Հայ ծրագրավորողների նախագիծը. գրատախտակ՝ առանց կավճի կամ մարկերի (տեսանյութ)
Նոր գրատախտակին մոտենալու կարիք չկա, այն հնարավոր կլինի կառավարել ձայնով ու ժեստերով: Այս նախագիծը պատկանում է նորաստեղծ Lionsharp ընկերության անդամներին, ովքեր նախագծել են այն ու ներկայացրել Microsoft ինովացիոն կենտրոնում կազմակերպված միջոցառմանը: Այդտեղ երիտասարդների այս գաղափարը հետաքրքրել է Eleven հիմնադրամի ներկայացուցիչներին, ու արդյունքում՝ նրանք հնարավորություն են ստացել իրենց գաղափարը ներկայացնել Բուլղարիայում: Արդեն Բուլղարիայում 400 թիմերի մեջ Lionsharp-ի գաղափարն ընդգրկվում է աշխարհի տարբերի երկրների ներկայացրած գաղափարներից լավագույն 12-ի մեջ:
Եվ այսպես, Eleven հիմնադրամի աջակցությամբ այս տարի ապրիլի սկզբին Lionsharp ընկերության ներկայացուցիչները 6 ամսով կգնան Բուլղարիա, որտեղ կունենան իրենց գաղափարը կյանքի կոչելու համար լայն հնարավորություններ. ֆինանսավորում, տարածք, որտեղ կարող են աշխատել, կմասնակցեն բիզնեսի զարգացման և միջազգային շուկա դուրս գալու վերաբերյալ տարբեր սեմինարների ու քննարկումների, ինչպես նաև արդեն գրանցված սեփական ընկերություն ունենալու հնարավորություն կստանան: Ընդհանուր առմամբ, երիտասարդներին տրվել է 50 հազար եվրոյի չափով աջակցություն:
Իսկ այժմ՝ ամեն ինչ սկզբից: Երիտասարդ մասնագետները՝ ծանոթանալով միմյանց, որոշել են համագործակցել և համատեղ ջանքերով հետաքրքիր և օգտակար նախագիծ ստեղծել, որը կլինի նաև մրցունակ:
«Մեր գաղափարը հետևյալն է. նոր տեսակի գրատախտակ ունենալ, որին մոտենալու կարիք չկա, օրինակ՝ աշակերտը կարող է պարզապես հեռվից ասել, որ ցանկանում է, որ գրատախտակի վրա հայտնվի Եվրոպայի քարտեզը, և քարտեզը կհայտնվի գրատախտակի վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թիմի անդամներից Գևորգ Հովսեփյանը: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է Գերմանիայի Ռոստոկի համալսարանում, պատկերների հաշվարկման մասնագետ է:
Գ. Հովսեփյանն ասում է, որ իրենց ծրագիրը հնարավորություն ունի մաքրել այն աղմուկը և ընկալել այն աշակերտի ձայնը, որի հրամանը պետք է գրատախտակը կատարի, միևնույն ժամանակ, ըստ նրա՝ գրատախտակը կարող է նաև միաժամանակ մի քանի օգտագործողի հասկանալ: «Օրինակ՝ երկու աշակերտ կարող են միաժամանակ գրատախտակի բառերը տեղափոխել՝ պարզապես գրատախտակին ասելով, թե ինչ են ցանկանում»,- ասաց Գ. Հովսեփյանը: Ծրագիրը, որը հիմնված է Microsoft-ի Kinect տեխնոլոգիաների վրա, ըստ էության, դասարանի անգամ ամենավերջին նստարանին նստած աշակերտը կարող է կառավարել, քանի որ այն, ըստ Գ. Հովսեփյանի՝ տարածության հետ խնդիրներ չի ունենա:
Ի. դեպ, գրատախտակը ձայնով կառավարելու համար բարձրախոս պետք չէ, այն ունի չորս աուդիոընկալիչ:
Նոր գրատախտակը կարողանում է, այսպես ասած, սկանավորել ամբողջ տարածությունը և հասկանալ մարդու դիրքը և ժեստերը, ձայնը, և այդ ամենն արտապատկերել:
Lionsharp-ի մեկ այլ ներկայացուցչի՝ Լիլիթ Ռևազյանի խոսքով՝ ցանկացած մարդ, ով ուզում է, որ գրատախտակն իրեն լսի, պետք է որոշակի բառ ասի, որպեսզի, օրինակ՝ բազմաթիվ մարդկանց միջից ծրագիրն ընկալի տվյալ մարդուն և լսի նրա հրամանները: Լ. Ռևազյանը նշում է, որ ծրագիրը հասկանում է նաև մարդու շարժումները, և, եթե ուզում եք տվյալ բառը տեղափոխել՝ ուղղակի պետք է վերցնեք իրեն ու տեղափոխեք ձեռքի շարժումներով, և գրատախտակը կարտապատկերի ձեր գործողությունները:
«Այս տեխնոլոգիայի տարբեր մասնիկները կան աշխարհում, սակայն նման գրատախտակի գաղափարը նորարարություն է»,- ասաց Լ. Ռևազյանը՝ նշելով, որ իրենց երազանքն է մոտ ապագայում այդ գաղափարը տեսնել արդեն իրական կյանքում:
«Բուլղարիա մեկնելու և իրենց ծրագրի իրականացման համար այդ ժամանակահատվածը շատ օգտակար է լինելու, որի համար մենք շատ շնորհակալ ենք Microsoft ինովացիոն կենտրոնին»,- ասաց Լ. Ռևազյանը՝ նշելով, որ հենց նրանց շնորհիվ իրենց համար նման հնարավորություն ստեղծվեց: