Ինչո՞ւ է ուշանում ՀՀ-ում առաջին ազատ տնտեսական գոտու բացումը
«Մարս» գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտու բացումը պետք է տեղի ունենար դեռ անցած տարի հոկտեմբեր-նոյեմբերին: Արդեն անցել է 7-8 ամիս, սակայն ազատ տնտեսական գոտու գաղափարը դեռևս կյանքի չի կոչվել: Ենթակառուցվածքների նախապատրաստման մասին անցած տարի ապրիլին պայմանագիր էր կնքվել ՀՀ կառավարության և «Սիտրոնիկս Արմենիա» ընկերության միջև: Խոսք էր գնում առաջին փուլում 5-6 մլն դոլար ներդրումների մասին:
«Սիտրոնիկս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ազատ գոտու բացման ուշացման պատճառը միայն տեխնիկական խնդիրներն են, մասնավորապես, իրար հաջորդող ընտրական գործընթացները:
Ա.Խաչատրյանը վստահեցրեց, որ «Մարսն» այսօր էլ պատրաստ է բացել իր դռները և, ամենայն հավանականությամբ, բացումը տեղի կունենա մինչև օգոստոս: Նա հայտնեց, որ մի շարք արտերկրյա ընկերություններ հետաքրքրված են գործունեություն ծավալել ՀՀ-ի առաջին ազատ տնտեսական գոտում: Ըստ Ա. Խաչատրյանի՝ դրանց շարքում կլինեն նաև միջազգային ճանաչում ունեցող բրենդային ընկերություններ:
Հիշեցնենք, որ «ՌԱՕ ՄԱՐՍ»-ի տարածքում ձևավորվելիք ազատ տնտեսական գոտին մասնագիտացած է լինելու արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում, իսկ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ–ի տարածքում իրականացվելու են վերոնշյալ ոլորտները սպասարկող գիտական հետազոտություններ և մշակումներ, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ: