Բաժիններ՝

300.000 զոհ՝ Երևանում, եթե լինի 9-բալանոց երկրաշարժ

«Եթե կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, մայրաքաղաքի շենքերի 80 տոկոսը կփլվի: Կզոհվի առնվազն 300.000 մարդ»: Սա ոչ թե զգացմունքային ենթադրություն է, այլ մասնագիտական եզրակացություն` հիմնված կոնկրետ հաշվարկների վրա: Այդ եզրակացության հեղինակներից մեկը Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանն է:

– Մայրաքաղաքում վաճառում և գնում են բնակարաններ, և, որպես կանոն, բնակարանի գինը որոշում է շենքի տեղանքը, բնակմակերեսը, Արարատին նայող պատուհանըգ Շենքի սեյսմակայունությունն առաջնահերթությունների ցանկում չէ:

Melkumyan– Սպիտակի երկրաշարժից հետո դասեր քաղեցինք միայն մասնագետներս. կարճ ժամանակում ստեղծեցինք մեր ազգային սեյսմիկ նորմերը: Մինչ այդ` Հայաստանում գործում էին ԽՍՀՄ-ում ընդունված նորմերը: Մեր մշակած նորմերը բավականին խիստ են: Այն շենքերը, որոնք կառուցվում են այսօր, եթե կառուցվել են ազգային նոր սեյսմիկ նորմերին համապատասխան, կարող եմ վստահ ասել` այդ շենքերը սեյսմակայուն են: Սակայն կա մի հարց. գաղտնիք չէ, որ մեր երկրում կոռուպցիան ծաղկում է: Կոռուպցիան հնարավորություն չի տալիս վստահ ասել` կառուցված շենքերն իրո՞ք սեյսմակայուն են, թե՞ ոչ:

– Բայց կան նախագծային բազմաթիվ ընկերություններ, փորձագիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հենց շինարարությամբ: Այսինքն` կասկածի տա՞կ եք առնում նրանց աշխատանքի որակը:

– Այո՛: Այսօր մեր երկրում ստեղծվել են նախագծային բազմաթիվ կազմակերպություններ` բացի այն խոշոր կազմակերպություններից, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ-ի ժամանակ: Հիմա մեր լիցենզավորման համակարգն այնպիսին է, որ շատ-շատերը կարող են հեշտությամբ արտոնագիր ստանալ: Սակայն հարց է` ունե՞նք բարձր որակավորում ունեցող այդքան մասնագետ` ունենալու համար այսքան նախագծային և փորձագիտական կազմակերպություններ: Ո՛չ, չունենք բարձրակարգ այնպիսի մասնագետներ, ովքեր կարողանան ճիշտ նախագծում կատարել, և նաև լուրջ խնդիր է` ի՞նչ որակի փորձագիտական քննություն են անցնելու այդ նախագծերը:

– Մենք ունենք մասնագիտական բուհ, մասնագիտական ֆակուլտետներ այլ բուհերում, որոնք ամեն տարի հարյուրավոր մասնագետներ են պատրաստում:

– Մեր Ճարտարապետաշինարարական համալսարանը չունի «սեյսմակայուն շինարարություն» մասնագիտությունը: Ես ավարտել եմ շինարարական ֆակուլտետը, բայց ինքս մասնագիտացել եմ այս բնագավառում: Ստացվում է, որ պատրաստի մասնագետ մենք չենք տալիս:

– Մարդիկ հսկայական գումարներ են վճարում նորակառույց շենքերում բնակարաններ ունենալու համար, և ոչ մի երաշխի՞ք` իրականում ինչ ամրության շենքում են բնակարան գնում:

– Մեր միակ մխիթարանքն այն է, որ գոյություն ունեցող սեյսմիկ մեր նորմերը բավականին խիստ են: Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ այդ նորմերը խախտվում էին թե՛ նախագծման և թե՛ շինարարության ժամանակ (հիմա էլ կարող են թույլ տրվել այդ նույն խախտումները), բայց գոնե այդ խախտումներն, իմ կարծիքով, չեն բերի այն աղետալի վիճակին, ինչ ունեցանք 88-ին, քանի որ, կրկնեմ, պահանջները բավականին խիստ են: Իմ մի ձեռքի հինգ մատը բավարար է, որ թվարկեմ մեր երկրում գրագետ աշխատող շինարարական կազմակերպություններին: Դրանից ավելի չկա: Մյուսները պատահական մարդիկ են, ոչ մասնագետներ, որոնք անկախության տարիներին, զգալով, որ շինարարական բիզնեսը շահութաբեր է դառնում, վերապրոֆիլավորվեցին:

Սակայն նրանք պրոֆեսիոնալ շինարարներ չեն. հավաքում են աշխատուժ` որտեղից ասես` գյուղերից, գործազուրկ մարդկանց, այդ աշխատուժն անգրագետ է և կատարում է անգրագետ աշխատանք: Վերահսկողությունը ծայրահեղ թույլ է մեր երկրում հենց նույն կոռուպցիայի պատճառով:

– Խոսեցիք նորակառույց, «էլիտար» շենքերի սեյսմիկ անվտանգությունից: Իսկ մայրաքաղաքի բնակիչների մեծ մասն ապրում է, այսպես կոչված, ստալինյան, խրուշչովյան նախագծերով շենքերում:

– Դրանց վիճակն ուղղակի աղետալի է: Այո, ունենք շենքեր` կառուցված 30-ական, 50-ականներին, ավելի ուշ: Այն տարիներին սեյսմիկ նորմեր գործնականում գոյություն չունեին: Ավելի ուշ սկսեցին գործել ԽՍՀՄ նորմերը. դա մեկ փաստաթուղթ էր, որը գործում էր ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների համար` առանց հաշվի առնելու այս կամ այն երկրի առանձնահատկությունները:

Հայաստանում կառուցվում էին 7-բալանոց շենքեր. Հայաստանի սեյսմիկ վտանգն այդ նորմերում թերագնահատված էր: Խնդիրն այն է, որ եթե 7-բալանոց շենքի փոխարեն` կառուցում եք 8-բալանոց, կամ 8-ի փոխարեն` 9-բալանոց, շենքերի ինքնարժեքը բարձրանում է, շինարարությունը թանկանում է: Հիմա, ըստ ազգային մեր նորմերի, սեյսմիկ վտանգը գնահատվում է 9 բալ: Հետևաբար, գնահատեք Ձեր նշած շենքերի ամրությունը` 7-բալանոց շենքեր, գումարած` շինարարության ցածր որակ: Ժամանակին, հանգուցյալ պրոֆեսոր Բալասանյանի հետ արել ենք աշխատանքներ` գնահատելով Հայաստանի տարածքի և հատկապես` Երևանի սեյսմիկ ռիսկը:

Մեր արդյունքներով` եթե, Աստված մի արասցե, կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, շենքերի 80 տոկոսը կփլուզվի կամ կստանա անդառնալի վնասվածքներ: Կզոհվի մոտ 300.000 մարդ: Աղետի ամբողջական չափն արդեն կարող են գնահատել բոլորը:

– Հանրապետությունում, մասնավորապես` Երևանում, շենքերի մեծ մասն, ինչպես նկատեցիք, ռիսկային գոտում են: Սակայն անգամ անտիկ շրջանից են մեզ հասել շենքեր, որոնք ամրացվել են և դարձել սեյսմիկ առումով անվտանգ:

– Խնդիրն այն է, որ մեր երկրում որոշում կայացնելու կոչված մարդիկ չեն հասկանում հարցի լրջությունը: Կա միջազգային փորձ` անհրաժեշտություն է ամրացնել դպրոցների, հիվանդանոցների շենքերը, կառավարական այն շինությունները, որտեղից չինովնիկները կոչված են ղեկավարելու աղետից հետո: Գրել ենք բաց նամակներ իշխանություններին, Քաղաքաշինության նախարարություն:

Քար լռություն է: Այսօր հսկայական աշխատանք է կատարում Արտակարգ իրավիճակների նախարարությունը, սակայն այդ աշխատանքը միտված է այն միջոցառումներին, որոնք պետք է կիրառվեն երկրաշարժից հետո: Իսկ 21-րդ դարը համարում ենք կանխարգելման դար. պետք է կանխարգելիչ աշխատանքներ անես` աղետի ժամանակ հնարավորինս քիչ զոհեր ունենալու համար: Կանխարգելման ուղղությամբ Հայաստանում ոչինչ չի արվում:

– Կա՞ հաշվարկ` ի՞նչ կարժենա, օրինակ, մեկ բնակելի շենքի կամ դպրոցի ամրացումը:

– Ինքս ստեղծել եմ հիմնադրամ` «Փրկենք Երևանի դպրոցները երկրաշարժերից»: 100-ավոր նամակներ եմ գրել. 8-9 ամսվա մեջ փոխանցվել է 6,5 միլիոն դրամ: Ես սկսել եմ նամակագրությունս իմ արտասահմանցի կոլեգաների հետ: Շուտով դասախոսությունների պետք է մեկնեմ Ճապոնիա` իրենց հրավերով, հույս ունեմ հանդիպել այդ կենտրոնների հետ և գումար խնդրել: Մեր ճանապարհների ասֆալտն ամեն տարի քերում են և նորն են փռում: Հիմա հարց է առաջանում` արդյո՞ք մեր աղքատ երկրում դա է կարևորագույն խնդիրը: Այդ փողերը կարելի է դնել մեր երեխաների կյանքը փրկելուն: Ներկում ենք խարխլված շենքերի ֆասադները: Ո՞ւմ ենք զարմացնում կամ խաբում:

Ունենք դպրոցներ, որոնք սարսափելի վիճակում են: Նոր Արեշում գտնվող թիվ 68 դպրոցը, ուր 450 երեխա է սովորում, գտնվում է ուղղակի փլուզման եզրին: Նամակներ եմ գրել պատկան մարմիններին, ոչ մի արձագանք: Մենք փող չունե՞նք երեխաներին փրկելու: Եթե մենք չամրացնենք մեր բնակֆոնդը, դպրոցները, հիվանդանոցները, Աստված մի արասցե, երկրաշարժի դեպքում մեր ազգը կարող է կործանվել բոլոր իմաստներով:

– Եթե կարելի է` կոնկրետ նշեք` որքա՞ն գումար է անհրաժեշտ Ձեր նշած դպրոցն ամրացնելու համար:

– Դպրոցը կարելի է ամրացնել հին տեխնոլոգիայով կամ իմ առաջարկած տարբերակով` սեյսմամեկուսիչ բարձիկների միջոցով: Հայաստանում նման փորձ կա. հիմքից կտրել ենք բնակելի շենք, տեղադրել ենք սեյսմամեկուսիչների վրա` առանց բնակիչներին տեղահան անելու: Նույնը կարելի է անել դպրոցներում: Եթե ինովացիոն տեխնոլոգիան օգտագործվի իմ առաջարկած տարբերակով, իսկ մենք արդեն 40-ից ավելի նման շենքեր ունենք` ամրացված կամ նոր կառուցված, այդ դպրոցի համար պետք կլինի 350-380.000 դոլար: Մեր իշխանություններն այս խնդրի լրջությունը չեն հասկանում: Եթե մի տասը տարի էլ երկրաշարժ չեղավ, մի օր կլինի, չէ՞, ու մենք սարսափելի կպատժվենք: Հիշենք` մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, ուր սեյսմիկ վտանգը շատ բարձր է:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս