
Ինչպես հայ ծրագրավորողը փոխեց ՏՏ մասնագետների ընդունման չափորոշիչները Եվրոպայում

Էրիկ Ղազարյանը ստեղծել է SkillsSync հարթակը, որն օգտագործում է տեխնոլոգիական հսկաների չափորոշիչները՝ ծրագրավորողների հմտությունները օբյեկտիվ գնահատելու համար։
Բարձր պահանջարկի պայմաններում եվրոպական ընկերությունները բախվում են պարադոքսի՝ թեկնածուները շատ են, բայց իրականում համապատասխան մասնագետ գտնելը չափազանց բարդ է։ Eurostat-ի տվյալներով՝ ԵՄ ընկերությունների ավելի քան 75%-ը դժվարանում է ներգրավել անհրաժեշտ հմտություններ ունեցող մասնագետների, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ավանդական հարցազրույցի մեթոդները հաճախ չեն արտացոլում թեկնածուի իրական փորձառությունն ու հմտությունները, ինչը հանգեցնում է սխալ նշանակումների և ժամանակի կորստի։
Հայ ծրագրավորող Էրիկ Ղազարյանը, որն աշխատում է որպես ավագ Java ծրագրավորող Nagarro ընկերությունում, առաջարկել է այս խնդրի լուծումը՝ ստեղծելով SkillsSync հարթակը։ Վերջերս նա արժանացել է Brainotech մրցանակին՝ «2024 թվականի լավագույն ծրագրային ապահովման մշակող» անվանակարգում, ինչպես նաև ընդգրկվել է Globee Awards հեղինակավոր տեխնոլոգիական մրցանակաբաշխության ժյուրիի կազմում։
-Էրիկ, ձեր ստեղծած SkillsSync հարթակը հիմնված է Oracle, Microsoft, Zend և Javascript Institute-ի չափորոշիչների վրա։ Ինչո՞վ է այս մոտեցումը տարբերվում ավանդական ընդունման մեթոդներից։
-Ավանդաբար, ընկերությունները հենվում են հարցազրույց վարողների սուբյեկտիվ կարծիքի վրա՝ ընդհանուր բնույթի հարցերի միջոցով։ SkillsSync-ը փոխում է այս մոդելը՝ կիրառելով ստանդարտացված գնահատում՝ հիմնված հենց տեխնոլոգիական մատակարարների պահանջների վրա։ Օրինակ՝ եթե թեկնածուն պնդում է, որ ունի առաջադեմ Java գիտելիքներ, ապա համակարգը կիրառում է Oracle-ի չափորոշիչները՝ այդ մակարդակը գնահատելու համար, ոչ թե մարդկային ռեսուրսների մասնագետի կարծիքը։ Այս մոտեցումը ձևավորվել է իմ անձնական փորձից՝ աշխատելով եվրոպական խոշոր ընկերություններում՝ սկսած Ավստրիայի դաշնային հաշվարկային կենտրոնից (Bundesrechenzentrum) մինչև ապահովագրական Գեներալի (Generali) և երկաթուղային օպերատոր ÖBB (Ավստրիական դաշնային երկաթուղիներ), որտեղ ես պարբերաբար բախվում էի հայտարարված և իրական հմտությունների միջև անհամապատասխանության խնդրին։
-Ձեր աշխատանքը նախկինում կապված չի եղել կադրային ոլորտի հետ. Դուք ղեկավարել եք ÖBB-ի համար կարևոր համակարգերի արդիականացումը։ Ինչպե՞ս սկսեցիք ուշադրություն դարձնել մասնագետների ներգրավման խնդրին։
-Իմ աշխատանքը բարձրաբեռնված համակարգերի վրա՝ հատկապես ÖBB-ի և REWE առևտրային ցանցի համար, ընդգծեց թիմի իրական հմտությունների ճշգրիտ գնահատման կարևորությունը։ Վերջին տարում ես ղեկավարել եմ երկաթուղային ծառայությունների արդիականացումը, իրականացրել ավելի քան 10 կարևոր ֆունկցիայի ռեֆակտորինգ՝ ապահովելով համակարգի արտադրողականության 20%-անոց աճ։ Հիմնական մարտահրավերն էր մոնոլիտ ճարտարապետությունից անցում կատարել միկրոսերվիսների։ Երբ Սոնարքուբում (SonarQube) խնդիրների թիվը նվազեց 1500-ից մինչև 140՝ ճիշտ կազմված թիմի և վերապատրաստման շնորհիվ, ես հասկացա, որ անհրաժեշտ է համակարգ, որը գնահատում է ոչ թե ռեզյումեն, այլ իրական հմտությունները՝ հիմնված տեխնոլոգիական մատակարարների ստանդարտների վրա։
-Այսօր ձեր հարթակից օգտվում են փոքր և միջին բիզնեսները։ Ի՞նչ արդյունքներ են նրանք արձանագրել, և ինչպե՞ս է համակարգը փոխել ընդունման գործընթացը։
-Համակարգը վերլուծում է մասնագետի հմտությունների համապատասխանությունը կոնկրետ դերի պահանջներին՝ սկանավորելով աշխատատեղերի նկարագրությունները և տեխնոլոգիական ստեկերը։ Գլխավոր առավելությունն օբյեկտիվ գնահատումն է՝ հիմնված տեխնոլոգիական մատակարարների ստանդարտների, այլ ոչ թե հարցազրուցավարների կարծիքի վրա։ Barcamp Yerevan 2023 միջոցառման ժամանակ մոտ 30 տարբեր մասնագիտացումների ՏՏ մասնագետներ փորձարկեցին հարթակը և ստացան անհատական կարիերային զարգացման առաջարկություններ։
-Դուք զբաղվել եք վարորդական վկայականների աուդիտի համակարգի ինտեգրմամբ Ավստրիայի BRZ-ում։ Ինչպե՞ս այդ փորձը նպաստեց SkillsSync-ի կատարելագործմանը։
-Ես զբաղվել եմ ողջ Ավստրիայի համար նախատեսված վարորդական վկայականների և ավտոդպրոցների կառավարման համակարգով։ Այդ աշխատանքը ցույց տվեց ստանդարտացված մոտեցումների կարևորությունը գնահատման գործընթացում։ Երբ աուդիտի համակարգը միացրեցի լիցենզիաների կառավարման կենտրոնական հարթակին, պարզ դարձավ, որ ստանդարտացումը բարձրացնում է արդյունավետությունն ու անվտանգության մակարդակը։ Նույն սկզբունքն է ընկած SkillsSync-ի հիմքում՝ մարդկային գործոնը նվազեցնելու և հստակ չափորոշիչների կիրառմամբ հմտությունների գնահատման համակարգ ստեղծելու համար։
-Էրիկ, BrainTech Awards-ի ժյուրին բարձր է գնահատել SkillsSync հարթակը՝ հատկապես ընդգծելով դրա պոտենցիալը տարբեր ոլորտներում կիրառման համար։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում գործատուների համար։
-Աշխատելով տարբեր եվրոպական խոշոր կազմակերպություններում՝ BRZ, Generali, ÖBB՝ ես մշտապես բախվել եմ տեխնիկական հմտությունների գնահատման խնդրին։ Ընկերությունները ամիսներ էին ծախսում մասնագետների որոնման վրա, իսկ հետո պարզվում էր, որ թեկնածուների հմտությունները չեն համապատասխանում։ SkillsSync-ը լուծում է այդ խնդիրը ստանդարտացված գնահատման միջոցով՝ կիրառելով տեխնոլոգիական մատակարարների չափորոշիչները։ Օրինակ՝ եթե հայտարարվում է Java-ի առաջադեմ իմացություն, ապա մենք դա ստուգում ենք Oracle-ի մակարդակով։
-Դուք նաև գնահատում եք այլ մասնագետների՝ ընդգրկվելով Globee Awards մրցանակաբաշխության ժյուրիում։ Ինչպե՞ս է ձեր փորձը որպես փորձագետ օգնում SkillsSync-ի ալգորիթմների կատարելագործմանը։
-Globee Awards-ի ժյուրիում ընդգրկվելը տալիս է եզակի հնարավորություն՝ վերլուծելու աշխարհի առաջատար IT մասնագետների պրոֆիլները և հասկանալու, թե որոնք են իրականում առանձնացնող հմտությունները։ Երբ ես գնահատում եմ «Տարվա ՏՏ մասնագետ» անվանակարգի թեկնածուներին, ես ուշադրություն եմ դարձնում ոչ միայն ռեզյումեին, այլ նաև տեխնոլոգիական խորքային գիտելիքներին։ Իմ Oracle Certified Professional Java, Google Cloud Professional Engineer և VMware Spring Professional սերտիֆիկատները ոչ միայն վկայականներ են, այլ նաև երաշխիք, որ ես ունակ եմ գնահատելու տեխնիկական բարդությունները։ Այս փորձն անմիջական ազդեցություն ունի SkillsSync-ի վրա՝ հարթակը հաշվի է առնում ոչ միայն տեսական գիտելիքները, այլ նաև դրանց կիրառումը իրական նախագծերում։
-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ծրագրավորողներին։
-Ամենակարևորը՝ տեխնոլոգիաները պետք է ընկալել ոչ թե որպես աշխատանք, այլ որպես ապրելակերպ։ Սեկտորը արագ զարգանում է, և միայն շարունակական կրթությամբ կարելի է պահպանել պահանջվածությունը։ Oracle, Google, VMware սերտիֆիկատներ ստանալը ներդրում է՝ ձեր մասնագիտական վստահելիության մեջ, որն անընդհատ վերադարձ է ապահովում։ Վերջերս թողարկվել են իմ հրապարակումները International Journal of Science and Research Archive-ում և The American Journal of Engineering and Technology-ում։ Մեկ տարի հետո նախատեսում եմ տեղափոխվել ԱՄՆ՝ իմ արտադրանքը զարգացնելու համար։ Բայց այս ամենն իրականություն դարձավ միայն նրա շնորհիվ, որ երբեք չեմ դադարել սովորել և փորձարկել նոր տեխնոլոգիաներ։Աելիտա Չիլինգարյան