Երկուշաբթին սկսվեց շաբաթ

Մեր երկրում վերահսկողություն իրականացնող և ոչ մի կառույց հասարակության վստահությունը չի վայելում: Ավելի շուտ` հակառակը: Պատճառն այն է, որ վերահսկողական գործառույթով օժտված մարմիններից և ոչ մեկն ինքնուրույն գործել ոչ միայն չի կարող, այլև չի էլ ցանկանում: Եվ նրանցից էլ ազնիվ վերահսկողություն չի ակնկալվում: Վերահսկիչ լիազորություններ ունեցող մարմիններին վերապահված է Դամոկլյան սրի աշխատանք` կախված մնալ բոլորի գլխին և հիշեցնել, որ ամեն րոպե կարող են ընկնել:

Կոռումպացված ոլորտներն ու չինովնիկներին երկրի ղեկավարը ճանաչում է անուն առ անուն: Սերժ Սարգսյանը գիտի, թե որտեղից է յուրաքանչյուրի սև եկամուտը: Եթե կուզեք` այսօր Սերժ Սարգսյանն է մեր երկրի միակ և արժանահավատ վերահսկող մարմինը, որն օժտված է պատժելու և ներելու լիազորությամբ:
Բարձրաստիճան չինովնիկներն էլ միմյանց մասին գիտեն ամեն ինչ:

Եվ տեղեկացվածության այդ բարձր մակարդակն ապահովում է նրանց ինքնապաշտպանական համերաշխությունը: Միմյանց մասին լռել կարողանալն արդեն բավական է իշխանական քաղաքական թիմ անդամագրվելու համար:

Երբ ասում ենք` երկրի նախագահի քաղաքական թիմ, հասկանում ենք, որ նա ղեկավարում է նույն մտածողությամբ, կյանքի տարբեր իրավիճակներում (խուճապ, ուրախություն, տագնապ, գլխապտույտ` հաջողությունից) կանխատեսելի վարք ցուցաբերող մարդկանց խմբի: Այդ խումբը պայմանականորեն կոչվում է` Հանրապետական կուսակցություն: Թիմի շահերը սպասարկող բարձրաստիճան չինովնիկներն էլ, ինչպես գիտենք, մարդիկ են, ունեն զգացմունքներ, միմյանց մասին ոչ այնքան հաճելի տեսակետներ: Սակայն շատ լավ հասկանում են` իրենց անձնական կարծիքը թիմակցի մասին ոչ մեկին չի հետաքրքրում: Ինչպես ասվում է` նրանք հիասթափված են, ոգևորված են, իրենց խնդիրն է: Լավագույն դեպքում կարող են լռել: Ծայրահեղ դեպքում այդ մասին կարող են խոսել երկրի նախագահի կաբինետում:

Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թեմայով քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանն առանց զգացմունքների չկարողացավ խոսել: Քանի որ նա գիտի` իր հիասթափությունն ու ոգևորությունը միայն իր խնդիրը չեն: Որ իր կարծիքը, այդուհանդերձ, հետաքրքիր է բոլորին: Որ իր կարծիքը Դատախազության կամ մեկ ուրիշի մասին, չափազանց հետաքրքիր է: Իսկ եթե հաշվի առնենք նրա ելույթի այն հատվածը, որ՝ «Եթե պաշտոնատար անձը ելույթ է ունենում, հարցազրույց է տալիս, պետք է աշխատել այդ ելույթի վրա», հետևաբար զգացմունքների այդ կվինտէսենցիան նախապես էր մշակվել: Վերահսկիչ պալատն անկախ մարմին է, ենթադրվում է` նախևառաջ` նախագահից անկախ: Սերժ Սարգսյանը կարող էր Իշխան Զաքարյանին հրավիրել իր կաբինետ, ներկայացնել իր` ոչ միանշանակ զգացմունքների ողջ արսենալը: Մամուլի համար նախագահականը կարող էր տարածել հաղորդագրություն, թե երկրի ղեկավարը դժգոհ է Վերահսկիչ պալատի աշխատանքից, քանի որ այն աշխատում է ոչ պրոֆեսիոնալ, գերազանցում է օրենքով սահմանված իր լիազորությունները` քաղաքական գնահատականներ տալով: Սակայն երկրի ղեկավարը նախընտրեց դիտարժան ռեպորտաժը:

Իշխան Զաքարյանի քաղաքական գնահատականներն իրո՛ք հետաքրքիր չեն: Քաղաքական էլիտային հետաքրքիր է` նա կարո՞ղ էր առանց Սերժ Սարգսյանի գիտության դրանք հրապարակել, թե՞ ոչ: Մեր երկրում տեղի ունեցող ցանկացած լուրջ միջադեպ, բացահայտում, ի դեպ, կողմերին հետաքրքիր է նախևառաջ այդ կոնտեքստում: Երկրի ղեկավարն էլ ոչ թե զարմանում է` ինչպե՞ս կարող է բյուջեի 70 տոկոսը ռիսկային որակվել, չի պահանջում շտապ ստուգել ռիսկերը, ապա նոր եզրահանգումներ ու գնահատականներ տալ: Տպավորություն է, թե նա զարմացած է` ինչպե՞ս կարող է կոռուպցիան այդքան ծաղկել` առանց իր գիտության: Բազմաթիվ բարձրաստիճան չինովնիկների ունեցվածքի, եկամուտների, բիզնես դաշտը վերահսկելու մասին հոդվածներ գրվում են ամենօրյա ռեժիմով:

Նախագահի` ՎՊ հաշվետվության, այդ հաշվետվության հետևանքով ԱԺ նախագահի զարմանքի արձագանքը` նման տոնով, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս: Առավել ևս, որ երկրի ղեկավարը կոնկրետ թիվ է առաջարկում: Դիմելով Գլխավոր դատախազին` ասում է. «Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել` ՀՀ հարգելիգ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը (ընդգծումն իմն է) 200 կամ 300 միլիոն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան: Մնացած բոլորը հեքիաթներ են»:

Երեկվանից արդեն հետաքրքիր միտում է զգացվում. նախ` Գլխավոր դատախազությունը ՎՊ է դիմել` լրացուցիչ նյութեր ստանալու պահանջով: Հիմա արդեն Վերահսկիչ պալատի թիրախում հայտնված գերատեսչությունների ղեկավարներն այսօր, միմյանց ընդհատելով, կհերքեն բերված չարաշահումների թվերը: Այդ հերքումները նույնքան արժանահավատ չեն, որքան արժանահավատ չէ հենց ՎՊ-ի հաշվետվությունը: ՎՊ ղեկավարն ինքը չունի ազնիվ մարդու համբավ, ինչպես և պետական չինովնիկների լավագույն կեսը:

Ի՞նչ է ստացվում` ի սկզբանե կասկածելի ազնվության մարդկանց վստահվում են երկրի առանցքային ոլորտները, մամուլում հրապարակվում են մեր երկրի ամենահարուստ մարդկանց անունները, որոնք պետական բարձրաստիճան չինովնիկներ են, երկրի ղեկավարն աչքն էլ չի թարթում: Խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ կոռումպացված չինովնիկների համբավ ունեցող պաշտոնյաները սկսում են իրենք անուններ տալ: Իսկ մնացածը` քննարկումները. խորհրդակցությունները, հեքիաթներ են:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս