Բաժիններ՝

Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ էլ մեկնարկել է իր մերձավորարևելյան հերթական շրջագայությունը պաղեստինաիսրայելական հակամարտության հարցով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Էր Ռիադում Բլինքենը կհանդիպի Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև արաբական հինգ երկրների՝ Կատարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի իր գործընկերների հետ՝ քննարկելու պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում կառավարումն իրագործելու հարցը։

Կքննարկվի նաև պաղեստինյան անկլավի վերակառուցման հարցը՝ եվրոպական երկրների հետ համագործակցությամբ։

Բլինքենը նաև Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ կքննարկի թագավորության և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը։ Ըստ Reuters-ի՝ այդ գործարքի շրջանակներում Վաշինգտոնն Էր Ռիադի հետ համաձայնագրեր է կնքում երկկողմ պաշտպանության և անվտանգության հարցերի, ինչպես նաև միջուկային համագործակցության վերաբերյալ։

Էր Ռիադից Բլինքենը կմեկնի Հորդանան և Իսրայել։ Ըստ գործակալության՝ Էնթոնի Բլինքենն Իսրայել վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա ճնշում կգործադրի, որպեսզի վերջինս կոնկրետ և շոշափելի քայլեր ձեռնարկի Գազայի հատվածում ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար վիճակը կարգավորելու ուղղությամբ։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 130 պատանդ։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 34 300 պաղեստինցի է զոհվել, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս