Դոլարն այս շաբաթ կարող է աճել մինչև 420 դրամը. FOREX-ի վերլուծաբան
Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում ավելացել է 0.7%-ով՝ հասնելով 417.48 դրամի: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմել է 16.92 մլն դոլար, ինչը 7.84%-ով ավելի է, քան անցած շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի փոխարժեքն աճել է 0.14%-ով և կիարկի՝ հունիսի 2-ին, կազմել 418.71 դրամ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, ամերիկյան արժույթի նման վարքագիծը պայմանավորված է բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի հանդեպ պահանջարկով, ինչպես նաև շուկայում չափավոր դեվալվացիոն տրամադրություններով: Միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի ամուր դիրքերը նույնպես ուժեղացնում են այս ակտիվի գրավչությունը:
Վերլուծաբանի գնահատականով՝ այս շաբաթ ԱՄՆ դոլարն ունի բոլոր հնարավորությունները շարունակելու աճը, իսկ բորսայում դիմադրության շեմը կլինի 420.0 դրամը: Սակայն շաբաթվա վերջին հայկական դրամը կկարողանա որոշ չափով ամրապնդել դիրքերը, դրան կնպաստի ԿԲ-ն՝ արժութային շուկայում իրականացվող ներարկումների միջոցով, նաև բնակչության և բիզնեսի կողմից պահանջարկի որոշակի նվազումը: ԿԲ համաձայն՝ անցած շաբաթ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի առուվաճառքի ծավալները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 46%-ով՝ կազմելով 7.465 մլն դոլար:
Այս շաբաթ ԱՄՆ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կտատանվի 415-421 դրամ միջակայքում: