Նոր զարգացումներ «Նաիրիտում»՝ աշխատավարձ և աուդիտ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցերին խոստացել են ևս 1 ամսվա աշխատավարձ վճարել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ արհմիության 6 ակտիվիստներին ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով վստահեցրել է, որ աշխատավարձը կվճարվի հաջորդ շաբաթ:
«Ես հավատում եմ նրան, վերջին 2 տարում նախարարը ինչ խոստանում է, անում է»,- ասաց արհմիության ղեկավարը:
Անցած 3 տարիների ընթացքում «Նաիրիտում» կուտակվել է 1 տարվա աշխատավարձ, այսինքն՝ աշխատողներին 3 ամսում 2 ամսվա համար է գումար վճարվում: Հիշեցնենք, որ 1 ամսվա ընդհանուր աշխատավարձի ֆոնդը 1 մլն դոլար է:
Հ. Թադևոսյանը նաև նշեց, որ աշխատակիցները հույսը չեն կորցնում, որ գործարանը կվերագործարկվի. «Չենք կարող հույս չունենալ, այլապես 3 տարի չի աշխատում, բայց գումար են հայթայթում ու վճարում են մարդկանց: Վերագործարկման ուղղությամբ ներկայում էլ աշխատանքներ տարվում են»: Ըստ նրա՝ հաջորդ շաբաթ նաև պատվիրակության այց է նախատեսվում:
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտում» իսկապես օտարերկրացիների սպասվում են, սակայն բոլորովին ոչ «բարի նպատակներով». Արմեն Մովսիսյանի հրավերով անգլիական մի ընկերություն գործարանում աուդիտ է իրականացնելու էկոլոգիայի գծով՝ արդյոք կարո՞ղ է նման գործարանն աշխատել քաղաքում: Հաշվի առնելով ներկայիս զարգացումները («Ռոսնեֆտի» հրաժարվելը «Նաիրիտից»), սպասվում է, որ աուդիտորական ընկերության եզրակացությունը դրական չի լինի, կորոշվի, որ գործարանը պետք է քաղաքից առնվազն 15 կմ հեռավորության վրա գտնվի, և դա ՀՀ իշխանությունների համար շատ հիմնավոր պատճառ կհանդիսանա, որ «Նաիրիտը» փակվի: Կա նաև նման նախադեպ՝ էկոլոգների պահանջով տարիներ առաջ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում փակվեց կաուչուկի գործարանը:
Արդյունքում ավելի քան 3000 աշխատատեղեր կկրճատվեն, ՀՀ քիմական արդյունաբերության հույսը կմարի, իսկ ՀՀ ղեկավարությունը կրկին «ջրից չոր դուրս կգա»: