Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան
Զուր մի փորձեք հոգևորականներին, իբր, կաշկանդելու անմիտ նպատակով նսեմացնել զրպարտանքով, անթույլատրելի վիրավորանքով ու այլ էժանագին զեղծարարությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեծ բարեբախտություն եմ ունեցել տևական ժամանակ Մայր Աթոռում լինել հասարակական հիմունքներով իրավախորհրատու, հատկապես՝ աջակցել եմ կանոնադրական փաստաթղթերի լրամշակման պատասխանատու գործին, իսկ վերջին տարիներին Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամ եմ։ Այդ ողջ ընթացքում ոչ միայն փորձել եմ ծառայել իմ մասնագիտական կարողություններով, այլև սովորել հիրավի բարձր մտավոր ունակություններով օժտված հոգևորականներից։
Այդ անհատները ոչ միայն պարզապես համակողմանի զարգացած են, ունեն խորաթափանց ու ստեղծագործական միտք, այլև անօրինակ համբերատար են, հանդուրժող, անասելի պատասխանատու սեփական խոսքի ու գործի հանդեպ և որպես առաջնահերթ զենք են դիտում Աստծո ողորմությունը։ Զուր մի փորձեք իրենց իբր կաշկանդելու անմիտ նպատակով նսեմացնել զրպարտանքով, անթույլատրելի վիրավորանքով ու այլ էժանագին զեղծարարությամբ, ձեզ հատկացված հզոր ու ժամանակակից տեխնոլոգիաներին մի խաբնվեք։
Միևնույն է, իրենք ձեզ ևս դիտում են որպես սոսկ հոգևոր խնամքի կարիք ունեցող զավակների և կշարունակեն այդպես դիտել, ինչը բնավ չի նշանակում, որ ձեռնպահ կմնան իրենց հոտի անվտանգությունը իրավաչափ պաշտպանելու սրբազան պարտքից։
Մի մոռացեք՝ Հայ Եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին, ինչը չի էլ թաքցնում։
Աստված զորավիգ Հայ Եկեղեցուն»: