Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը ժամանակին դոկտորական է պաշտպանել հայերին առնչվող թեմայով
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ցամաքային զորքերի նորանշանակ հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Հայաստանի գծով «փորձագետ» է: Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի արդյունքներով անակնկալ կերպ ցամաքային զորքերի հրամանատար նշանակված Հուլուսի Աքարը ունի «Դոկտորի» գիտական աստիճան:
Նշվում է, որ երբ Աքարը գեներալ-մայոր էր, նա Բողազիչիի հալամսարանի Աթաթուրքի սկզբունքների ու հեղափոխության պատմության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հարբորդի ռազմական առաքելությունը Հայաստանում. Ամերիկյան մի պատվիրակության պատմություն և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» թեմայով:
Նշվում է, որ քեմալական շարժման ժամանակ գեներալ Հարբորդի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը հետազոտություններ է անցկացրել Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում (Հարբորդի հետ հանդիպման ժամանակ Քեմալ Աթաթուրքը հայտարարել է, որ այս հողերում սպանվել է 800.000 հայ և 200.000 հույն – 168.am): Աքարն ուսումնասիրել է ԱՄՆ-ում Հայկական լոբբիի ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո նա դասավանդել է Ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում: Թուրքական մամուլն ընդգծում է, որ Հուլուսի Աքարը 2015 թվականին դառնալու է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով Նեջդեթ Օզելին: