Բաժիններ՝

«Առաջին հերթին անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել». Կարեն Վարդանյան

«Տեխնոլոգիական ոլորտի շարունակական աճը պաշտպանելու և այդ աճի տեմպերն ավելացնելու, ինչպես նաև՝ որակական աճ ապահովելու նպատակով որոշ ծրագրեր են նախաձեռնվել: Դրանցից են. դպրոցներում՝ ռոբոտաշինության խմբակները, համալսարաններում՝ ինժեներական լաբորատորիաները, ծրագրավորողների ինժեներական կենտրոնը, որը ներկայումս բանակցային փուլում է, տեխնոլոգիական ձեռներեցությունը՝ խոշոր օտարերկրյա ընկերությունների ներգրավումը, և  այլն: Այս բոլոր օղակներում մենք տեսնում ենք սփյուռքահայության մասնակցության հնարավորությունը, բայց քանի որ սփյուռքահայության հետ կապերը խաթարվել են և ստեղծվել է անվստահության մթնոլորտ, ուստի այժմ մենք, նախառաջ, խնդիր ունենք մեր երկրում վստահության մթնոլորտ ստեղծելու»,- այս մասին հունիսի 29-ին «ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումի ժամանակ հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ այդ վստահության մթնոլորտը կարելի է ստեղծել միայն ռեալ, կոնկրետ նախագծերը հաջողության հասցնելով, որոնք երկկողմանի օգտակար կլինեն թե՛ սփյուռքի, թե՛ Հայաստանի համար:

«Այսինքն՝ որպեսզի երկուսն էլ շահեն և տեսնեն, որ իրենք կարողանում են համագործակցել: Մեզ անհրաժեշտ է այդ համագործակցության և վստահության հմտությունը ձևավորել՝ որպես առօրյա հմտություն»,- ասաց Կ. Վարդանյանը՝ որպես օրինակ նշելով 2007 թվականին Հայաստանում բացված National Instruments ընկերությունը:

«2006-2007 թվականներին այդ ամենը տեղի ունեցավ նաև Հայաստանի մասնագետների և մեր սփյուռքահայ գործընկերների շնորհիվ: Ակնհայտ է, որ National Instruments-ի համար Հայաստանը, հատկապես այն ժամանակ, առանձնապես ոչ մի շուկա չէր ներկայացնում, բայց այդ ընթացքում այնքան բարձր որակավորման մասնագետներ մոտեցան նույն այդ սփյուռքահայերին, որ Հայաստանում վերջապես բացվեց այդ ընկերության ստորաբաժանումը»,- ասաց Կ. Վարդանյանը՝ նկատելով, որ դրանից հետո լուրջ զարգացում ապրեց այդ ստորաբաժանումը՝ հայ ինժեներների միջոցով լուծելով բազմաթիվ խնդիրներ աշխարհի բոլոր ծայրերում: Իսկ նախորդ տարի այդ ստորաբաժանումը դարձավ ասիական գլխամաս, այսինքն՝ Ասիայի խնդիրների լուծման մի մասը ղեկավարվում է Երևանից՝ National Instruments ընկերությունում: Ըստ բանախոսի՝ այդ նույն համագործակցության հիման վրա հետագայում ստեղծվեց Հայկական ազգային ինժեներական լաբորատորիան, որը կրթական գործընթաց է իրականացնում:

«Այդ նույն համագործակցության շնորհիվ Natioanl Instruments-ի շուրջ հավաքվեցին շուրջ 20 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններ, որոնց վաճառքները ևս էականորեն օգտագործում են տարբեր երկրների սփյուռքահայ կապերը: Այսինքն՝ սա ակնհայտ հաջողված օրինակ է, որը ցույց է տալիս, որ օգտագործելով սփյուռքահայության հետ կապերը, կարելի է շատ լուրջ ընկերություններ ներգրավել Հայաստան, և դա կարող է փոխադարձ օգտակար լինել թե Հայաստանի և թե այդ ընկերությունների համար»,- ասաց Կ. Վարդանյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս