Վազգեն Խաչիկյանի գործով պաշտպանները հղի կնոջ գրությանը անհանդուրժողականությամբ արձագանքեցին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա նիստում հարցաքննվեց դատակոչված 1 վկա՝ Երվանդ Սիմոնյանը, ով դատավարության մասնակիցներից ոչ մեկի չճանաչեց:
Գործն առնչվում էր նրա հորը, ով վկայի խոսքով 1998թ.-ից գտնվում է ԱՄՆ-ում:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Դատախազի այն հարցին, թե արդյոք վկայի հայրը մեկնելուց հետո շարունակել է կենսաթոշակ ստացանալ՝ վկան բացասական պատասխանեց:
Այսօրվա միակ վկայի հարցաքննությունից հետո դատարանը հայտարարեց, որ 18 վկա էլ գրություն են ուղարկել դատարանին, որ այս կամ այն պատճառաբանությամբ չեն կարող ներկայանալ հարցաքննությանը՝ խնդրելով հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները:
Վկաների գրություններում մասնավորապես նշվում էր, որ նրանք վատառողջ են, կամ բացակայում են Հայաստանից: Վատառողջ վկաների գրություններից մի քանիսի հետ կցված էր նաև վկայի հիվանդությունը հաստատող բժշկական տեղեկանք, ինչն էլ հիմք ընդունելով դատարանը ընթերցեց տվյալ վկաների նախաքննական մարմնին տված ցուցմունքները:
Մյուսների դեպքում էլ դատավարության մասնակիցներն առարկեցին եւ դատարանն էլ գտավ, որ միայն գրությունը չի կարող հիմնավոր համարվել՝ վկաների բացակայությունը գնահատելով անհարգելի: Այդուհանդերձ՝ դատավոր Պապոյանը հայտարարեց, որ չեն շտապելու վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել՝ հաշվի առնելով, որ նրանք մեծամասամբ տարեցներ են:
Վկա Աննա Պողոսյանը դատարանին հասցեագրված գրության մեջ նշել էր, որ հղի է և չի կարող ներկայանալ հարցաքննությանը՝ կից ներկայացնելով, նաև բժշկի տեղեկանք: Վկան խնդրել էր հիմք ընդունել և հրապարակել նախաքննական մարմնին տված իր ցուցմունքը: Ի զարմանս դատարանի՝ կողմերն առարկեցին, սակայն դատարանը որոշեց հղի կնոջն ընդառաջել և հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը:
Վկա Վանիկ Չիլոյանի ծանուցումն էլ հետ էր եկել. նա ներկայումս բնակվում է Նյու- Յորքում։ Պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց դատակոչման ցուցակից հանել վկային, ինչը դատարանը մերժեց։
Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 22-ին, որին ներկայանալու համար դատարանը նպատակահարմար գտավ ծանուցել բոլոր չհարցաքննված վկաներին:
Ի դեպ նշենք, որ գործով նախատեսվում է հարցաքննել շուրջ 190 վկայի, որոնցից առայժմ հարցաքննվել են 89-ը: