Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
Ղազախստանը միջնորդ չի հանդիսանա Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև սպասվող բանակցություններում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովի խոսքերը։
«Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում։ Այժմ մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև»,- հայտարարել է ԱԳ ներկայացուցիչը և նշել, որ խոսքը ոչ թե Աստանայի միջնորդության, այլ Ղազախստանի կողմից բարի կամքի ծառայությունների տրամադրման մասին է»,-ասել է նա։
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։
Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։