Էջմիածնի Մատենադարանի պահոցում ավելի քան 50.000 կտոր գրականություն կա (լուսանկարներ)

Երբ չորս տարի առաջ ճարտարապետ Արտակ Ղուլյանին առաջարկեցին Էջմիածնի Մատենադարանի շենքի նախագիծը ստեղծել` արդի և հին ճարտարապետության ներդաշնակ միաձուլմամբ պատկերացրեց մատենադարանի տեսքը:

«Լուծումները թեպետ համարձակ էին, սակայն պետք է համահունչ լինեին շրջակա միջավայրին` Գևորգյան Ճեմարանին, Մայր տաճարին և Հրեշտակապետաց եկեղեցուն: Երեք կառույցները պետք է դառնային մեկ ամբողջություն, մեկի դիրքը չպետք է գերազանցեր մյուսին, իհարկե, կենտրոնում թողնելով Մայր աթոռը»,- ասում է ճարտարապետը` ավելացնելով, որ մտահղացումը ստացվեց և այսօր Էջմիածնի մատենադարանը տարածքի հետ ոչ միայն համահունչ է, այլև կառույցները փոխլրացնում են միմյանց:

Matenadaran-shenk8

Matenadaran-shenk

Կարդացեք նաև

Matenadaran-shenk6

Matenadaran-shen43

Մատենադարանը, որը կառուցվել է Լոնդոնում բնակվող հայազգի բարերաներ Վաչե և Թամար Մանուկյանների օժանդակությամբ և կրում է նրանց անունը, ներառում է ազգային ճարտարապետության բազմաթիվ տարրեր` կամարներ, գմբեթներ, զարդանախշեր, որոնց տրվել են նորարարական լուծումներ: Ճարտարապետն առանձնացնում է հատկապես շենքի ճակատի հատվածը. զարդանախշերը բացված գրքի, մագաղաթի էջերի տպավորություն են թողնում: Երկհարկանի Մատենադարանի բացումը երկու տարի առաջ է տեղի ունեցել: Շենքում պետք է գործեն ժամանակակից գրադարան, հին ձեռագրատուն, հանդիսությունների սրահ, գրապահոց, մատենագիտական աշխատանքների համար նախատեսված սենյակներ և ցուցասրահներ: Առայժմ գործում է միայն ընթերցասրահը: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, նոր աշխատակիցների ընդունմամբ կսկսի գործել նաև ցուցասրահը, հանդիսությունների սրահն ու գրապահոցը:

Matenadaran-shenk5

Matenadaran-shenk3

Matenadaran-shenk2

Ինչպես հավաստիացնում են Մատենադարանի աշխատակիցները, չնայած կարճ ժամանակահատվածին` Մատենադարանն ընկալվել ու սիրվել է: Այցելում են ոչ միայն հոգևորականները կամ ճեմարանի ուսանողները, այլև դպրոցականները, ուսանողները, երիտասարդ գիտնականները:  Այժմ Մատենադարանի պահոցում ավելի քան 50.000 կտոր գրականություն կա. դրանք ոչ միայն կրոնական, այլև հայագիտական բովանդակություն ունեն:

Խորհրդային տարիներին  Մայր աթոռը կարողացավ մեծ դժվարությամբ պահպանել ավելի քան երեք հազար ձեռագրեր, բացառիկ գրքեր ու թարգմանություններ: Տասնամյակներ շարունակ դրանք պահվել են Գևորգյան ճեմասրահի գրադարանում, Վեհարանի գրադարանոմ, գանձատանը գործող գրադարանում և ձեռագրատանը: Ցավոք, տարիներ շարունակ Մայր աթոռի հսկայական գրադարանից օգտվելու հնարավորություն չկար, մինչդեռ հիմա գրադարանն իր դռներն է բացել հասարակության առաջ:

Մատենադարանում է պահվում նաև Գրիգոր Տաթևացու ավետարանը: Ցուցասրահի բացումից հետո այն իր ուրույն տեղը կունենա դահլիճում:

Նշենք, որ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնարկեքը կատարվել է 2009 թվականին, բացումը՝ 2011թ.: Մատենադարանը նախատեսված է ընթերցասրահների, հանդիսասրահների, ցուցասրահի, ինչպես նաև աշխատասենյակների համար: Մատենադարանի շենքը եզրափակվում է Բաց խորանով և Գրիգոր Լուսավորչի կամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս