Բաժիններ՝

Էկո Պատ: Բնապահպանական նորարարություն Գյումրիում

Գյումրին վերջին շրջանում աչքի է ընկնում քաղաքում իրականացվող բազմաթիվ նորարար ծրագրերով, որոնք իրենց ձևաչափով, կարելի է ասել, որ աննախադեպ են: Շուտով քաղաքում իր տեղն է գտնելու Էկո Պատը: Ի՞նչ է այն: Էկո Պատը քաղաքի որոշակի տարածքի այլընտրանքային կանաչապատման ծրագիր է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին էկոլոգիական տեսանկյունից գտնվում է անմխիթար վիճակում` էկոլոգիական յուրաքանչյուր իրականացվող ծրագիր քաղաքի համար մեծ կարևորություն ունի:  Էկո Պատի ստեղծման, վերջինիս նպատակի և քաղաքի էկո միջավայրի մասին զրուցեցինք ծրագրի անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ուսանող Էլզա Գինեցյանի հետ:

– Ինչպե՞ս առաջացավ էկո Պատի ստեղծման գաղափարը:

– Էկո Պատ ստեղծելու գաղափարն առաջացավ EcoLab ծրագրի ժամանակ, որը ֆինանսավորվում է Գերմանական MitOst կազմակերպության կողմից: EcoLab-ը բաղկացած է երեք փուլերից. առաջին փուլում մասնակցության հայտ լրացրած և մասնակցության հնարավորություն ստացած մասնակիցները հանդիպեցին Վանաձոր քաղաքում, որտեղ առաջարկեցին գաղափարներ, որոնք էլ հետո պիտի դառնային  ծրագրեր: Ծրագրերը մշակվեցին, որից հետո երկրորդ փուլում` Եղեգնաձորում ստացան անհրաժեշտ  ֆինանսավորում և արդեն եկավ ծրագիրն իրականացնելու ժամանակը: Երրորդ փուլն արդեն լինելու էր մեզ մոտ` Գյումրիում, ծրագրի գնահատումը: Գյումրիից մասնակցել ենք 5 հոգով. ես, Գոռ Թորոսյանը, Անի Աղայանը, Գևորգ Ավագյանը և Շուշան Սարգսյանը, ուսանողներ ենք, քաղաքի ակտիվ երիտասարդներից ենք:

– Որտե՞ղ է գտնվելու Էկո Պատը:

– Էկո Պատը գտնվելու է Գյումրիի Վարդանանց հրապարակին կից Չերազի փողոցում, և հենց այդ վայրն ենք ընտրել, որպեսզի տեսանելի լինի բոլորին և այդպիսով ձևավորվի Էկո մշակույթ` այլընտրանքային կանաչապատման միջոցով:

– Քաղաքի կամ մարզի այլ վայրերում նման Էկո Պատեր կստեղծվե՞ն:

– Նույնատիպ գաղափար կլինի, եթե գտնվեն համապատասխան ֆինանսավորողներ, բայց առանց ֆինանսավորման էլ նմանատիպ պատ կարող է լինել: Առայժմ թիմի անդամները այդ մասին չեն մտածում, սակայն ցանկություն ունենք, որ նմանատիպ գաղափարները զարգանան այլ խմբերի կողմից ևս. Էկո մշակույթի զարգացումը տեսնում ենք բոլորի ներդրումների ու նախաձեռնությունների արդյունքում:

– Որպես Գյումրիի բնակիչ` ի՞նչ խնդիրներ ես տեսնում Գյումրիի բնապահպանական ոլորտում:

–  Բացարձակ անտարբերություն եմ տեսնում մեծահասակների կողմից: Եթե բնապահպանական նախաձեռնություններ են լինում, ապա միայն ու միայն քաղաքի ակտիվ երիտասարդներն են արձագանքում դրան: Չնայած հավատում եմ, որ ՄԻ ԾԱՂԿՈՎ ԷԼ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ, բայց հանդիպել եմ շատ դեպքերի, երբ փոքրիկ երեխաները` իրենց ծնողների կողքին պոկում են թփերն ու շիվերը, սակայն ոչ մի նկատողություն չեն ստանում ու իրենց «գործը» ավարտին են հասցնում:  Շատ քչերին կհանդիպես, ովքեր համբերատար պահում են աղբն իրենց ձեռքին, որպեսզի հասնեն աղբամանին ու նոր թափեն, մյուսները անմիջապես գետնին են թափում: Այսինքն, եթե նույնիսկ մեծահասակները  չեն գալիս ծառատունկի կամ նմանատիպ բնապահպանական միջոցառումների չեն  մասնակցում,  չեն մաքրում տարածքը, ապա գոնե սերունդներին դաստիարակեն և  ոչ թե այսչափ անտարբեր լինեն շրջապատի նկատմամբ:

– Քաղաքի Էկո միջավայրում բարեփոխումներ անելու ի՞նչ ուղիներ ես տեսնում:

– Եթե տարածքը տեսնեք, կհասկանաք, որ բարեփոխումներ անելը պարտադիր է, որովհետև այդտեղ աճել են փշեր ու անպիտան խոտեր, այն էլ՝ հրապարակին կից փողոցում: Ուզում ենք դրանք բոլորը պոկել և դրանց տեղը տնկել ծաղիկներ, ցածր թփեր, այսինքն՝ տարածքը գեղեցիկ կանաչապատել: Իսկ որպես «բարեփոխում»` ցանկանում ենք տեսնել այն, որ մարդիկ` տեսնելով գեղեցիկը, չփչացնեն այն, այլ հակառակը` պահպանեն ու գնահատեն: Բոլորին կոչ ենք անում սիրել մեր քաղաքը: Ոչ թե փչացնել, այլ սիրով պահպանել գեղեցիկն ու նորը, դառնալ այդ ամենի կրողն ու շարունակողը:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս