Հասմիկ Պապյան. «Տանել չեմ կարողանում անիրավությունը, հատկապես, երբ անզոր եմ որևէ բան փոխել» (լուսանկարներ)

168.am-ի զրուցակիցն է օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանը, ով կատարումներով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Հասմիկ Պապյանը մեր ժամանակների և աշխարհի լավագույն սոպրանոների շարքին է դասվում:

Հիշեցնենք, որ Հասմիկ Պապյանը Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ` որպես մեներգչուհի: Այդ ժամանակից ի վեր ելույթներ է ունեցել բազմաթիվ թատրոններում,  աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերա և «Կարնեգի Հոլլ», Սան Ֆրանցիսկոյի օպերա, Վաշինգթոնի Ազգային օպերա, Միլանի «Լա Սկալա», Փարիզի «Բաստիլ» օպերա, Բարսելոնի «Լիսեու» մեծ թատրոն, Մադրիդի թագավորական թատրոն, Լոնդոնի «Վիգմոր Հոլլ», Վիեննայի պետական օպերա, Ամստերդամի «Նիդեռլանդական» օպերա, Ցյուրիխի օպերա, Սանկտ Պետերբուրգի «Մարինինյան» թատրոն, ինչպես նաև Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաներ: Երգում է Մոցարտի, Ռոսսինիի, Հալևիի, Բիզեի, Պուչինիի, Չայկովսկու, Վագների, Վերդիի ստեղծագործություններից: Մասնակցել է բազմաթիվ աշխարհահռչակ օպերային փառատոների: Իր մենահամերգների ժամանակ ակտիվորեն ներկայացրել է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը` Կոմիտաս, Չուխաճյան, Տիգրանյան, Տերտերյան, Մանսուրյան և այլն: 2004թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 2005թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով` որպես «Ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»: 2006թ. թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով` այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ:

Հուլիսի 25-ին Վագների և Վերդիի ծննդյան 200-ամյակի առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հասմիկ Պապյանի մենահամերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, որը ղեկավարում էր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Hasmik Papyan (17)

Կարդացեք նաև

– Ձեր նախորդ այցի ժամանակ նշեցիք, որ Երևանում ելույթ ունենալը շատ դժվար է, հանդիսատեսը պահանջկոտ է: Ի՞նչ զգացմունքներ, գուցե վախեր կային այս անգամ, երբ հանդես եկաք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

– Միշտ էլ դժվարությամբ է ստացվում մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալը: Հայ հանդիսատեսը շատ խստապահանջ է հատկապես Հայաստանից դուրս հաջողության հասած հայ  արվեստագետների նկատմամբ: Պետք է` կրկնակի ապացուցես քո տաղանդը, այն, թե ինչի՞ ես դու արժանի: Անսպասելիորեն շատ ջերմ ընդունեց ինձ հանդիսատեսը:

– Ի՞նչ սպասումներ ունեիք հանդիսատեսից:

– Ես հանդիսատեսից, նախևառաջ, երաժշտության ճիշտ ընկալում էի սպասում: Հայ արվեստասեր հասարակության ծարավը հագեցնելու մեծ  ցանկություն ունեի, քանի որ հայտնի է, որ Վագներ այստեղ հաճախ չի հնչում: Իմ սպասելիքները գերազանցեցին… այդքան ջերմ ընդունելություն, լեփ-լեցուն դահլիճ և այդքա˜ն ջերմ ծափահարություններ:

Երգել եք գրեթե բոլոր մեծ բեմերում, շուրջ 45 դերերգեր, հատկապես ո՞ր բեմում է Հասմիկ Պապյանի ձայնը թևեր առնում:

– Վիեննայում: Ի դեպ, Վիեննայի հանդիսատեսը նույնպես խստապահանջ է, կարելի է ասել` «շփացած» են, քանի որ  հիանալի ելույթներ լսելու շատ առիթներ ունեն: Տարվա մեջ 330 օր ներկայացում կա այնտեղ, և մշտապես հանրաճանաչ աստղեր են ելույթ ունենում` Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Հանդիսատեսը խստապահանջ է, բայց միառժամանակ շատ ջերմ է: Եղել է դեպք, երբ 40 րոպե շարունակ դահլիճը ծափահարել է:

Hasmik Papyan (12)

– «Ամբողջական նկարագրի հայուհի»,- այսպես է ձեզ բնորոշել անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանը:  Ի՞նչպես եք ընկալում այս խոսքերը, և ինչպիսի՞ն է ձեզ համար ամբողջական նկարագրի հայուհին:

– Սա ինձ չափազանց շոյում է: Ես ոչ թե ձգտել եմ արժանանալ այդ գնահատականին, այլ փորձել եմ պահել իմ հայությունը, երբեք չհրաժարվել և հնարավորության դեպքում նույնիսկ լրացնել այն: Ամենամեծ հարստությունն է ինձ համար հայ լինելը: Իսկ երբ դա նկատելի է նաև այնպիսի կնոջ կողմից, ինչպիսին Արաքսի Սարյանն է,  ինձ համար բազմակի ուրախություն է: Հայուհին պետք է լինի համբերատար, համեստ, պետք է իր ավանդույթների  և պատմության կրողը լինի, խոսի գեղեցիկ հայերենով և ընտանիքին նվիրված լինի:

– Ավելի քան 150 անգամ աշխարհի տարբեր բեմերից մարդիկ հնարավորություն են ունեցել լսելու «բոլոր ժամանակների լավագույն Նորմաներից» մեկին: Ինչո՞վ է առանձնանում այս դերերգը ձեզ համար:

– Առհասարակ այս դերերգը շատ դժվար է սկսել և ավարտին հասցնել: Շատ մեծ կենտրոնացում է այն պահանջում, ձայնի ոչ մի ելևէջ չես կարող բաց թողնել: Շատ երկար է օպերան, և Նորմայի դերակատարը գրեթե անդադար պետք է երգի, իսկ դա շատ բարդ է: Նորմա կատարելու համար պետք է  3 տեսակի ձայն ունենալ` լիրիկական, դրամատիկ և կոլորատուրային: Ամենամեծ երջանկությունն է, երբ հնարավորություն ունես բեմից հնչեցնելու Նորմայի երգը: Այն մեծ ընդունելություն է գտնում, քանի որ մշտապես արդիական կերպար է Նորման: 2500 տարի առաջ ապրող քրմուհին հեշտությամբ կարող էր լինել նաև մեր օրերի քաղաքական գործիչը, վճռական կինը: Նա լքված, դավաճանված կին էր: Այս թեման մշտապես արդիական է:

Hasmik Papyan (3)

– Կա՞ն նմանություններ Նորմայի և Հասմիկ Պապյանի միջև:

– Բարեբախտաբար քաղաքականության հետ ես ոչ մի կապ չունեմ (ծիծաղում է.- Ն.Ղ.): Ես միայն բեմում եմ որոշումներ կայացնում: Իհարկե, դա էլ իր դժվարություններն ունի, մեծ պատասխանատվություն է պահանջում: Պահեր են եղել, երբ վերջին վայրկյանին մտածել եմ, թե ինչ լավ կլիներ` տուն գնայի, բայց  գիտակցել եմ ամբողջ պատասխանատվությունը: Ես երգել եմ բոլոր իրավիճակներում` ջերմությունով, առանց փորձի, անմիջապես թռիչքից հետո: Բայց իմ կյանքում չեն եղել  բոլոր այն հիասթափությունները, դժբախտությունները, որ եղել են Նորմայի կյանքում: Մենք ևս մեկ ընդհանուր գիծ ունենք. երկուսս էլ ուժեղ կանայք ենք:

– Ասում են` ուժեղ կանանց թուլությունները հաճախ ավելի արտահայտիչ են լինում…

– Այո, ես ուժեղ եմ, բայց ինձ թույլ եմ զգում` տեսնելով  մարդկային դժբախտ ճակատագրերը: Ես տանել չեմ կարողանում անիրավությունը, հատկապես երբ անզոր եմ որևէ բան փոխել: Զգացմունքային եմ…

Աիդա, Նորմա, Լեդի Մակբեթ, Լեոնորա («Ճակատագրի ուժը»), Տոսկա, Դոննա Աննա… այս կերպարներից ո՞րն է առավել հոգեհարազատ Ձեզ:

– Բոլորն են հոգեհարազատ: Առանց նրանց սիրելու, նրանց քո մասնիկը դարձնելու՝ անհնար է հավաստի ներկայացնել նրանց: Նրանք բոլորն էլ  յուրօրինակ են ինձ համար, բոլորն էլ սիրելի են: Այս պահին իմ ամենասիրելի դերերգը Իզոլդան է:

– Դեռ շատ վաղուց ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ձեզ համար երազանք է բեմից կատարել  Իզոլդայի դերերգը:

Hasmik Papyan (19)

– Այո, մեծ բավարարություն բերեց այն իմ հոգուն: 5 և կես ժամ անդադար երգելը բեմում մեծ ջանքեր է պահանջում: Դժվարություն է նաև այն, որ երգի բառերը գրված են հին գերմաներենով, որն այսօր գործածական չէ: Ես փայլուն տիրապետում եմ գերմաներենին, բայց այդ լեզուն սովորելը մեծ ջանքեր պահանջեց ինձնից: Մեկ տարի պատրաստվել եմ այդ կերպարը կերտելու համար: Բայց այնքա˜ն մեծ փիլիսոփայություն է կրում իր մեջ, այնքա˜ն հանճարեղ է այդ երաժշտությունը… Խոսքեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ: Դրանից հետո կյանքը շատ դյուրին է դառնում, վերանում ես աշխարհիկ խնդիրներից: Այն փոխեց ինձ` որպես կին, քաղաքացի, մարդ: Եվ անչափ երջանիկ եմ, որ հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունեցավ ունկնդրելու այդ ոչ աշխարհիկ երաժշտությունը: Դահլիճի ջերմությունը հաստատեց, որ մեր հասարակությունը նույնպես ունի այդպիսի երաժշտության կարիք:

– Աշխատանքային գերծանրաբեռնվածությունը ժամանակ թողնո՞ւմ է անձնական կյանքի համար:

– Այստեղ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը (ծիծաղում է,- Ն.Ղ.): Մենք ազատ ենք թողնում միմյանց: Ես ունեմ իմ աշխատանքը, ամուսինս ունի իրենը: Բայց,  անկասկած, ժամանակ ենք տրամադրում նաև միմյանց: Անհնար կլիներ առանց փոխադարձ խորհուրդների, զրույցների:

Hasmik Papyan (2)

– Իսկ Սրանույշին հասցնո՞ւմ եք ժամանակ տրամադրել:

– Սիրանույշին շատ քիչ եմ ժամանակ տրամադրել, բայց միշտ ներկա եմ եղել իր կյանքում: Ֆիզիկապես բացակայել եմ, իր կողքին չեմ եղել, բայց իմ ներկայությունը զգացվել է: Շատ կարևոր է, երբ երեխադ գիտակցում է գործիդ կարևորությունը, քո բացակայության պատճառը:

– Շատերին զարմացնում է այն փաստը, որ լինելով գերմանացի` ձեր ամուսինը հիանալի տիրապետում է հայերենին: Ձեր աշխատանքի՞ արդյունքն է,թե՞…

– Ոչ, դա իր ցանկությունն էր: Նա առհասարակ մեծ սեր ունի լեզուների հանդեպ, 7 լեզուների է տիրապետում: Սովորեց, որպեսզի ավելի  լավ հասկանա ինձ, մեր մշակույթը: Ինչպես ինքն է ասում` դա իմ սրտի լեզուն է: Շատ ուրախ եմ, որ այժմ մեր ընտանիքի լեզուն հայերենն է, բայց մեծ սխրագործություն դա չեմ համարում, որովհետև մեր լեզուն այնքան գեղեցիկ է,  որ ինչո՞ւ ոչ:

– Առհասարակ ի՞նչն է ոգևորում ձեզ հայ իրականության մեջ:

– Երիտասարդությունը: Մենք հրաշալի երիտասարդություն ունենք: Վերջին իրադարձությանը մենք ներկա եղանք, երբ երիտասարդները պայքարեցին իրենց իրավունքի համար և հասան արդյունքի: Օրինակները շատ են` Մաշտոցի պուրակը, Թեղուտը… Նրանք են մեր երկրի վաղվա տերերը:

– Լիակատար երջանկության համար ի՞նչ է պակասում Հասմիկ Պապյանին:

– Կողքիններիս երջանկությունը: Եթե չլինեն հիվանդ, դժբախտ մարդիկ, չլինեն արհավիրքներ, տարերային աղետներ, պատերազմներ, եթե ինձ շրջապատեն հաջողակ, ուրախ, առողջ, երջանիկ մարդիկ, իմ երջանկությունը կհազարապատկվի:

Հարցազրույցը՝ Նելլի Ղարիբյանի
Լուսանկարները՝ Զավեն Խաչիկյանի և  ML Briave-ի

 

Տեսանյութեր

Լրահոս