Բաժիններ՝

Լեհաստանը երկարաձգել է սահմանային վերահսկողությունը Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին

Լեհաստանի իշխանությունները ևս վաթսուն օրով՝ մինչև հոկտեմբերի 4-ը, երկարաձգել են Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին սահմանային վերահսկողության ռեժիմը, հաղորդում է «Գերմանական ալիքը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

«Ուրբաթ օրը տրվել է համապատասխան կարգադրություն, այն նաև ուղարկվել է Եվրահանձնաժողովին՝ ի գիտություն։ Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին սահմանային վերահսկողությունը երկարաձգվել է ևս 60 օրով՝ մինչև հոկտեմբերի 4-ը», – հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին սահմանային վերահսկողության հարցերով միջգերատեսչական նիստում։

Լեհ-լիտվական սահմանի համատեքստում Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է նաև «անօրինական միգրացիայի համար արևելյան ուղին փակելու» մասին։

«Մեր արգելապատնեշի 98 տոկոսանոց անթափանցելիությունը ստիպում է բելառուսական ծառայություններին, ռուսաստանյան ծառայություններին և անօրինական միգրանտներին տեղափոխվել այլ հատվածներ», – ասել է նա։

Կերվինսկին հավելել է, որ երկու երկրների հետ սահմաններին հետագա միջոցառումների վերաբերյալ Լեհաստանի իշխանությունները որոշում կկայացնեն սեպտեմբերին, և այն կախված կլինի այն տեղեկատվությունից, որն այդ պահին կտրամադրեն սահմանապահ ծառայությունը, ոստիկանությունը և լեհական բանակը։

Լեհ-գերմանական սահմանին ընտրովի ստուգումները սկսվել են հուլիսի 7-ի կեսգիշերին 52 անցակետերում։ Նմանատիպ միջոցներ են ձեռնարկվել նաև Լիտվայի հետ սահմանին։ Այդ պահին լեհական իշխանությունները նախատեսում էին ստուգումներն ավարտել օգոստոսի 5-ին։

Ստուում են սահմանը հատողների անձնագրերն ու նույնականացման քարտերը։ Լեհ սահմանապահները հատուկ ուշադրություն են դարձնում ավտոբուսներին, միկրոավտոբուսներին և մեծ թվով ուղևորներով մեքենաներին, ինչպես նաև մգեցված ապակիներով մեքենաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս