Հայաստանում գործող Microsoft ինովացիոն կենտրոնը 2 տարեկան է
Լրացավ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնադրման 2 տարին: Այդ տարիների ընթացքում կենտրոնի կողմից կազմակերպվող կարճաժամկետ ու երկարաժակետ դասընթացներին և սեմինարներին մասնակցել են ավելի քան 2000 ուսանողներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից: Նորարար գաղափարների բացահայտմանն ուղղված շուրջ 10 մրցույթներին մասնակցել են 100-ից ավել թիմեր: Այդ մրցույթների ընթացքում ներկայացված և մշակված լավագույն գաղափարների մեծ մասն այսօր շուկայում են կամ պատրաստ են մուտք գործել հայաստանյան և արտասահմանյան շուկաներ:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աջակցությունը ստացած թիմերից մի քանիսը գրանցված են իբրև նորաստեղծ ընկերություններ կամ գրանցման փուլում են՝ BigBrain, 4car.am, eagro.am, Apollosoft, Clean H2O, Lionsharp Solutions և այլն:
Կենտրոնը նաև 2012 թվականի ամռանը սկսեց իրականացնել Կարճաժամկետ պրակտիկայի ծրագիր՝ հայաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների հետ համատեղ: Արդյունքում ապահովվելով ծրագրի մասնակիցների 90%-ի զբաղվածություն: Ներկայում պրակտիկայի սահմանները ընդլայնվում են՝ ներառելով նորանոր ընկերություններ:
Կենտրոնի հիմնադրման 2 ամյակի հետ կապված զրուցեցինք Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանի հետ: 168.am-ի հարցին, թե որն է այս ընթացքում կենտրոնի գլխավոր ձեռքբերումը, նա պատասխանեց. «Ոչ թե թվերը, թե քանի մարդ է վերապատրաստվել կամ մասնակցել մեր դասընթացներին ու կազմակերպած միջոցառումներին, ոչ թե այն, թե քանի ձեռնարկություն է ստեղծվել Հայաստանում այս ընթացքում, այլև կարևորում եմ այն, որ մեր երկրում սկսեց ձևավորվել նորաստեղծ ընկերությունների ենթակառուցվածք և երիտասարդներն արդեն մտածում են, որ՝ ինչու ոչ, տեխոլոգիական ոլորտում կարելի է փորձել և հաջությունների հասնել»,- ասաց Ե. Հյուսյանը:
Նրա խոսքով՝ եթե կենտրոնի սկզբնավորման ժամանակահատվածում իրենք էին դիմում տարբեր երիտասարդների, իսկ շատերն անգամ շնորհանդես կազմակերպելուց էին վախենում, ապա այժմ արդեն տարբեր շնորհալի երիտասարդներ հայտնվում են ինովացիոն կենտրոնում՝ հավատալով, որ անգամ քիչ ֆինանսական ներդրումների միջոցով կարող են իրենց ընկերությունը ստեղծել և բիզնես ունենալ տեխնոլոգիական ոլորտում:
«Տեսնելով տարբեր թիմերի աճը և ձեռքբերումները, մենք յուրաքանյուր թիմի ու երիտասարդի հաջողության պատմութամբ իսկապես ուրախանում և ոգեշնչվում ենք»,- ասաց Ե. Հյուսյանը: