Բաժիններ՝

Հայ վարորդները մոտ 1 ամսից sms-ով կարող են տեղեկանալ իրենց խախտումների մասին

Հայաստանյան վարորդները մոտ 1 ամսից կարող են sms-ով ու նաև օնլայն տեղեկանալ իրենց կատարած խախտումների մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց 4Car.am-ի ծրագրավորողներից Շավարշ Հունանյանը՝ նշելով, որ ներկայումս իրենց կողմից ստեղծված համակարգը ՀՀ ոստիկանության կողմից փորձարկման փուլում է գտնվում:
«Ստուգվում է համակարգի անվտանգության և հուսալիության աստիճանը: Արդյունքում, արդեն փորձարկվելուց հետո վարորդն իր բջջայինի վրա sms հաղորդագրություն կստանա, բացի այդ, այն վարորդները, ովքեր գրանցվել են 4Car.am կայքում, կարող են նաև իրենց հաշվեհամարում (account) տեսնել այդ մասին տեղեկությունը»,- ասաց Շ. Հունանյանը:
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը՝ 4Car.am ինտերնետային կայքի առաջարկած նոր ծառայության շնորհիվ՝ SMS-ի միջոցով մեքենայի կամ ավտոտնակի առջև կանգնած մեքենաները հնարավոր կլինի տեղաշարժել:
Այդ ամենի համար անհրաժեշտ է ընդամենը ձեզ խանգարող ավտոմեքենայի պետհամարանիշը և ձեր հաղորդագրությունը: Օրինակ՝ «խնդրում ենք տեղաշարժել ձեր մեքենան» հաղորդագրությունն ուղարկել 1041 կարճ համարին: Արդյունքում՝ տվյալ մեքենայի վարորդը կստանա ավտոմեքենան տեղափոխելու մասին ձեր ծանուցումը և կգա այն տեղափոխելու: Նշենք, որ մեկ SMS-ի արժեքը 50 դրամ է: Նոր առաջարկը երիտասարդներն առաջին անգամ ներկայացրեցին «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
«Նմանատիպ ծանուցումներ կստանան միայն այն վարորդները, ովքեր գրանցվել են մեր ինտերնետային կայքում: Ներկայումս կայքում արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի վարորդներ»,- ասաց Շ. Հունանյանը՝ նշելով, որ կայքում գրանցվելն անվճար է:
Նշենք, որ 4Car.am նախագիծն իրականացվում է Microsoft ինովացիոն կենտրոնի և Nikita Mobile ընկերության հետ համատեղ:
Տեղեկացնենք նաև, որ նոր կայքի շնորհիվ հնարավոր է նաև գտնել Հայաստանում ավտոտեխսպասարկման և ավտոլվացման քարտեզների կետերը, մեքենայի տեխզննման և ապահովագրության վերաբերյալ հիշեցումների համար նշումներ կատարել, առցանց ստուգել գիտելիքները՝ լրացնելով վարորդական իրավունքի ձեռքբերման փորձնական թեստը, ինչպես նաև անվճար հայտարարություններ տեղադրել ձեր մեքենայի վաճառքի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս