Եթե Փաշինյանի խմբակը գոնե 0.1 տոկոսանոց հույս ներշնչեր, պարոնայք նախարարներ Արա Այվազյանը, Ղալեչյանը կմնային ու ԱԳ նախարարությունում կաշխատեին. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց, որ հանրությունն օգտագործում է ՀՀ իշխանություններ արտահայտությունը, որն իրականում գոյություն չունի, այլ կա կոլաբորացիոնիստական ռեժիմ։
«Սա վիրավորանք չէ, սա փաստ է: Նիկոլ Փաշինյանի խմբակը տարիներ շարունակ իրականացնում է համագործակցության քաղաքականություն ադրբեջանա-թուրքական ուժերի հետ, որովհետև Երրորդ Հանրապետության հիմքը նախևառաջ արցախյան շարժումն է։ Եթե Նիկոլ Փաշինյանի խմբակը գոնե 0.1 տոկոսանոց հույս ներշնչեր, պարոնայք նախարարներ Արա Այվազյանը, Ղալեչյանը կմնային ու ԱԳ նախարարությունում կաշխատեին։ Այս մարդիկ իրենց ելույթում էլ ասացին, թե ինչու թողեցին ու դուրս եկան։ Ուրիշների նման կմնային, իրենք էլ տաքուկ անկյուններում կաշխատեին, նորմալ «պադավատը» կքշեին, կասեին՝ ամեն ինչ նորմալ է, տուն էլ կգնային ու կասեին՝ կնիկ ջան, տեսա՞ր՝ ինչ լավ պրեմիա ենք ստացել»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև ընդգծեց՝ այսօր, դժբախտաբար, միջազգային հանրությունը նախևառաջ աշխատում է իշխանությունների հետ, հետևաբար՝ այսօր թիվ մեկ խնդիրը պետք է լինի ազգակործան իշխանությունների հեռացումը։
Խոսելով Արցախի խնդրից, Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ այդ խնդրի մասին մշտապես խոսելն անհրաժեշտություն է, որովհետև այդ խնդիրը կա, որքան էլ այսօրվա իշխանությունը փորձի մարդկանց ուղեղները լվանալ, թե Արցախի խնդիր չկա, Արցախի խնդիր կա, սպառված չէ։
«Հայկական հարցը սպառված չէ, իսկ ադրբեջանցիների համար չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայկական հարցի արցախյան, այսօր՝ տավուշյան դրսևորում, վաղը՝ արցախյան հարցի միջազգային դրսևորում, մյուս օրն էլ կլինի արցախյան հարցի «Էրիվանյան» դրսևորում։ Հետևաբար՝ մենք իրերն իրենց անուններով պետք է կոչենք։
Այո, Արցախի խնդիրը կա, Արցախի ժողովրդի իրավունքների մասին պետք է խոսել, որովհետև, եթե մենք փակեցինք Արցախի էջը, ապա փակված է լինելու ՀՀ էջը։ Բոլորս էլ գիտենք, թե մինչև 2018 թվականն Արցախի հարցում ինչպես ենք աշխատել, մինչև 2018 թվականը երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի ընդդիմություն և իշխանություն։ Մենք բոլորս ունեցել ենք մեկ իրավունք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում