Թուրքիայում փոխվել են հիմնական զորատեսակների հրամանատարները
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Անկարայում ավարտվել է օգոստոսի 1-ին մեկնարկած Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) նիստը, որի արդյունքներով փոփոխության է ենթարկվել զինվորական վերնախավը: Նիստը նախագահել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Որոշվել է, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն իր պաշտոնում մնալու է մինչև 2015 թվականը: Ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, որին համարում են Օզելի հնարավոր փոխարինողը:
Հուլուսի Աքարը ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում փոխարինել է բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուին: Ռազմածովային ուժերի հրամանատար է նշանակվել փոխծովակալ Ռեջեփ Բյուլենթ Բոսթանօղլուն՝ տվյալ պաշտոնում փոխարինելով բանակի ծովակալ (հատուկ չին թուրքական նավատորմում) Մուրաթ Բիլգելին:
Ռազմաօդային ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Աքըն Օզթյուրքը՝ փոխարինելով բանակի գեներալ Մեհմեթ Էրթենին: YAŞ-ի նիստում կայացվել է նաև անակնկալ որոշում: Խոսքը Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալյոնջուի հրաժարականի մասին է:
Քալյոնջուն համարվում էր ցամաքային զորքերի հրամանատար նշանակվելու գլխավոր թեկնածուն, սակայն նշվում է, որ նա քննադատել է «Քրդական հարցի» խաղաղ կարգավորումը: Ժանդարմերիայի նոր հրամանատար է դարձել բանակի գեներալ Սերվեթ Յորուքը:
Բարձրացվել են 34 գեներալի ու ծովակալի կոչումները, 50 գնդապետ դարձել է գեներալ: Կադրային փոփոխությունները կապված են ինչպես «Քրդական հարցի», այնպես էլ թուրք-սիրիական սահմանին ստեղծված իրավիճակի հետ: Բացի այդ, դրանք տեղի ունեցան «Էրգենեքոնի» գործով վերջնական դատավճռի հրապարակման շեմին, որում ներգրավված է մոտ 300 մարդ:
Թուրքիայում YAŞ-ի նիստն ավանդաբար անցկացվում է երկու տարին մեկ անգամ: