ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր ռազմավարական ծրագիրն իրականացրել է 140%-ով
Այսօր Երևանում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց բանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, անցած տարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր՝ ամրապնդելով իր դիրքերը Հայաստանի բանկերի առաջին տասնյակում: 2012-ին բանկի զուտ շահույթը կազմել է 3 մլրդ 332 մլն դրամ, որից 297 մլն 19 հազ. դրամ վճարվել է՝ որպես շահաբաժին:
«Մեր ռազմավարական ծրագիրը 140%-ով իրականացրել ենք: Բավականին ամրապնդել ենք դիրքերը հայկական ու միջազգային շուկաներում, շարունակել ենք ինտենսիվ համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ»,- ասաց Ա. Օսիպյանը՝ հավելելով, որ անցած տարի միջազգային կազմակերպություններից ներգրավել են 11 մլն դոլար:
Բանկի ղեկավարը հույս հայտնեց, որ այս տարի աճի տեմպերը կպահպանեն, գուցեև ավելի բարելավեն:
«Ակտիվ ենք եղել միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում, անցած տարի 7.8 մլն դոլարի ակրեդիտիվներ ենք իրականացրել, կարճաժամկետ վերականգնող վարկային պայմանագրեր ենք կնքել 10 մլն դոլարի չափով և հանդիսացել ենք թողարկող բանկ: Հիմա կնքելու ենք պայմանագիր, որով լինելու ենք այդ ակրեդիտիվների հաստատող: Դա նոր զարգացում է, և մենք դառնում ենք հաստատող բանկերի ընտանիքի անդամ»,- տեղեկացրեց Ա. Օսիպյանը:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ աչքի է ընկել կապիտալի շուկայում իր ակտիվ մասնակցությամբ, նաև առաջինն է թողարկել պարտատոմսեր:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վալերիու Ռազլոգը նշեց, որ իրենց կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն անցած տարի Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է 2011 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում: Նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և ՎԶԵԲ-ը ստորագրել են 7 մլն դոլարի նոր վարկային պայմանագիր՝ ՀՀ-ում միկրո, փոքր և միջին բիզնեսը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով:
2012-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և բելգիական Incofin Investment Management կազմակերպության Rural Impulse Fund II-ի միջև ստորագրվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանոնադրական կապիտալում մասնակցության վերաբերյալ պայմանագիր, որի համաձայն՝ IIM-ը դարձել է բանկի 4.99% բաժնետոմսերի սեփականատեր: