Բաժիններ՝

Տարոնիկում արդեն երկու տարի է` բնակիչները ջուրը կրում են դույլերով

Արդեն երկու տարի է` հարցին, թե` «ո՞րն է Տարոնիկի ամենալուրջ խնդիրը», բնակիչները միաբերան հայտարարում են՝ գյուղում խմելու ջուր չկա: «Արդեն 2 տարի է՝ բղավում ենք այդ մասին, բայց մեզ լսող չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասում են գյուղացիներն ու հիշում, որ մի քանի անգամ այցելել են Արմավիրի մարզպետարան և հանդիպում պահանջել մարզպետի հետ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ վերջին հանդիպումը նախորդ տարի սեպտեմբերին էր: Գրեթե մեկ տարի է անցել այդ հանդիպումից, սակայն գյուղում  ոչինչ չի փոխվել, բացառությամբ՝ մի քանի մետր երկարությամբ  խողովակաշարի, որը սկսվում է գյուղի  միշտ ցամաքած ջրամբարից ու ավարտվում օդում:

Ջրամբարը կառուցվել է 2011 թվականին: Կառավարությունից խոստացել էին, որ մեկ տարի անց այն  պետք է ապահովեր գյուղի ջրամատակակարումը: 2013 թվականն արդեն կիսվում է, մինչդեռ ամբարը շարունակում է մնալ չոր: Տարոնիկում ջուր չի գտնվում անգամ ամբարը փորձարկելու համար ու գյուղացիներն, իրենց խոսքով՝ մնացել են «շվարած»:

Տարոնիկում ջուր կրելու 2 տեղ կա. մեկը՝ գյուղապետարանի դիմացի աղբյուրն է, մյուսն էլ գյուղից դուրս է՝ 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնահոս հորը հետաքրքրական անուն ունի՝ Վանուշի հոր, իսկ թե ինչո՞ւ Վանուշի, գյուղացիները դժվարանում են պատասխանել, սակայն նշում են, որ  հայտնի  ինքնահոս հոր հնարավոր է հասնել միայն ավտոմեքենայով: Այս հարցում գյուղացիները միմյանց օգնում են: Մեքենա ունեցողները, նախ իրենց թաղերում են շրջում, հավաքում են ջրի տարաններն ու շշերը, որպեսզի հարևաններին օգնեն ջրի հարցում:

Հրայր Սարգսյանը հատկապես օգնում է այն հարևաններին, որտեղ ընտանիքի տղամարդիկ գնացել են խոպան: «Շատ ընտանիքներ կան, որտեղ տան ամուսինն ու որդին գնացել են Ռուսաստան աշխատելու: Տունը կամ կանայք են, կամ ծերեր: Կինը մեղք չի՞ էդքան ջուր կրի: Մենք տղամարդիկս՝ երկու անգամ ջուր ենք կրում, արդեն շունչներս փչում է, բա կին արմա՞տը մեղք չի՞, առողջություններն էլ են քայքայում, նյարդերն էլ: Դրա համար, երբ իջնում եմ հորի մոտ ջուր բերելու, հարևանների համար էլ եմ բերում»,- ասում է Հրայրն ու ավելացնում, որ ջուրը խնայողությամբ են օգտագործում, ամեն գրամը հաշվարկված է:

Կարդացեք նաև

«Դե պատկերացրեք, լվացքի համար ջուր է պետք, մաքրության, խմելու, ճաշ եփելու, լողանալու… Մարդիկ ինչքա՞ն կրեն, որ կարողանան տունը ապահովել ջրով»,- բարկանում է Հրայրն ու հավելում, որ էլ ոչ մեկի խոստմանը չի հավատում: «Հազար անգամ խոստում են տվել, բայց վիճակը նույն է: Կրիայի պես են աշխատում՝ կիսատ-պռատ: Չեն ասում, ա՛յ մարդ, բա էս ժողովուրդը ո՞նց է ապրելու: Որ մի օր գազի կամ լույսի փողն ուշ ենք վճարում, գալիս են, մատ են թափ տալիս ու ասում են՝ կանջատենք, բա ինչի՞ չեն ասում, թե մեզ երբ ջուր կտան: Մենք ո՞ւմ վրա մատ թափ տանք»,-ասում է նա:

Թեպետ բնակիչները գյուղապետին բազմիցս դիմել են, սակայն որևէ փոփոխություն այդպես էլ չի եղել: Նոր փոփոխությունների ակնկալիքով այժմ գյուղացիները սպասում են սեպտեմբերի 15-ին. այդ օրը համայնքում նշանակվել է գյուղապետի արտահերթ ընտրություն: Թեկնածուների առաջադրումը կսկսվի օգոստոսի 21-ին և կտևի մինչև օգոստոսի 25-ը:

Դեռևս հայտնի չէ, թե ովքե՞ր են առաջադրվելու, սակայն գյուղացիների մեծամասնությունը հավաստիացնում է, որ իր ձայնը կտա այն թեկնածուին, ով ոչ միայն խստումներ կտա, այլև ծրագրեր կներկայացնի գյուղում ջրի հարցը լուծելու համար: Մնացած հատվածն արդեն ընտրությանն էլ չի հավատում: «Եթե անող էին՝ մինչև հիմա կանեին, ամեն տարի, մի քանի սանտիմետրով խողովակ են առաջ տանում և մեզ ասում՝ դիմացեք, կանենք, բայց էլ դիմանալու տեղ չկա»,-ասում են բնակիչները:

Հիշեցնենք, որ ՀՀ  կառավարությունը նախորդ ամիս որոշում էր կայացրել վաղաժամկետ դադարեցնել Տարոնիկի գյուղապետ Ալբերտ Խաչատրյանի լիազորությունները՝ սեփական դիմումի համաձայն: Խաչատրյանը գյուղապետի պաշտոնում վերընտրվել էր 2011-ին, ՀՀԿ անդամ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս