Բաժիններ՝

«Կորած» հայրերը, եվրոպական արտհաուսն ու սերբական դրամատիզմը

Հուլիսի 7-ին Երևանում բացվեց «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը: Սա այն եզակի մշակութային միջոցառումներից է, որը, կարծես թե, կայացել է Հայաստանում: Այնուամենայնիվ, փառատոնն ունի դեռ չհարթեցված խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ և մեծ գումարներ են պետք:

Օրինակ` կինոթատրոնների հիմնահարցը, որ արդեն 10 տարի խանգարում է «Ոսկե ծիրանի» ընդլայնմանը: Ըստ էության, այսօր Երևանում գոյություն ունի մեկ կինոթատրոն` չհաշված «Նաիրի» կինոթատրոնը, որն իր փոքրության պատճառով չի կարող բավարար ցուցադրություն ապահովել: Իսկ կինոթատրոնների բիզնեսը Հայաստանում ոչ մեկի չի հետաքրքրում պարզ պատճառով` Հայաստանում, ցավոք, կինոն չի հետաքրքրում բնակչության ստվար զանգվածին:

Ինչևէ, արդեն 4 օր է` «Ոսկե ծիրանը» շարունակում է իր բնականոն աշխատանքը: Այս տարի միջազգային խաղարկային մրցույթում գլխավոր մրցանակի համար պայքարում է 13 ժապավեն` աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի առաջին օրերի ֆիլմերի ցուցադրությունից կարելի է եզրակացնել, որ հոբելյանական «Ոսկե ծիրանի» գլխավոր թեման հայրերի ու զավակների փոխհարաբերություններն են: Իսկ ավելի կոնկրետ` «կորած» հայրերի:

Լեհ Մաչեյ Ադեմեկի «Լուսանկարը» դրամայում 16-ամյա Ադամի կյանքը փոխվում է այն պահից, երբ նա պատահաբար գտնում է մի լուսանկար, որում իր հղի մայրը փաթաթված է երջանիկ մի անծանոթ տղամարդու: Եվ Ադամը սկսում է փնտրել իր իրական հորը:

Կարդացեք նաև

Ciran-Lusankar

Ի տարբերություն լեհական դրամայի` ֆրանսուհի Աննա Նովիոնի «Հանդիպում Կիրունայում» ֆիլմի հերոսը երբեք իր որդուն չի փնտրել: Սակայն մի օր նրան զանգահարում են հեռավոր Շվեդիայի ոստիկանությունից և խնդրում են գնալ և ճանաչել սեփական որդու դիակը:

Ciran-Handipum Kirunayum

Հույն ռեժիսոր Նիկոս Կորնիլիոսի «11 հանդիպում հորս հետ» դրամայի երիտասարդ հերոսուհուն հաջողվում է 19 տարի անց գտնել հորը, ով երբեք չի էլ իմացել դստեր գոյության մասին: Նրանց միջև սկսում են ձևավորվել տարօրինակ և առանձնահատուկ հարաբերություններ:

Ciran-11 handipum hors het

Հոր և որդու բարդ հարաբերությունների մասին է պատմում նաև իրանցի Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» ժապավենը, որում Փարվիզի և հոր հարաբերությունները սրվում են հատկապես այն բանից հետո, երբ հայրը հայտարարում է կրկին ամուսնանալու իր մտադրության մասին:

Ciran-Parviz

Թեև ամուսիններ Պետեր Բրոզանսի և Ջեսիքա Վուդուորթի` Բելգիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների համատեղ արտադրության «Հինգերորդ եղանակը» ժապավենում հոր և զավակի փոխհարաբերությունները չեն արծարծվել, այնուամենայնիվ, այս արտհաուսային դրաման իր գեղարվեստականության և պոետիզմի շնորհիվ կարող է հավակնել «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին: Հիմնական խանգարող հանգամանքները, թերևս, կարող են լինել ֆիլմի բարդ սյուժետային կառուցվածքն ու խորհրդավորությունը, ինչպես նաև` մռայլությունը:

Ciran-hingerord exanak

Փառատոնի առաջին օրերի հիմնական ֆավորիտ կարելի է համարել սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի «Պարունակներ» դրաման: 1993թ. բոսնիական պատերազմի ժամանակ սերբ զինվոր Մարկոն ականատես է դառնում, թե ինչպես են իր զինակից ընկերները դաժանաբար ծեծում մահմեդական Հարիսին: Մարկոն միջամտում է և փրկում Հարիսին, սակայն զինվորները ծեծելով սպանում են Մարկոյին: 12 տարի անց այս միջադեպի հերոսների և նրանց հարազատների ուղիները կրկին խաչվում են: Ոմանք պետք է վարձահատույց լինեն, իսկ մյուսներն էլ պետք է կանգնեն բարդ երկընտրանքի առջև` ներե՞լ, թե՞ վրեժխնդիր լինել:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս