Կոռուպցիա՝ էլիտար գողություն
ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հունիսի 13-ին ներկայացրեց 2012թ. բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Նա ընթերցում էր չարաշահումների երկար ցանկը` վճարված աշխատանք, որն այդպես էլ չի կատարվել, անորակ վերակառուցումներ, որոնք լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն են առաջացնում, անհարկի ուռճացված գներով ձեռք բերված ապրանք կամ ծառայություններ…
Մեր բյուջեն թալանում են: Սա Վերահսկիչ պալատի նախագահի հաշվետվության ընթերցումից հետո արվող ռեզյումեն է: Հաջորդ եզրակացությունը պիտի լինի սա` ինչ լավ է, որ կա՛ այդ կարևոր մարմինը` Վերահսկիչ պալատը, որի աշխատանքների շնորհիվ հնարավոր է ջրի երես հանել գանձագողության դեպքերը:
Սակայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը` ուղղված Վերահսկիչ պալատի նախագահին` վերջինիս մի քանի միլիոն դոլար արժողության առանձնատան շինարարության մասին, արդեն ստիպում է կասկածել` որքանո՞վ է ազնիվ վերահսկիչ այդ մարմնի գործողությունների մոտիվացիան:
Նույն պատգամավորն ԱԺ ամբիոնից անուն առ անուն հիշեց իշխանության վերնախավին: Ապա փորձեց սփոփել մասնավորապես` ԱԺ նախագահին, ով անվերջ և ապարդյուն զբաղված է «բյուջեն լափողներին» փնտրելով` նկատելով, որ հենց ԱԺ նախագահը մեր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Խոշոր հաշվով` հրապարակայնորեն կասկածի տակ դրվեց երկրի առաջին դեմքերի ազնվությունը: Սակայն ԱԺ նախագահը համառորեն շարունակում էր փնտրտուքը. «Սրա վերջն ի՞նչ է լինելու: Խոսում ենք ստվերից, իրական փողեր են բյուջեից որոշ մարդիկ լափել, և մենք ոչ մի քայլ չենք անում դրա դիմաց»:
Ավելի արժեքավոր էր նրա հաջորդ եզրակացությունը. եթե յուրացումները հայտնաբերվում են, իսկ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, հասարակությունը կարող է հանկարծ ենթադրել, թե իրենք ևս այդ գողության մասնակից են:
Ինչպես ավելի ուշ պարզվեց, բոլո՛ր պաշտոնյաներն էլ զայրացած են` ինչպե՞ս, պետական բյուջեն ինչ-որ սրիկաներ թալանո՞ւմ են: Սակայն նախադեպերը ցույց են տալիս, որ պաշտոնյաների այս համերաշխ բզզոցով էլ պատմությունն ավարտվում է:
Իշխանության յուրաքանչյուր անդամ գիտի` իրենց ղեկավարած երկրում և իրենց թելադրած կանոններով օրինական դաշտում մնալ և ապրել հնարավոր չէ:
Պետությունն` ինքը, ապրելու, գոյատևելու համար սահմանել է օրենքից դուրս վիճակը: Օրենքից դուրս աշխատում են պետության ղեկավարները, իսկ այդ դեպքում անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լավ գիտի. «Եթե գողը տնից լինի, եզը երդիկից էլ կհանի: «Մեր դեպքում և՛ եզն է տնից, և՛ գողը»:
Վերահսկիչ պալատի նախագահի տարեկան զեկույցները կարճաժամկետ աղմուկ են բարձրացնում: Ուզո՞ւմ է հասարակությունն այս կամ այն չինովնիկին կամ բոլոր չինովնիկներին` միասին, տեսնել ձեռնաշղթաներով, գլխահակ` դատարանում կանգնած: Գուցե: Սակայն կա երկու խանգարող հանգամանք. նախ` դատարանները ևս աշխատում են օրենքից դուրս. դրանք պաշտոնյաներին օրենքից պաշտպանող անանցանելի պատնեշներ են: Մյուս խնդիրն այն է, որ գողությունը համատարած է: Գողանում են այն, ինչ հնարավոր է վաճառել, գողանում են նրանք, ովքեր գողանալու հնարավորություն ունեն:
Բարձրաստիճան չինովնիկները գողանում են մեծ մասշտաբներով, քանի որ բյուջեն և նրանց ստորագրությունն այս կամ այն փաստաթղթի տակ` այդ հնարավորությունը տալիս են: Իսկ մենք գողանում ենք փոքր մասշտաբով: Դպրոցի տնօրենները գուցե ժխտեն, բղավեն ձեզ վրա, մեղադրեն զրպարտության մեջ, սակայն այսօր աշխատանքի ընդունվելու համար ուսուցչից պահանջում են 2000 դոլար կաշառք: Սա ոչ թե գողություն է, այլ կոռուպցիա՞: Նույն խնդիրը կա բուժհաստատություններում` պոլիկլինիկայում կամ հիվանդանոցում աշխատանքի տեղավորվելու համար գլխավոր բժիշկներին պետք է կաշառք տալ: Սա և՞ս կոռուպցիա է` պաշտոնական դիրքի չարաշահում, ոչ թե գողություն:
Կաշառակերներին գող չեն անվանում: Գողերը մայրաքաղաքի փողոցներից ծաղկի թաղարներ գողացողներն են, դարպասից դուրս մնացած խողովակները, շինարարությունից ավելացած կղմինդրը, գերեզմանում խունկ այրելու ալյումինե թասերը, շիրմաքարի ետևում դրված խունկի տոպրակները գողացողները, բնակարան կողոպտողները… Նրանց հանդեպ օրենքը խիստ է:
Չկա արդարացում անգամ մեկ պարկ կարտոֆիլ գողացողի համար: Բոլոր գողերը պատժվում են օրենքի ողջ խստությամբ: Կոռուպցիոներները հասարակ գողերից տարբերվում են` ոչ թե գողանում են, այլ վերցնում: Նրանք գիտեն` ինչպես խուսափել օրենքի հարվածից` ապրել օրենքից դուրս: Կա ևս մեկ փորձված ինքնապաշտպանական միջոց: Դա ամենևին բարդ գործողություն չէ. պարզապես պետք է բարձր ձայնով բղավել. «Բռնեցե՜ք գողին»:
Նրանց այդ կարողության շնորհիվ է, որ ամեն տարի պետական չինովնիկների ելույթները` կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, գանձագողության և բյուջեն փոշիացնելու վերաբերյալ, լսում ենք նույն հետաքրքրությամբ, ինչ հետաքրքրությամբ ամեն անգամ վերընթերցում ենք, դիցուք, «Վարպետն ու Մարգարիտան»` հույսով, որ ա՛յս անգամ Պիղատոսը ձեռքերը չի լվանա: Բայց, արի ու տես, ամեն անգամ նա ձեռքերը լվանում է: Ամեն անգամ երկիրը թալանողների ցանկը երկարում է, իսկ միլիոնների հասնող առանձնատները վեր են խոյանում:
«168 ԺԱՄ»