Ղազախստանը միջնորդ չի լինի Ալմաթիում Միրզոյանի և Բայրամովի բանակցություններում. ԱԳՆ

Ղազախստանի իշխանությունները որպես միջնորդ հանդես չեն գալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովը հանդիպելու են Ալմաթիում։ Օրը դեռ հայտնի չէ։

«Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Կցանկանայի նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա, մենք միայն բարի կամքի ծառայություններ ենք մատուցում` այսպես կոչված Good offices»,-ասել է Սմադիյարովը։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած այցերի ընթացքում կարևորել է այդ երկրների միջև տևական խաղաղության հաստատումը:

Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց նաև, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։

Հիշեցնենք` Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

Տեսանյութեր

Լրահոս