
Կենտրոնական բանկը չի՞ հավատում կառավարությանը

ՀՀ Կենտրոնական բանկն ավելի վատատես է, քան ՀՀ կառավարությունը: ԿԲ կանխատեսումներով՝ 2013 թ-ին տնտեսական աճը կձևավորվի 4.7-5.7%-ի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով 5-6%-ի շրջանակներում, մինչդեռ կառավարության կանխատեսումներով տնտեսական աճը գնահատվում է մոտ 1 տոկոսային կետով ավելի բարձր: Տնտեսական աճի գնահատականների տարբերությունը հիմնականում բացատրվում է գյուղատնտեսության ճյուղի աճի գնահատականների տարբերությամբ: Կառավարության սպասումները գյուղատնտեսության տարեկան աճի վերաբերյալ ավելի լավատեսական են` աճի գնահատականը 4.5% է, մինչդեռ ԿԲ-ի կանխատեսումներով ակնկալվում է 2-4% աճ` չնայած որ նշվում է, որ դա առավել քիչ ռիսկային տարբերակն է:
ԿԲ-ն կառավարության ուշադրությանն է ներկայացրել 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը վաղը քննարկվելու է գործադիրի նիստում: Կառավարության պաշտոնյաներն իրենց եզրակացությունում ԿԲ-ին խորհուրդ են տվել շարունակել առավել բարձր ճկունություն ցուցաբերել` տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման պարագայում պատրաստ լինելով ճշգրտել քաղաքականության ուղղությունները, քանի որ հարկաբյուջետային քաղաքականության ճկունությունը սահմանափակվում է պարտքի կայունության ապահովման խնդրով: