Չինաստանը սկսեց կրկնօրինակել նաև Խորենի աշխատանքները (ֆոտոշարք)
Եթե դուք դեռ չեք տեսել Խորեն Սահակյանի` դաշտային ծաղիկներից պատրաստած աքսեսուարները, ապա շատ բան եք կորցրել: Սակայն դեռ ուշ չէ, կարող եք տեսնել, ուսումնասիրել, ցանկության դեպքում՝ նաև գնել ու կրել դրանք: Մինչ այդ ներկայացնենք Խորենի հետ 168.am-ի զրույցը:
«Այս արհեստը կամ արվեստը (չգիտեմ՝ ինչպե՞ս անվանել) գտել եմ լրիվ պատահաբար: Նախկինում երբեք չեմ տեսել նման բան, չհաշված էպօքսիդի սոսնձով պատրաստված իրերը, որոնցից շատերս ենք տեսել: Երբ դեռ նոր էի սկսել նման բաներ պատրաստել, թե՛ ես, թե՛ ընկերներս, և թե՛ ծանոթներս նման բան չէինք տեսել: Երբեմն, երբ ընկերներիս ասում եմ, որ չինացիներն ինձնից են «գողացել» այս միտքը, ժպտում են: Բայց արի ու տես, որ իմ սկսելուց տարիներ անց Չինաստանը նոր սկսեց «արտադրել» նման բաներ, ընդ որում՝ շատ ավելի անորակ, շատ ավելի էժան, բայց և այնպես…»,- մեզ հետ զրույցում պատմում է Խորենը:
Վերջինս արդեն շուրջ 18 տարի զբաղվում է այս արհեստ/արվեստով. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ խեժի մեջ, որը նախատեսված է բոլորովին այլ նպատակի համար, պատահաբար ընկել էր մի մեղու: Միտքը հղացավ ինքնըստինքյան: Սկզբում որպես նյութ օգտագործում էի ինչ ձեռքս էր ընկնում (տարբեր միջատներ), իսկ հետո արդեն սկսեցի ավելի բծախնդրորեն վերաբերվել այս հոբբիին, որն առայսօր հանդիսանում է իմ հիմնական աշխատանքը»:
Խորենը թունավոր կենդանիների հետ աշխատելիս երբևէ վախ չի ունեցել, քանի որ մանկուց շփվում է բնության ու կենդանիների հետ: Բայց նա արդեն վաղուց աշխատում է միայն ծաղիկներով. «Սիրում եմ դաշտային ծաղիկներ. ավելի բազմազան են, գունավոր, ուստի ավելի շատ հնարավորություն կա ստեղծագործելու համար»:
Հետաքրքիր ու ինքնատիպ աքսեսուարների հեղինակն իր աշխատանքները վաճառում է. «Պատվիրատուները տարբեր են, մեկը նախընտրում է միջատներ, մյուսը՝ ծաղիկներ (ճաշակին ընկեր չկա):
Կախված աշխատանքի բարդությունից՝ գները տարբեր են (ականջօղեր, վզնոցներ, թևնոցներ և այլն): Եթե հաշվի առնենք, որ ամբողջը բացառապես ձեռքի աշխատանք է, ապա, կարծում եմ, որ գները մատչելի են: Իմ աշխատանքի վերաբերյալ լինում են տարբեր կարծիքներ: Ավելի հաճախ լսում եմ գովեստի խոսքեր: Բայց, ինչ խոսք, լինում են նաև հակառակ կարծիքներ: Իմ բոլոր աշխատանքներն էլ շատ եմ սիրում, քանի որ բոլորի մեջ էլ հոգի ու սեր եմ դնում»:
Խորենն օրվա ընթացքում իր աշխատատեղից դուրս է գալիս միայն սնվելու և քնելու համար: Հիմա նա հիմնականում պատրաստում է հավաքածուներ (վզնոց, թևնոց, ականջօղեր) և օգտագործում է դաշտային ծաղիկներ:
«Ժամանակի ընթացքում գործընթացն ինքն է թելադրում՝ ինչ և ինչպես պատրաստեմ: Աշխատանքներս գնալով բարդանում են, զգում եմ, որ ավելին եմ ուզում՝ ավելի բարդ ու աշխատատար»: