Բնապահպանության ոլորտում տարվող քաղաքականությունն արմատապես փոխվել է. Էրիկ Գրիգորյան

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել վերջին 6 ամսում ոլորտում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունների, մեկնարկած բարեփոխումների, ընթացող և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությամբ։ Հանդիպմանը հրավիրված էին բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով ոլորտում տարվող քաղաքականության հիմնական սկզբունքներին՝ նախարարի պաշտոնակատարն առանձնացրել է փոխհատուցման փոխարեն՝ կանխարգելման մեխանիզմի ներդրումը։

Էրիկ Գրիգորյանը նշել է, որ 6 ամսվա ընթացքում հատուկ պահպանվող տարածքներում միջինը 40%-ով, որոշ տեղերում մինչև 100%-ով բարձրացվել է աշխատավարձերը, տեխնիկական վերազինում իրականացվել, արևային կայաններ և առցանց հսկման համակարգեր են տեղադրվել։

Բնապահպանության նախարարության և նրա ներքո գործող կազմակերպությունների լուսավորության համակարգերն ամբողջությամբ փոխարինվել են ԼԵԴ էլեկտրախնայող լամպերով։

Երկու տասնյակ պահպանության և հակահրդեհային մեքենաներ են տրամադրվել համակարգի ներքո գործող կազմակերպություններին։ Տեխնիկապես վերազինվել են նաև Մոնիթորինգի կենտրոնը, Զվարթնոց ՓԲԸ-ն։ Կարողությունների զարգացմանն ուղղված վերոհիշյալ բոլոր միջոցառումներն իրականացվել են դրամաշնորհների և խնայողությունների հաշվին։

Էրիկ Գրիգորյանը նշել է, որ արմատապես փոխվել է փորձաքննական համակարգը․ այն չիրականացնելու դեպքում սահմանված տույժերը էականորեն բարձրացվելու են, մինչև օրենսդրական լիարժեք կարգավորումներ տալը, դրամաշնորհային ծրագրով վարձվել են միջազգային որակավորում ունեցող փորձագետներ, և առանց վերջիններիս կարծիքի փորձաքննական եզրակացություն չի տրվում։

Բանախոսը կատարված աշխատանքներից առանձնացրել է նախարարության կողմից առաջին անգամ իրականացված պոչամբարների ամբողջական գույքագրումը, հանքավայրերի ազդեցությունների մոնիթորինգի համակարգի ներդնումը։ Վերջինով ձեռնարկողներին պարտադրվել է արտոնագրված լաբորատորիաների միջոցով իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգ և հրապարակել։

ՀՀ և ԵՄ և Ատոմային Էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում օրենսդրական մոտարկման ուղղությամբ բնապահպանության նախարարության կողմից իրականացված միջոցառումների շրջանակներում մշակվել է համաձայնագրից բխող միջոցառումների ճանապարհային քարտեզ, որում ներառվել են մոտ 30 ԵՄ հրահանգների հետ մոտարկման 97 միջոցառում, որը ԵՄ գործընկերների կողմից հավանության արժանանալուց հետո օրինակելի ձև է դարձել այլ գերատեսչությունների համար։

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ներկայում նախարարության ներքո իրականացվում է 78 մլն ԱՄՆ դոլարի միջազգային դրամաշնորհային ծրագրեր։

Վերոհիշյալ ծրագրերից Գերմանական զարգացման բանկի (KfW) կողմից հաստատված 23.2 մլն եվրո կենսաբազմազանության պահպանությանն ուղղված դրամաշնորհի շրջանակներում հնարավորություն կլինի անդրադառնալ Նորքի անտառին և և Հրազդանի ձորի անտառների վերականգնմանը, ինչը կարևոր է մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի համար։

Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման խնդրին՝ Է․ Գրիգորյանը հայտնել է, որ գործակալության կողմից իրականացված զննությունների արդյունքում, 259 ջրօգտագործողի մոտ հայտնաբերվել են խախտումներ և դրանք սահմանված կարգով ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

Նախարարության կողմից 27 մետաղական հանքավայրում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 7-ում արձանագրվել են փորձաքննական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերի պահանջների շեղումներ։ Իրականացված միջոցառումների արդյունքում ռեկուլտիվացիոն հիմնադրամ վճարվող գումարներն աճել են 66 անգամ։

Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է նաև Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ իրականացված աշխատանքներին և տեղեկացրել, որ մի քանի փուլով տարված բազմակողմանի միջոցառումների արդյունքում ներկայում մրցույթ է հայտարարված՝ միջազգային ընկերության ներգրավման նպատակով, ինչի արդյունքում կառավարությունն ավելի լիարժեք տեղեկատվություն կունենա շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների վրա Ամուլսարի ազդեցության վերաբերյալ։

Վերջին կես տարվա ընթացքում իրականացված և հիշատակման արժանի միջոցառումներից բնապահպանության նախարարի պաշտոնակատարն առանձնացրել է Հայաստանում առաջին անգամ Արարատ համայնքի աղբավայրում կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքների ստեղծումը, Էլեկտրոմոբիլների ներկրումը խթանելու և մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, ինչպես նաև 2019թ-ը Կովկասյան ընձառյուծի տարի հայտարարելու որոշման նախագծերը։

Էրիկ Գրիգորյանը պատասխանել է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։ Հանդիպման ավարտից հետո Բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամները բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրենց բողոքն ու մտահոգությունն են արտահայտել և, Դեբեդ գետի տիղմը ու Տանձուտի չշահագործվող հանքավայրի տարածքից վերցված դրեժանային ջուրը փոխանցելով նախարարի պաշտոնակատարին, լքել են շենքը։

Տեսանյութեր

Լրահոս