալ «սև» ցուցակում շատ են այն ընկերությունները, որոնց աուդիտի ոչ դրական եզրակացությունը տրվել է հենց «Էկոնոմիկս-Աուդիտ» ՍՊԸ-ի կողմից: Այսինքն, ֆինանսների նախարարությունը հիմնվել է մի սուբյեկտի գնահատականի վրա, որին շատ կարճ ժամանակահատվածում հենց ինքն անվստահություն է հայտնել: Հենց իրենք էլ խոստովանում են, որ այս դաշտում դեռ շատ բացեր կան. հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչպե՞ս են նրանց շնորհում պետական գնումներում որոշակի «փլեյմեյքերի» լիազորություն:
Եվ վերջապես: Երկրի տնտեսական քաղաքականությունում այսօր իրական «շիլափլավ» է: Ֆինանսների նախարարից պահանջվում էր ընդամենը սահմանել, թե որոնք են ընկերության ֆինանսական միջոցների չափորոշիչները: Ֆինանսների նախարարը, սակայն հանձն առավ տնտեսվարող սուբյեկտների ռեյտինգավորման գործը: Կենտրոնական բանկին բնորոշ ձեռագիր (ի վերջո, Դավիթ Սարգյանն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է հենց ԿԲ-ում): Բայց այստեղ էլ մի մեծ «կիքս» կա: ԿԲ-ն ինքն է իրականացնում ՀՀ-ում գործող առևտրային կազմակերպությունների վարկանշում, ընդ որում, վարկնշման մեթոդոլոգիան նույնպես հիմնվում է ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության վրա: Ամենաբարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է «Ռենկո Արմէստեյդ» ընկերությունը, երրորդ տեղը՝ «Երևան հյուրանոցը»: Զարմանալի է, բայց երկուսն էլ ֆինանսների նախարարության կողմից համարվել են «սև» ընկերություններ և չեն կարող մասնակցել պետական տենդերներին: Ստացվում է՝ տնտեսական քաղաքականություն մշակող և իրականացնող ցանկացած պետական գերատեսչություն կարող է իր հայեցողությամբ էական ազդեցություն ունենալ տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, տարբեր ոլորտներում մրցակցության, այդ սուբյեկտների գործարար հեղինակության և վերջապես, երկրի ներդրումային գրավչության վրա: Ի դեպ, վերջինս նույնպես կարևոր հանգամանք է: Օտարերկրյա ներդրողը քննարկում է, օրինակ, նույն «Ռենկո Արմէստեյդ»-ում ներդրում կատարելու հնարավորությունը, սակայն տեսնում է, որ այս երկրի տնտեսության կարգավորման կարևորագույն կառույցները՝ ԿԲ-ն ու ֆինանսների նախարարությունն իրարամերժ գնահատական են տվել այդ ընկերության գործունեությանը: Ներդրողը վստահությունը կորցնում է, քանզի նա գիտակցում է, որ ցանկացած պահի երկրի իշխանությունները կարող են ցանկացած սուբյեկտի տարիների աշխատանքը մեկ օրում «ջուրը գցել»: Եվ չի բացառվում, որ «սև» ցուցակում հայտված շատ ընկերությունների օտարերկրյա բաժնետերեր կամ գործընկերներ ինչ-որ մեթոդներով հակազդեն այս գործընթացին:
ԱՐՍԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ