Բաժիններ՝

Ընդամենը մեկ SMS-ի միջոցով մոտ մեկ ամսից գյուղացին հնարավորություն կունենա վաճառել իր ապրանքը

Մոտ մեկ ամսից ընդամենը մեկ SMS-ի միջոցով գյուղացին հնարավորություն կունենա վաճառել իր ապրանքը: Այս նոր հնարավորության հեղինակները երիտասարդ ծրագրավորողներ են, որոնք ստեղծել են ծրագիր/պորտալ, որը կոչված է թեթևացնելու գյուղացիների հոգսերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Eagro ծրագրի համակարգող Անի Մանուկյանը: Նրա խոսքով՝ հաճախ գյուղացին իր ապրանքը բավական մատչելի գնով է վաճառում, մինչդեռ այն գնորդին բավականին թանկ գնով է հասնում:

«Նոր համակարգը հնարավորություն կտա գյուղացուն ավելի թանկ վաճառել իր ապրանքը, իսկ գնորդին՝ ավելի էժան գնել այն, քանի որ նա կգնի այն անմիջապես գյուղացուց, այլ ոչ թե վերավաճառողից»,- ասաց Ա. Մանուկյանը: Նրա խոսքով՝ այդ հնարավորությունից օգտվել կարող է ցանկացած մարդ, դրա համար անհրաժեշտ է ոչ թե սմարթֆոն, այլ շատ սովորական բջջային հեռախոս, որի միջոցով համապատասխան համարին պետք է ուղարկել տվյալ գյուղատնտեսական ապրանքի կոդը, վաճառվող ապրանքի քանականությունը և գինը ու դրա համար պոտենցիալ գնորդ գտնել:

«Ամեն մի գյուղատնտեսական ապրանք իր կոդն ունի. հայտարարելու համար, որ ինքը վաճառում է, օրինակ, երեք տոննա խնձոր, գյուղացին պետք է ընդամենը հավաքի համապատասխան կոդը՝ *01* 3 , և նշի գումարը»,- ասաց Ա. Մանուկյանը՝ նշելով, որ այդ ամենը մաքսիմալ պարզեցված է ստեղծվել. խոսքը բջջայինով ապրանք վաճառելու մասին է, որպեսզի այդ հնարավորությունն իսկապես մատչելի լինի մարդկանց համար: Ա. Մանուկյանի տեղեկացմամբ, տվյալ դեպքում, երբ SMS-ը ուղարկվելու է միանգամից հազարավոր մարդկանց, այն շատ ավելի թանկ արժեք ունի և կարող է շատերի համար մատչելի չլինել, ուստի իրենք ներկայում բանակցություններ են տանում բջջային օպերատորների հետ, որպեսզի այդ ուղարկող SMS-ն անվճար լինի կամ գոնե մատչելի գին ունենա:

«Ուղարկված SMS-ը պորտալում վերածվելու է բառային հայտարարության և գնալու է այն մարդկանց բջջայիններին, ովքեր հայտնել են, որ իրենք հետաքրքրված են, օրինակ՝ խնձորի վաճառքով: Այսինքն՝ այս ամբողջ գործընթացը տեղի կունենա առանց միջնորդի և անմիջապես»,- ասաց Ա. Մանուկյանը՝ նշելով, որ ծրագրի ունիկալությունը հենց դրանում է կայանում, որ առաջին անգամ հնարավորություն է ստեղծվում անմիջական շփում ապահովել գնորդի և վաճառողի միջև:

Բացի SMS-ի միջոցով ապրանքը վաճառելուց, գյուղացիները համակարգի միջոցով կկարողանան ստանալ նաև իրենց մտահոգող հարցի պատասխանը, իսկ դրա համար նրանք իրենց մտահոգող հարցը կկարողանան ուղարկել համապատասխան համարին և ստանալ դրա պատասխանը:

Ծրագրավորող Բաբկեն Ղորուխչյանի խոսքով՝  ծրագիրը խնդիրներ չի ունենա, եթե անգամ նրանից միանգամից օգտվեն շատերը, այն տեղադրված է լավ սերվերի վրա, իսկ անվտանգությունը բարձր մակարդակի վրա է դրված: «Հարցի պատասխանը հնարավոր կլինի  ստանալ 1-2 օրվա ընթացքում, եթե անհրաժեշտություն չկա տվյալ խնդիրը տեղում ուսումնասիրելու, իսկ ապրանքի վաճառքի մասին հարցում ուղարկելը կտևի շատ կարճ՝ ընդամենը 1-2 րոպե»,- ասաց Բ. Ղորուխչյանը:

Իսկ մինչ այդ, նշենք, որ ծրագրի կայքը՝ Eagro.am-ը, արդեն գործում է, այն բավականին պարզ է ստեղծված, այդտեղ արդեն իսկ կարելի է գրանցվել և գյուղատնտեսական բազմաթիվ օգտակար տեղեկություններ ստանալ, մասնավորապես՝ ֆինանսական, վարկային և բիզնես անվճար խորհրդատվություն, ինչպես նաև ծանոթանալ գյուղատնտեսության ոլորտի տենդենցներին: Իսկ SMS ծառայության հնարավորությունը կգործի արդեն մեկ ամսից:

Նշենք, որ արդեն իսկ մի քանի տանյակ գյուղերում ծրագրի վերաբերյալ տարբեր հանդիպումներ են կազմակերպվել, որոնք նպատակ ունեն տեղում մարդկանց տեղեկացնել նոր հնարավորություններին: Այս առումով երիտասարդների խումբը համագործակցում է գյուղատնտեսության աջակցության ծրագրեր իրականացնող կառույցների և դրանց տեղական գրասենյակների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել տեղեկատվական աջակցություն ցուցաբերել ծրագրին՝ տեղում պատասխանելով գյուղացիների ծրագրի հետ կապված տարբեր հարցերին:

Երիտասարդներին իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար հիմնական աջակցությունը ցուցաբերում է Հայաստանում գործող Microsoft ինովացիոն կենտրոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս