
ՊՆ. Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակած կրակոցից ձախ բազկային հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը:
Անհապաղ բուժօգնություն ցույց տալու նպատակով մարտական հենակետ է մեկնել շտապ օգնության անձնակազմ, որի ուղղությամբ հակառակորդի մարտական հենակետից արձակվել են կրակոցներ, որոնք դիպել են շտապ օգնության ավտոմեքենայի թափքին:
Օգոստոսի 5-ին, ժամը 23:00-ի սահմաններում նույն մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակած կրակոցից՝ ձախ ազդրի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել զորամասի մեկ այլ զինծառայող, որին վտանգավոր գոտուց տեղափոխելու ընթացքում հակառակորդի մարտական հենակետից կրակ է արձակվել զորամասի մարդատար ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում զինծառայողը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:
Նշված երկու դեպքերով էլ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:
Զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում: