
Սննդի որակն ու Սննդի անվտանգության պետական ծառայության խտրական վերաբերմունքը

Սննդի անվտանգության պետական ծառայությունը ներկայում ստուգումներ է իրականացնում պաղպաղակի, կաթնամթերքի, ձիթապտղի, փկան, ալկոհոլային խմիչքների, մայոնեզի, թունաքիմիկատների շուկաներում, հրուշակեղեն արտադրող մի քանի ձեռնարկություններում, «Արզնի կաթ» ընկերությունում, ՍԱՍ սուպերմարկետների ցանցում: Այս մասին 168.am-ին հայտնեց ԱՍՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռոզա Ավագյանը:
Նա նշեց, որ առայժմ ոչ մի ուսումնասիրության գծով արդյունքների մասին խոսել չի կարող, կիսամյակային հաշվետվությունները դեռ պատրաստ չեն:
Հետաքրքրական է, որ ըստ ՍԱՊԾ ներկայացուցչի, ծառայությունը պաղպաղակի շուկայում ստուգումներ սկսել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» ծրագրի առաջարկով և ստացված արդյունքներն էլ առաջին հերթին տրամադրելու է այդ լրատվամիջոցին: Մեր հարցին՝ այդ ԶԼՄ-ն վճարո՞ւմ է ստուգման և դրա արդյունքներն առաջինը հրապարակելու համար, Ռ.Ավագյանը պատասխանեց, որ տեղյակ չէ այդ մասին:
Նկատենք, որ որևէ լրատվամիջոցի նախապատվություն տալը հակասում է ԶԼՄ-ների հավասարության սկզբունքին: Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, երբ ՍԱՊԾ-ն այդ կերպ է վարվում. ամիսներ առաջ սառեցված հավի մեջ սալմոնելայի հարուցիչ էր հայտնաբերվել, ստուգումներն իրականացվել էին «Հետքի» նախաձեռնությամբ և արդյունքներն էլ ՍԱՊԾ-ն տրամադրել էր այդ ԶԼՄ-ին:
Ընդհանրապես, ծառայության աշխատանքն այս տարվա ընթացքում կարելի է բնորոշել որպես «ընդհատակյա»: Բացի պատվիրված ստուգումներից ու բացահայտումներից, ՍԱՊԾ-ն որևէ այլ առումով մինչ այս աչքի չի ընկել: Կամ էլ գուցե մեր սննդի անվտանգությունն է խիստ բարձրացել: