Բաժիններ՝

Երևանում մատչելի բնակարանների պահանջարկ կա. «Էլիտ Գրուպի» նախագահ

«Նոր բնակարանների պահանջարկ կա, ուղղակի գներն են բարձր: Գնային ցածր նիշայի համար առաջարկներ չկան: Ընդհանրապես, առաջարկներն էլ են քչացել: Թվում է, թե անշարժ գույքը վերջացավ, բայց չի վերջացել, պահանջարկը միշտ կա»,- 168.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Էլիտ Գրուպ» շինարարական ընկերության նախագահ Արմեն Մկոյանը:

Նա տեղեկացրեց, որ ընկերությունը նոր ծրագիր է սկսում՝ մատչելի բնակարանների շինարարություն, որի պահանջարկը Երևանում առկա է: Մարզերում ընկերությունը բնակարանաշինության ծրագրեր դեռ չի իրականացնելու, փոխարենը՝ հյուրանոցային ծրագրեր են իրականացնում Աղվերանում և Ջերմուկում:

Ըստ Ա. Մկոյանի՝ մատչելի բնակարանաշինությունը բավականին հետաքրքրություն կառաջացնի շուկայում. «Պետք է բարելավել հին ֆոնդը, ժամանակն անցնում է, այս տարի բավականին շատ շենքեր 3-րդ կարգի վթարայինից կդառնան 4-րդ կարգի վթարային, այսինքն՝ շահագործման ենթակա չեն լինի: Բնական է, որ գնային էժան նիշայում պահանջարկը բավականին մեծ է: Կա պահանջարկ նաև բարձր նիշայում՝ բացառիկ, լավ տեղերում: Միջին կարգն է մի քիչ տուժել ճգնաժամից, բայց հուսով ենք, որ աշնանն աշխուժացում կլինի: Գների դանդաղ բարձրացում նկատվում է, նաև շինանյութի գինն է բարձրանում, և, հուսով ենք, աշխուժություն կլինի»:

Ա. Մկոյանի կարծիքով՝ ամբողջությամբ վերանորոգված, խոհանոցի կահույքը տեղադրված բնակարանի համար ցածր գինը 1քմ-ի համար 950 դոլարն է: Օրինակ՝ մայրաքաղաքի ծայրամասերում հին բնակֆոնդը, որ պետք է քանդվի ու նորից կառուցվի, 1 քմ-ն 700 դոլարից պակաս չարժե:

Ծրագիրը երկարաժամկետ է, նախատեսվում է Զեյթունում, Ալմաստ գործարանի դիմաց կառուցել մեծ համալիր՝ բաղկացած 7 շենքերից: Ծրագիրն իրականացվելու է փուլերով՝ 5 տարում:

Ա. Մկոյանը բնական համարեց վերջին տարիներին շինարարության անկումը՝ նշելով, որ ճգնաժամի ժամանակ առաջինը շինարարության ոլորտն է անկում ապրում. «Այդպես էլ պետք է լինի: Բայց ամեն երևույթ ցիկլային է, և բնական է, որ աճը սկսվելու է: Տնտեսական աշխուժությունը հո չմեռա՞վ: Բանկեր, ամբողջ երկրներ են սնանկանում, բնական է, որ շինարարական ընկերությունները նույնպես կսնանկանան»:

Հարցին՝ արտագաղթն ազդո՞ւմ է ոլորտի վրա, Ա. Մկոյանը պատասխանեց՝ իհարկե ազդում է, բայց ներգաղթ էլ կա: Օրինակ՝ սիրիահայերի ներգաղթը մի քիչ աշխուժություն մտցրեց շուկայում, բայց հիմնական աշխուժությունը պայմանավորված է Ռուսաստանի հայերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս