Բաժիններ՝

«Հիանալի կլինի, եթե ամեն հայ իր մասնագիտության, իր աշխատանքի մեջ կարողանա Հայաստանին որևէ ձևով նպաստ բերել»

Մեզ հետ զրույցում ասում է Երվանդ Զորյանը, ով աշխարհահռչակ DAC-ի` Design Automation Conference-ի մասնակիցներին և հեղինակավոր հյուրերին հայերեն մագաղաթի վրա DAC-ի նշանով նվեր է շնորհել

Synopsys Solutions Group-ի գլխավոր Ճարտարագետ Երվանդ Զորյանը գլխավորում էր այս տարի հունիսի 2-6-ը ԱՄՆ-ում տեղի ունեցող Աուսթին կոնվենցիայի կենտրոնում ընթացող 50-րդ հոբելյանական նախագծման ավտոմատացում (Design Automation Conference`DAC) համաժողովը: Երվանդ Զորյանը ստացել է իր դոկտորի աստիճանը Էլեկտրական ճարտարագիտություն մասնագիտությամբ՝ McGill համալսարանում, Մագիստրոսի կոչումը՝ Փենսիլվանիայի համալսարանի Wharton School of Business-ից, և MSCE սերտիֆիկատ` Կալիֆոռնիայի հարավային համալսարանում: Ե. Զորյանը գլխավորել է բազմաթիվ առաջատար հանձնաժողովներ, աշխարհի տարբեր ծայրերում` մեծ և փոքր համաժողովներ: Նա հմտություններ ունի ինչպես` արտադրական գործընթացում, այնպես էլ՝ ակադեմիական բնագավառում: Նա հեղինակել է 4 գիրք և գրախոսել է ավելի քան 300 հոդված: Նա ստացել է ավելի քան 30 ԱՄՆ արտոնագիր` տիրույթում թեստավորում և վերականգնում ներդնելու համար: Լավագույնը լինելու համար Ե. Զորյանն արժանացել է նաև մի շարք մրցանակների:
DAC գործադիր կոմիտեի անդամ Ե. Զորյանը եղել է վերջին 8 տարիների ընթացքում: Սակայն այս տարի Ե. Զորյանին վստահվեց 50-րդ հոբելյանական DAC համաժողովի նախագահի պաշտոնը: Նրա խոսքով` DAC համաժողովը կարևոր հենակետ է նորարարությունների ոլորտում:

– DAC -ը չիպերի նախագծման ավտոմատացման ոլորտում առանցքային միջոցառումներից է համարվում: Կպատմե՞ք՝ ինչպիսի՞ միջոցառում է այն:

– DAC-ը` Design Automation Conference-ը, առաջին անգամ 50 տարի առաջ է իրականացվել, այն ժամանակ չիպերը դեռ շատ-շատ նոր էին: Չիպերը տրանզիստորների հավաքածու են, որոնք որոշակի պատվեր են կատարում, որը ցանկանում է, որ այն իրականացնի չիպը նախագծողը: Ժամանակին, երբ առաջին չիպը ստեղծվեց, այն ընդամենը մեկ տրանզիստոր էր պարունակում իր մեջ, այնուհետև սկսեցին մի քանի տրանզիստորներ ավելացնել. սկզբում` 10, այնուհետև` 20, և այդպես շարունակ, որոնք սկսեցին որոշակի փոքր ֆունկցիաներ կատարել: Այսօր չիպն իր մեջ պարունակում է 8 մլրդ տրանզիստորներ: Այս ամենը ցույց է տալիս, որ տեխնոլոգիաների առաջացումն արագացել է: Առաջին չիպը 50-ական թվականներին ստեղծվեց, և հիմա արդեն մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ չիպն ունի այդքան շատ` 8 մլրդ տրանզիստոր: Երբ տրանզիստորները սկսեցին փոքր-ինչ շատանալ՝ տեղի ունեցավ առաջին DAC-ը, որի գործն էր՝ ստեղծել կամ ցուցադրել որոշ ծրագրային գործիքներ, որոնք կարող են հեշտացնել դիզայների` չիպ նախագծողների աշխատանքը, ովքեր և ստեղծում են այդ տրանզիստորների ֆունկցիաները: Առաջին ընկերությունները` IBM-ը և AT&T-ին, մայր ընկերություններն էին այն ժամանակ, ովքեր 50 տարի առաջ սկսեցին միմյանց հետ մտածել, թե ինչպե՞ս պետք է կարողանան 50 տրանզիստորները կողք կողքի տեղավորել` այդ ամենը մեկտեղ, և դրանք միասին կարողանան որոշակի ֆունկցիաներ կատարել:

Կարդացեք նաև

Իհարկե, տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում և այսօր արդեն հասել են նանոմետրերի: Մենք ունենք DAC-ը, որի միջոցով փորձում ենք հասկանալ չիպերի նախագծումը: Այսինքն` ինչպես, օրինակ` միլիարդավոր տրանզիստորները տեղավորել մեկ չիպի մեջ, դրանք միմյանց կապել այնպես, որպեսզի դրանք կատարեն քո ցանկացած ֆունկցիան, և միևնույն ժամանակ` այդ ամենը կատարել շատ կարճ ժամանակահատվածում:

Այսօր պետք է չիպը սարքել ընդամենը 6 ամսվա ընթացքում, սարքել` դիզայնի իմաստով: Հաճախ այդ դիզայն ասվածը շփոթում են, օրինակ, արտաքին դիզայնի հետ, ինչպես, օրինակ, հագուստի պարագայում է, իսկ չիպի պարագայում` դիզայն ասելով` նկատի ունենք նախագծումը, բովանդակությունը: Ժամանակի ընթացքում`տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, զարգացավ նաև DAC-ը: Ամեն տարի նոր DAC-ի ժամանակ ներկայացվում են նոր գործիքներ, նոր զարգացումներ, որոնց միջոցով ավելի բարդ չիպեր կարելի է նախագծել: DAC-ը չիպ նախագծողների մայր կոնֆերանսն է կամ այս բնագավառի թիվ 1 կոնֆերանսը, որին մասնակցում է ավելի քան 10 հազար մարդ: Այս տարի մենք ունեինք մասնակիցներ 65 երկրներից, նրանք բոլորը գալիս են սովորելու, իրենց ապրանքները հարմարեցնելու և տեսնելու, թե ի՞նչ նորարարություններ կան այս բնագավառում: Շատ ընկերությունների համար այս միջոցառումն ասես վերջնաժամկետն է իրենց պատրաստությունների, որպեսզի, եթե նոր ապրանք կա, որը պետք է հասցնեն, փորձում են այն ավարտել, որպեսզի ներկայացնեն DAC-ի ժամանակ:

– DAC-ի 50-րդ հոբելյանական միջոցառումն էր, խոսենք այս տարվա նորությունների և միջոցառման յուրահատկությունների մասին:

– Այս տարին հոբելյանական էր, և ես ցանկանում էի, որպեսզի այն լինի ոչ թե սովորական միջոցառում, այլ ունենա նաև որոշակի հատուկ հավելյալ ծրագրեր, որտեղ կարող էինք ներկայացնել ոչ միայն այս տարվա նորությունները, այլև տեսնել նախկին 50 տարիների անցած ճանապարհը, թե ի՞նչ է կատարվել, և նաև, թե գալիք 50 տարիներին ո՞ւր ենք գնալու, քանի որ խոշոր ընկերությունների ներկայացուցիչները պատմում էին նաև իրենց ապագա ծրագրերի մասին: Սովորական DAC-ը նախ` ունի իր ցուցահանդեսը և իր կոնֆերանսը: Կոնֆերանսների ժամանակ ներկայացվում են նորությունները, ընդհանրապես տեխնոլոգիական նոր մտահղացումները, իսկ ցուցահանդեսին` նոր արտադրանքներն են ցուցադրվում: Այս տարի թե ցուցահանդեսի, և թե կոնֆերանսի մեջ ցանկացանք հավելյալ բաներ ավելացնել: Այսպես. ցուցահանդեսի մեջ ավելացրեցինք գլոբալ ֆորումը, որը մի հարթակ էր, որտեղ էլեկտրոնային նախագծման ոլորտի ճանաչված երկրները ներկայացրեցին իրենց գործունեությունն ու ձեռքբերումները:

Yervand-Zoryan-Gayane-Markosyan.jpg

Yervand Zoryan (2)

Դրանց թվում էին ներկայացուցիչներ Հարավային Ամերիկայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ուրուգվայից, Մեքսիկայից, նույնպես ունեցանք մասնակիցներ` Չինաստանից, Թայվանից, Կորեայից, Հնդկաստանից, Իսրայելից, Ճապոնիայից, և այլն, և այլն, նախկին Սովետական Միությունից ունեինք Ռուսաստանը, Ուկրաինան և, իհարկե, նաև Հայաստանը: Այդ բոլոր թվով 37 երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին նախ` իրենց երկրում այս ոլորտի կրթությունը, այսինքն, թե ինչպես են իրականացնում կադրերի պատրաստումը, երկրորդը` թե ինչ են անում իրենց մոտ գործող ընկերությունները, այսինքն` արդյունաբերությունը, և երրորդը` այս բնագավառում նրանց ունեցած որոշակի աջակցությունը`պետական օրենքներ, և, եթե ունեն հատուկ ներդրումային ծրագրեր, ապա նաև դրանք, այսինքն` թե ի՞նչ հնարավորություններ կան իրենց երկրում: DAC-ի ամենահետաքրքրական մասերից է միջոցառման բացումը: Տեխասին բնորոշ՝ «Ամեն ինչ մեծ է Տեխասում» արտահայտությունն այստեղ ակնհայտ էր, միջոցառման կարմիր ժապավենը կտրելու մկրատը չափազանց մեծ էր, և հետաքրքրական (տես՝ նկարում): Այդտեղ ներկա էր նաև Տեխաս նահանգի մայրաքաղաք Օսթինի (Aoustin) քաղաքապետը, ով եկավ և կատարեց գլոբալ ֆորումի բացումը:

– Ինչպե՞ս ներկայացվեց Հայաստանը միջոցառման ժամանակ:

– Հայաստանը շատ կարևոր տեղ ուներ այնտեղ: Մեկն էր այն երկրներից, որը մասնակցություն ունի այս բնագավառում: Գայանե Մարկոսյանը` «Սինոփսիս Հայաստանից», ներկայացրեց Հայաստանում իրականացվող հետազոտական և չիպերի նախագծման հատվածը, իսկ Սամվել Շուքուրյանը` ակադեմիական կրթության բնագավառը: Նրանք երկուսով միասին շատ լավ ներկայացրեցին մեր երկիրը, սակայն Հայաստանի մասնակցությունը միայն դրանով չէր սահմանափակվում, Հայաստանին էր պատկանում նաև միջոցառման վայրի դիզայնը, որը ամբողջ աշխարհն էր հիշեցնում` գլոբալ երկրագունդ, իսկ շուրջը տարբեր երկրների դրոշակներ էին, և այլն:

Yervand Zoryan (3)

– Ինչպե՞ս որոշվեց, որ հենց Դուք եք ղեկավարելու DAC-ը, և երբվանի՞ց եք սկսել նախապատրաստվել միջոցառմանը:

– DAC-ը, անշուշտ, ամեն տարի ունենում է մի ղեկավար: Ընդհանրապես ղեկավարներն այնպիսի անձինք պետք է լինեն, որոնք կազմակերպչական փորձ ունեն և գոնե ոչ թե մեկ, այլ մի քանի տարի պետք է այդ միջոցառման գործադիր կոմիտեի մեջ մաս կազմած լինեն: Ես մոտ 8 տարի DAC-ի կազմակերպիչ կոմիտեի մեջ եմ եղել` տարբեր պատասխանատվություններ վերցնելով: Սրանից մոտ 3 տարի առաջ ինձ մոտեցան և ասացին, որ 50-րդ կոնֆերանսն առջևում է, և լավ կլինի, որ ես լինեմ կոնֆերանսի նախագահը: Հենց այդ պատճառով էլ 49-րդ DAC-ին ես փոխնախագահն էի, որպեսզի 50-ին էլ ղեկավարեի այն: Երկու պայման կար այդ պաշտոնը ստանձնելու համար, պետք է լինել և՛ կազմակերպող, և՛ նաև հետազոտող ու հրատարակողի փորձ ունենալ:

– Ու փաստորեն սկսեցիք կազմակերպել միջոցառումը` շեշտադրումը դնելով Հայաստանի վրա:

– Իհարկե, ռիսկի հարց էր, քանի որ Թուրքիայից էլ ներկայացուցիչ կար, սակայն ես բան չէի արել, որի համար մարդիկ կարող էին ինձ այպանել: Երկար ժամանակ մտածում էի, թե ինչ կարելի է նվիրել, և, ի վերջո, կանգ առա հայերեն լեզվով մագաղաթի վրա, իսկ մագաղաթի մեջտեղում DAC-ի նշանն էր: Այդ մագաղաթը հատուկ շրջանակով շնորհվեց միջոցառման կազմկոմիտեի անդամներին և գլխավոր խոսնակներին, որոնք տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, դրանց թվում` Samsung-ի, Synopsys-ի, Mentor Graphics-ի և այլ ընկերությունների առաջին դեմքերն էին, ովքեր ներկայացնում էին իրենց տեսլականներն առաջիկա տասնյակ տարիների համար, թե ո՞ւր է գնում էլեկտրոնային արդյունաբերությունը: Այսինքն` ուրիշներին նեղացնող որևէ բան չկար, մի բան պետք է նվիրեինք, ու նվիրեցինք մեր հայկականությունը խորհրդանշող մի նվեր, ինչը բնական է:

– Հավանաբար, այդ ամենից հետո շատերը մոտեցան ու Հայաստանի մասին հարցրեցին:

– Այո, ճիշտ այդպես էր: Հայաստանի մասին հետաքրքրություն միշտ կա, քանի որ Հայաստանի մեջ մենք լավ ընկերություններ ունենք, որոնք լավ հետազոտողներ ունեն և լավ արդյունքներ են տալիս Հայաստանից: Մարդիկ հաճախ են հետաքրքրված Հայաստանով, սակայն ինձ շատ են հարցնում, և շատերը ցանկանում են Հայաստան այցելել, քանի որ լսել են մեր բնագավառի մեջ «Սինոփսիսի» և այլ ընկերությունների մասին: Այդ հետաքրքրությունը կա, սակայն սա ևս մեկ առիթ էր նրանց համար, որ վերհիշեն, թե Հայաստանը կարևոր դեր ունի այս բնագավառի մեջ, իսկ վերհիշելն էլ` որպես արդյունք, կարող է գործնական կապերի հանգեցնել:

Անընդհատ, յուրաքանչյուր նվերը տալիս այդ հսկայական դահլիճում հնչում էր Հայաստանի անունը, իսկ դա իսկապես հիշելու բան է: Կարծում եմ` յուրաքանչյուր հայ, լինի Հայաստանում թե դրսում, որ բնագավառից էլ որ նա լինի, ինչ որ անում է, պետք է իր ենթագիտակցության մեջ մտածի, թե ինչպես կարող է դա օգնել Հայաստանին, և հայրենիքը կապել այդ ամենի հետ, և ինչպես նպաստավոր դարձնել իր արած գործը հայրենիքի համար: Այսօր կարծես թե 10 մլն հայ է հաշվվում ամբողջ աշխարհում, եթե ամեն հայ իր մասնագիտության մեջ, իր աշխատանքի մեջ կարողանա Հայաստանին նպաստ բերել ինչ-որ ձևով, դա հիանալի կլինի, իսկ սա այդ պարզ օրինակներից ընդամենը մեկն է:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս