Բաժիններ՝

ՀՀ իշխանությունները տեղյակ են եղել «օֆշորային» պատմությունից

«Օֆշորային» կրքերը շարունակում են բորբոքվել Հայաստանում: Նույնիսկ լուրեր են տարածվել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմնակիցները սկսել են կազմակերպություններ գրանցել Լևոն Տեր-Պետրոսյանի և ընդդիմության այլ ներկայացուցիչների անուններով՝ փորձելով ապացուցել, թե ցանկացած ոք կարող է ցանկացած մեկի անունով օֆշորային գոտիներում կազմակերպություններ գրանցել: Թե որքանո՞վ է սա հավանական, և ի՞նչ մեխանիզմներ կան դրա համար, 168.am-ը հետաքրքրվեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից:

 

– Տեսականորեն օֆշոր հասկացողության մեջ դա մտնում է: Տարբեր օֆշորներ տարբեր սկզբունքներ ունեն: Չի բացառվում, որ մարդը տանը նստած հաշիվ բացի օֆշորում, և որևէ նշանակություն չունի, թե ում անունով: Օֆշորի համար կարևոր է՝ փողը փոխանցվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե հաշվեհամարն օգտագործվում է միայն դրսում գործարքների համար, դա բավականին բարդություններ է պարունակում ճշտելու համար, թե այդ մարդու անունով հաշիվ կա՞, թե՞ չկա: 2 տարի առաջ կարգը լրիվ փոխվել է. մինչ այդ դաշտը բավականին ազատ էր, և օֆշորի հիմնական իմաստը եղել է, որ հաշվին փող փոխանցվի: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր դեպքին, այս ասվածը չի գործում, այն պատճառով, որ այդ հաշվից փոխանցումներ է տեղի ունեցել դեպի «Ամերիաբանկ» և հակառակը, իսկ ՀՀ-ն արդեն ավելի քան 5 տարի է՝ կեղտոտ փողերի վերահսկման մասին հատուկ համաձայնագիր է ստորագրել և պարտավորվել, որ հսկի ու կանխի կեղտոտ փողերի հոսքը: Այդ պատճառով 20 հազ. դոլարից ավելի գումար փոխանցելու կամ ստանալու դեպքում բացատրություն պետք է ներկայացնեք: Այսինքն, այդ բացատրությունների առկայության դեպքում բացահայտումները բավականին հեշտ կլինեն, եթե, իհարկե, ցանկություն լինի: Կարելի է ճշտել՝ ո՞ւմ հաշիվն է, ի՞նչ փոխանցումներ են արվել: Դրանից ելնելով՝ ես եզրակացություն եմ անում, որ ՀՀ իշխանությունները տեղյակ են եղել դրա մասին, կամ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են՝ ֆինանսական վերահսկող մարմինները կամ ազգային անվտանգությունը:

– Եթե ընդունենք, որ ազգային անվտանգությունը կատարում է իր անմիջական գործառույթները, ինչքանո՞վ էր հավանական, որ վարչապետի անունից նման հաշիվ բացվեր, գործարք իրականացվեր:

Կարդացեք նաև

– Ես ընդհանրապես մեծ ռիսկ եմ գնահատում, որ ինչ-որ մեկը նման գործողություն անի, ով ուզում է լինի, որովհետև դա չի կարող այդպես թաքնված մնալ, եթե, իհարկե, նախօրոք տեղյակ չեն: Այսինքն, այդ ռիսկը շատ բարձր է եղել, և ես բացառում եմ, որ որևէ մեկը նման ռիսկի գնար:

– Այսինքն, ամենայն հավանականությամբ, տեղյակ էին, ու դա գիտակցված է եղել:

– Ես ուզում եմ նաև հավատալ մեր ազգային անվտանգության մարմինների հմտություններին, որ հնարավոր չէ, որ նրանք տեղյակ չլինեին:

– Ամբողջ աշխարհում օֆշորի հարցը սրվում է՝ պե՞տք են օֆշորներ, թե՞ պետք չեն, հաշվի առնելով նաև Կիպրոսում տեղի ունեցածը: Ձեր գնահատականով՝ զարգացումներն ո՞ւր կտանեն, և ինչքանո՞վ է այդ հարցը կարևոր մեր երկրի համար:

– Բոլորի համար է դա կարևոր, և պետք է օֆշորները փակվեն: Դրանք խանգարում են ընդհանուր տնտեսության կարգավորող մեխանիզմների աշխատելուն: Դուք մի սկզբունքով մի երկրում գործում եք, բայց աշխարհում մի կղզի է ստեղծվում, որն այլ սկզբունքով է գործում, նաև քո աշխատած արդյունավետությունը չես կարողանում ստանալ այդ պատճառով: Եթե աշխարհի կարևորագույն խաղացողները որոշում են, որ խաղի կանոնները պետք է փոխվեն, և դա նաև ճգնաժամի առիթ է դառնում, Կիպրոսը լավագույն օրինակն է, ուրեմն իսկապես այդ խնդիրը կա: Եվ, ի վերջո, այսօրվա տնտեսական ճգնաժամի առանձնահատկություններից մեկն այն է, որ ավելի շատ ֆինանսական ճգնաժամ է:  Իսկ ելքերից մեկն այն է, որ ֆինանսական համակարգում կարգուկանոն լինի:

Հայաստանի Հանրապետությունն իր չափով, ինչքան հնարավորություն ունի, պետք է մասնակցի հակաօֆշորային պայքարին: Օրինակ՝ Ռուսաստանը հասել է նույնիսկ նրան, որ չինովնիկները պետք է հայտարարագրեն իրենց դրսի հաշիվները, կամ պետք է չունենան նման հաշիվներ: Հայաստանում էլ պետական պաշտոնյան պարտավոր է իր ունեցվածքի հայտարարագիրը ներկայացնել: Ինչո՞ւ պետք է պաշտոնյան  իր աշխատանքի հետ չառնչվող բիզնես ունենա, նաև բիզնեսի հետ կապված հաշիվներ ունենա դրսում ու դրա մասին տեղյակ չպահի: Ինչո՞ւ պետք է այդպես լինի: Պետք է թափանցիկ լինի: Մի բան էլ կա՝ այս ամբողջ պատմության մեջ, «Հետքի» հրապարակման հետ կապված, որ իրադարձությունները նման ընթացք ունեցան, որովհետև ամեն ինչ թաքնված էր, տեղեկություններ հստակ չտրվեցին, թափանցիկ գործողություններ չեն արվում, պաշտոնական բացատրություններ չկան Կենտրոնական բանկի, «Ամերիաբանկի» կողմից, այն մարդկանց կողմից, ում մասին խոսվում էր, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Այսինքն, եթե իշխանությունը կամ կառավարությունը որևէ հստակ բացատրություն ներկայացներ հանրությանը, հարցը կփակվեր, իսկ եթե չեն անում, ուրեմն մի բան այնպես չի:

– Վարչապետը դիմել է Դատախազություն…

– Բայց չի բողոքարկել: Սկզբից մամուլի քարտուղարի միջոցով բողոքում էին, թե կդիմեն Դատախազություն՝ գործ հարուցելու հետ կապված, հետո երբ «Հետքը» հայտարարեց, որ որևէ խնդիր չկա, վարկաբեկելու նպատակ չկա, ընդամենը փաստեր են հրապարակել, իրենք դիմեցին Դատախազություն՝ պարզելու, թե ով է վարչապետի անունով հաշիվ բացել: Դրանք լրիվ տարբեր բաներ են:

– ԱԺ-ում քննարկվում էր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում օֆշորների բացառման մասին Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը, և իշխանավորների դիրքորոշումն այն էր, թե՝ «ի՞նչ տարբերություն՝ օֆշո՞ր է, թե՞ այլ երկիր, մեկ է՝ ներդրումներ են լինում, և արտահանումից էլ ՀՀ-ն իր եկամուտները ստանում է»:

– Ես էլ հակառակը կարող եմ ասել՝ այդ դեպքում ի՞նչ տարբերություն, թող այդ օֆշորը չլինի, թող այդ ներդրողն ասի, որ ինքն է, և ներդրումներ անի: Մենք տեղեկություններ ունենք, որ այդ օֆշորներում մեր իշխանավորների հաշիվներն են: Այդ դեպքում համապատասխան մարմինները հարց կտան, թե այդ գումարները որտեղի՞ց: Բագրատյանը շատ ճիշտ առաջարկություն է արել օֆշորների հետ կապված, հատկապես հանաքարդյունաբերության առումով, քանի որ ՀՀ-ում վերջին 10 տարվա տնտեսական գործունեության մեջ ամենամեծ գերշահույթները ստացել ու ստանում են այդ բնագավառում:

– Իսկ ընդհանրապես մեխանիզմ կա՞ իմանալու, թե մեր պաշտոնյաներից ով հաշիվներ ունի օֆշորում, և ո՞ր կառույցն է դրա իրավասուն:

– Իհարկե, ցանկություն լինի, խնդիր չկա, եթե պետության կամ իշխանության կողմից այդ խնդիրը դրված է: Առաջին հերթին՝ մարդն ինքը պետք է այդ տեղեկությունը հրապարակի, իսկ եթե ինքը չի անում, արդեն համապատասխան կառույցները պետք է զբաղվեն: Կենտրոնական բանկը կարող է ունենալ, բայց կարող է նաև չունենալ նման տեղեկություն, բայց եթե պետությունը խնդիրը բարձրացնում է, միջազգային պարտավորությունների շրջանակներում հնարավորություն կունենա դիմել տարբեր երկրներ և տեղեկություն ստանալ: Եթե Շվեյցարիան, Լյուքսեմբուրգն են տեղեկություն տալիս, ի՞նչ խնդիր, մնացած երկրներն էլ կտան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս