Բաժիններ՝

«Կա փաստարկ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են, բայց Պուտինը չի սիրում նման պատմություններ». Կ.Սիմոնով

Կիրակի օրը «Ռէվոլյուցիա» հաղորդման շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի հետաքրքիր բացահայտումներ արեց: Ըստ էության, նա չհերքեց, որ Ռուսաստանից գնվող բնական գազը Հայաստանի համար թանկացել է դեռ անցած տարվա ապրիլի 1-ից, սակայն դա գաղտնի է պահվել՝ իշխանության որդեգրած ռազմավարության շրջանակներում: Պարզվեց, որ գազի թանկացումից հետո ՀՀ կառավարության խոստացած 30% սուբսիդավորումը, հնարավոր է, իրականացվի Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացվելիք «գրանտի» հաշվին, ԵՄ-ից սպասվող աջակցությունը կապ չունի գազի գնի հետ, և, որ ՀՀ իշխանությունները հետևելու են, որ մեր երկրում «ՀայՌուսգազարդի» բիզնեսը «չվնասվի»: 168.am-ն այս հարցերի շուրջ զրուցեց ՌԴ «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի հետ:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ հենց Ռուսաստանը և ոչ թե՝ Արևմուտքն է օժանդակելու Հայաստանին՝ սուբսիդավորել գազի թանկացումը:

 

– Հայաստանին մատակարարվող ռուսական գազը հետխորհրդային երկրների տարածքում ամենաէժանն է եղել: Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում՝ գազը թանկանում է, իսկ հետխորհրդային տարածքում գազի գինը ոչ թե՝ հավասարեցվում, այլ գոնե մի քիչ մոտեցվում է միջազգային գներին: Հարավային Կովկասի տարածաշրջանում կարելի է տեսականորեն ենթադրել, որ ադրբեջանական գազը կարող է մատակարարվել Հայաստանին, բայց իրական կյանքում դա անհնար է: Նույնիսկ Վրաստանն է այսօր հրաժարվում ադրբեջանական գազից՝ ի նպաստ ռուսականի: Իսկ Արևմուտքից «գազային օգնություն» սպասել ես ուղղակի չեմ պատկերացնում: Այնպես որ, այստեղ որոշումը կընդունվի Հայաստանի իշխանության և «Գազպրոմի» ղեկավարության քաղաքական երկխոսության արդյունքում, քանի որ մենք գիտենք, որ «ՀայՌուսգազարդը» «Գազպրոմի» ակտիվն է: Իմ կարծիքով՝ գազը կթանկանա, բայց ոչ շատ կտրուկ: Մենք գործ ունենք սովորական առևտրի հետ, որտեղ գինը հետզհետե բարձրանալու է: Վերջնական որոշումն, իհարկե, կընդունվի ՀՀ և ՌԴ իշխանությունների կողմից, քանի որ գուցե ոմանց դուր գա, այլոց՝ ոչ, սակայն Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը քաղաքական հարց է: Հավանաբար նաև որոշ սպասում կա, որ Ռուսաստանը վարկ կհատկացնի Հայաստանին, որը կուղղվի գազի գնի սուբսիդավորմանը: Բայց դա էլ բավականին փակուղային իրավիճակ է, քանի որ այդ բոլոր վարկերը բերում են նրան, որ աճում է պարտքային բեռը: Ես կարծում եմ, որ ձեր իշխանությունը դրան չի գնա, իսկ Մոսկվայից փող վերցնելը կնշանակի՝ մեծացնել վարկային ճնշումը Հայաստանի վրա:

– ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե հնարավոր է՝ Ռուսաստանը Հայաստանին հատկացնի ոչ թե վարկ, այլ դրամաշնորհ, և հարցի շուրջ բանակցություններ են ընթանում:

– Դրամաշնորհը կիրառվում է գիտական ասպարեզում, երբ գիտնականներին դրամաշնորհ են տալիս որևէ հետազոտություն իրականացնելու համար: Ինչպե՞ս կարող է մի երկիրը մյուս երկրին տալ որևէ դրամաշնորհ՝ գազի գնի վճարման համար: Միջազգային տնտեսական հարաբերություններում նման տերմին պարզապես գոյություն չունի: Եթե նա «դրամաշնորհ» ասելով՝ նկատի ունի անվճար նվեր, ապա բերեք հենց այդպես էլ անվանենք դա:

– Պարոն Սիմոնով, ուրիշ ի՞նչը կարող է Հայաստանում հետաքրքրել Ռուսաստանին՝ գազի գինը կտրուկ չբարձրացնելու համար, քանի որ հիմա խոսքը գնում է 50%-ով թանկացման մասին (180 դոլարից 1000 խմ-ի գինը սահմանին դառնալու է 270 դոլար):

Հայաստանի տնտեսական ակտիվներում ինչ հետաքրքրում էր Ռուսաստանին, դա արդեն ՌԴ-ն ստացել է՝ նույն «ՀայՌուսգազարդը», գազաբաշխիչ համակարգը, և այլն: Այնպես որ, ես ազնվորեն չգիտեմ, թե ինչը կարող է հետաքրքրել Ռուսաստանին: Ուկրաինայի դեպքում հասկանալի է՝ այնտեղ կա գազատար խողովակը, որը կարող է քննարկման առարկա դառնալ, իսկ Հայաստանում նման բան չկա, և դրա համար էլ հավանաբար խոսում են դրամաշնորհների մասին, քանի որ վաճառքի համար այլևս ոչինչ չի մնացել:

– Իսկ հարցի քաղաքակա՞ն կողմը: Հայտնի է, որ էներգետիկան սերտորեն կապված է քաղաքականության հետ: Ձեր կարծիքով՝ այս ամենի վրա կարո՞ղ է ազդել Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հարցը:

– Այսօր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը պրակտիկորեն անհնար է: Դա պարզ է: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն հաճույքով կանդամակցեր միությանը, բայց այստեղ Ուկրաինայի հետ զուգահեռներ անցկացնել չի կարելի: Հայաստանը չի կարող մտնել միասնական մաքսային միության մեջ երկրների հետ, որոնց հետ ընդհանուր սահման չունի: Մեր միջև կա Վրաստանը, որ միության անդամ չէ, և պարզ չէ, թե ինչպես ՀՀ-ն կարող է անդամակցել Մաքսային միությանը: Այս պարագայում Մաքսային միությունը վաճառքի առարկա չէ: Կա փաստարկ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են, բայց Պուտինը չի սիրում նման պատմություններ, և այդ հարցը հետխորհրդային տարածքում պետք է օրակարգից հանվի: Բայց եթե խոսում են դրամաշնորհների մասին, ապա հավանաբար փորձ է արվում վաճառել քաղաքականությունը, բայց՝ ոչ Մաքսային միության ձևով, այդ կերպ հնարավոր չէ:

– ՀՀ վարչապետը նաև նշել էր, որ Հայաստանը կարող է երաշխավորել, որ «ՀայՌուսգազարդի» բիզնեսը «չվնասվի»:

– Իսկ ի՞նչ է՝ հիմա վնասվո՞ւմ է այդ բիզնեսը Հայաստանում: Ես չգիտեմ, թե դա ինչպես է տեղի ունենում: «ՀայՌուսգազարդի» բիզնեսը կարող է վնասվել, եթե գազի դիմաց չվճարեն, բայց թե դրանում ինչպե՞ս կօգնի կառավարությունը, այնքան էլ չեմ պատկերացնում: Եթե Հայաստանը չունի նորմալ տնտեսություն, գազի համար, հայտնի չէ, թե որտեղից է վճարելու: Իսկ, ազնիվ լինենք, Հայաստանում այսօր լիարժեք տնտեսություն չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս