Հայաստանում հողերի մոնիթորինգ չի կատարվել 2010 թվականից

Հայաստանի բնապահպանության նախարարությունը 2010 թվականից սկսած հողերի մոնիթորինգ չի կատարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը: Վերջինիս խոսքով՝ պատճառը միայն ֆինանսական միջոցների բացակայությունն է. «Չնայած նախարարությունը 2010-2013 թվականների և 2011-2014, 2012-2015 թվականների միջնաժամկետ ծրագրերի հայտեր է ներկայացրել, սակայն ֆինանսավորում չլինելու պատճառով չի ֆինանսավորվել հողերի մոնիթորինգի իրականացման համար»: Վիգեն Ավետիսյանը չի կարող ասել՝ մինչև 2010 թվականը կատարվե՞լ են ուսումնասիրություններ, թե ոչ: «Դրանից առաջ ճիշտ ասած՝ ես չեմ կարող պատասխանել, որովհետև հողերի բաժինն առանձին է եղել, 2010-ից է միացել ընդերքի վարչությանը, 1 վարչություն է դարձել»,- ասաց նա: Վիգեն Ավետիսյանը նաև դժվարացավ ասել, թե հողերի ուսումնասիրման հմար մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ:

Հարցին՝ արդյոք կա տվյալ՝ ինչ վիճակում է գտնվում Հայաստանի ընդերքը, որքան պաշարներ կան, ինչ օգտակար հանածոներ Վիգեն Ավետիսյանը պատասխանեց. «Այդ տվյալները, այո՛, կան: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրված են: Իրենց լիազորությունների սահմանում է»:

Վարչության պետն ասաց, որ հատուկ պահպանվող հողերում այսօրվա դրությամբ հանքեր չեն գործում. «Հանքավայր այսօրվա դրությամբ հատուկ պահպանվող տարածքներում չկա: Կան հանքերևակումներ, որոնք ուսումնասիրության փուլում են: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով՝ հստակ է, որ իրավունք ունեն երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել»:

Վիգեն Ավետիսյանն ասաց, որ «Նանարփի» ընկերությունը հայտ է ներկայացրել ուսումնասիրելու Սոթքի մոտ գտնվող պոչամբարի տարածքը. «Եթե կգտնեն, որ նպատակահարմար է, օգտակար հանածոյի արդյունահանում կատարել, տեխնածին հանքավայր կհաստատեն ու կշահագործեն»: Հարցին՝ արդյոք կա ուսումնասիրություն, թե հողերի որակի փոփոխության պատճառով Կարմիր գրքում գրանցված բուատեսակները որքանով են ավելացել կամ պակասել, վարչության պետը պատասխանեց. «Բարդ հարց տվեցիք: Ինձ թվում է՝ այդ հարցին Կենսառեսուրսների կառավարման գործակալությունը կկարողանա պատասխանել»:

Տեսանյութեր

Լրահոս