Ինչպես էր զինված երիտասարդը հայտնվել ԱԺ-ի տարածքում. մութ հարցեր՝ կապված ԱԺ կրակոցների դեպքի հետ (լուսանկարներ)
Այսօր ԱԺ-ում ժամը 15:00-ի սահմաններում գործընկերներով դուրս էինք գալիս ԱԺ շենքի ետնամուտքից: Շենքի դիմաց` աստիճանահարթակին, կանգնած էր շտապ օգնության մեքենան, որտեղից բժիշկները պատգարակ էին դուրս բերում:
Մոխրագույն վերնազգեստով մի երիտասարդ արյունլվա վիճակում գալարվում էր գետնին: Նրան շրջապատող անվտանգության ծառայողները մեզ չթույլատրեցին մոտենալ` հրահանգելով անմիջապես դուրս գալ ԱԺ տարածքից:
Ներքևում ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցները լարված էին` ինչ-որ բան էին փնտրում խոտերի մեջ: Մոտեցանք նրանց` հետաքրքրվելով, թե ի՞նչ է եղել, ո՞վ է վիրավորը, արդյո՞ք ԱԺ աշխատակիցներներից է:
«Մենք ոչ մի բան չգիտենք, մեզ մի խանգարենք կատարել մեր աշխատանքը»,- պատասխանեցին նրանք:
Նրանցից մի քանի մետր հեռու կանգնած էին անցագրային բաժնի աշխատակիցները: Նրանք ևս անտեղյակ էին, թե ինչ է կատարվել, սակայն ասացին, որ երիտասարդը ԱԺ աշխատողներից չէր, դրսի է եկել, ընդ որում` շեշտեցին, որ այդ երիտասարդի մոտ եղել է ԱԺ մուտք գործելու հայտ:
«Իսկ ո՞ւմ մոտ էր գնում այդ երիտասարդը»,- հետաքրքրվեցինք, սակայն որևէ պատասխան չստացանք: Այս հարցը մենք ուղղեցինք նաև Աժ լրատվական ծառայությանը, որտեղ, սակայն, հերքեցին այդ լուրը` ասելով, թե երիտասարդի մոտ որևէ հայտ չի եղել:
Հետո լուրեր հայտնվեցին, որ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել:
Ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել:
Նախ նշենք, որ առաջին լուրերը կարդալիս այնպիսի տպավորություն էր, որ երիտասարդին վնասազերծել են ԱԺ տարածքից դուրս, երբ նա փորձել է անցնել անցակետով։ Սակայն, ինչպես նշեցինք, երիտասարդը գտնվել է ԱԺ տարածքում։ Ճիշտ է՝ շենքից դուրս, սակայն ցանկապատերից ներս՝ ԱԺ աստիճանահարթակին, որից մի քանի մետր այն կողմ գնալով, նա կհայտնվեր ԱԺ շենքի ներսում։
Նկարում սլաքով ցույց է տրված, թե որտեղ է նա վիրավորվել։ Դա ԱԺ շենքի գլխավոր մուտքի առաջին աստճանահարթակն է։ Այն տարածքը, որտեղ դիմավորում են հատուկ հյուրերին (դա երևում է նաև panorama.am-ի նկարում)։
Նշված տարածքում հայտնվելու համար կա երկու տարբերակ՝ կամ պետք է աննկատ անցնել՝ խույս տալով հսկողություն իրականացնողների ուշադրությունից, կամ՝ անցագրով։
Եթե գործ ունենք առաջին տարբերակի հետ, այսինքն՝ երիտասարդը օրը ցերեկով կարողացել է աննկատ հայտնվել ԱԺ ցանկապատերից այն կողմ, ուրեմն՝ ԱԺ պահպանությունն իրականացնող անձինք, մեղմ ասած, հանցավոր անփութություն են դրսևորել։
Իսկ եթե օրինական ճանապարհով է ներս մտել, ապա հարցերն ավելի են սրվում։
Հարց 1. Ինչպե՞ս է կարողացել երիտասարդը դանակը գրպանում անցնել մետաղորսիչ սարքի տակով։
Հարց 2. Ի՞նչ կոնֆլիկտ կարող էր առաջանալ այդ տարածքում։
Հարց 3. Ո՞ւմ մոտ էր բարձրանում այդ երիտասարդը։ ԱԺ մուտք գործելու համար հարկավոր է ունենալ անցագիր, կամ՝ հայտ (ժամանակավոր, որտեղ նշվում է, թե որ ժամին է մուտք գործում, ում մոտ, և որ ժամին է լքում տվյալ անձը ԱԺ տարածքը): Այսինքն՝ պատգամավորներից կամ աշխատակազմից որևէ մեկի անունով պետք է հայտ իջեցվի այս կամ այն անձին ԱԺ տարածք թույլատրելու համար։
Այս հարցերի պատասխանները դեռևս չկան։
168.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվի Բաղրամյանը հաստատեց, որ կրակոցի միջադեպ Ազգային Ժողովի շենքի մոտ տեղի է ունեցել: Նրա փոխանցմամբ՝ հանգամանքները պարզվում են: Իսկ թե ո՞վ է եղել այդ անձը, ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել միջադեպը և որ հիվանդանոց են տեղափոխել վիրավորին, Արծվի Բաղրամյանը չասաց՝ բացատրելով, որ մանրամասներին ծանոթ չէ և հանգամանքները պարզվում են: