«Ոչ բոլորը պետք է դառնան ասպիրանտներ և ոչ բոլորը պետք է դառնան գիտությունների թեկնածու» (տեսանյութ)
«Եկեք մի բան փաստենք, որ ոչ բոլորը պետք է լինեն ասպիրանտներ և ոչ բոլորը պետք է դառնան գիտությունների թեկնածու: Այսինքն` եթե մարդը չի կարողանում այսօրվա օրով հոդված գրել, ուրեմն՝ նա գիտությունների թեկնածու թող չդառնա: Ի՞նչ պարտադիր է՝ բոլորը լինեն գիտությունների թեկնածու: Եթե նա ունակ չէ այսօր մեկ հոդված անգլերենով գրելու, ուրեմն նա ունակ չի լինի գնալ կոնֆերանսների և համապատասխան քննարկումներ ծավալել, որովհետև բոլորը խոսելու են անգլերենով այդ գիտական կոնֆերանսների ժամանակ»: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ, Բեռլինի Ազատ համալսարանի ասպիրանտ Արսեն Գասպարյանը:
Տնտեսական գիտությունների թեկնածու, «Տեկտում» հ/կ-ի հիմնադիր նախագահ Անահիտ Մանասյանի խոսքով` գիտության առջև այժմ նոր մարտահրավերներ են կանգնած, որոնց համապատասխան արձագանք չցուցաբերելու դեպքում՝ Հայաստանը դուրս կմնա միջազգային գիտական հանրույթից:
Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիայի հիմնադիր Խաչիկ Գևորգյանի խոսքով` այս նախաձեռնությունը որևէ կերպ միտված չէ գիտական հանրության շրջանում որևէ բան փչացնելուն կամ գիտական արդյունավետությունը նվազեցնելուն: Հակառակը, ըստ նրա՝ Հայաստանում (բոլոր ոլորտներում) բազմաթիվ լավ հետազոտություններ են տպագրվում հայերենով, սակայն դրանք տեսանելի չեն միջազգային հանրությանը:
Տեղեկացնենք, որ մի խումբ երիտասարդ գիտնականներ վերջերս նախաձեռնություն էին ցուցաբերել՝ կապված ԲՈՀ-ի աստիճանաշնորհման կանոնակարգի խստացման վերաբերյալ, մասնավորապես՝ առաջարկելով ասպիրանտներից և դոկտորներից «արտասահմանյան գոնե մեկ հոդված ունենալ»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: