Բաց նամակ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենին և բոլոր-բոլոր մարդկանց
Ես՝ Վահան Խաչատրյանս, մասնակցել եմ «Օրանժ Արմենիայի» կողմից կազմակերպած մրցույթին՝ «Կաննի» երկու տոմսի համար պայքարին: Չմանրամասնեմ մրցույթի պայմաններն ու ընթացքը, ինձ թվում է բոլոր իմ ընկերները տեղյակ են դրա պայմաններից և գիտեն, թե որքան շատ ես չարչարվեցի առաջին փուլն անցնելու համար:
Պատկերացրեք իրավիճակ: Որպես կինո պատկերացրեք: Ուրեմն նկարահանեցի ֆիլմ, ներկայացրեցի: Ֆիլմի մեջ տեքստերն անգլերեն են: Ընկերներիցս մեկն ասեց, որ չի կարելի ըստ կանոնների, պետք է հայերեն լինի: Նայեցի կանոնները: Ուզում էի երկրորդ անգամ նկարահանեի` հայերենով (քանի որ իսկապես կարևոր էր): Ասեցի ճշտեմ, նամակ գրեցի «Օրանժի» պաշտոնական էջին, պատասխանեցին, որ խնդիր չկա: Հանգստացա:
Մրցույթն ընթացավ: Ես մի կերպ, տանջվելով (լուրջ իմ համար տանջանք էր, ես պրոֆեսսիոնալ լայքախնդրիչ չեմ) ու անցա երկրորդ փուլ: Նորմալ, ուրախ տրամադրությամբ:
Մեկ էլ հոպ, այ քեզ անակնկալ: Զանգում են վերջին օրով ու ասում են, որ հարգելի Վահան ջան, քո ֆիլմը դիտարկել են, բայց քանի որ այն հակասում էր մրցույթի կանոններին (այ այստեղ ուշադիր ) ժյուրին չէր կարող մրցանակը քեզ տալ: Ի՞նչ կանոններ, զարմացա ես: Ասեցին, որ հայերեն չի քո ֆիլմը:
Այ քեզ բան: Հիմա պատկերացրեք իմ վիճակը: Որպես կինո: Ես մարդ եմ, ով կինոյից գոնե մի քիչ հասկանում է, նկարահանել է նորմալ աշխատանք, բայց որոշ մարդկանց ոչ պրոֆեսսիոնալիզմի պատճառով ինքը տուժել է: Ու զանգում են, ինձ ասում են դա, ու մի հատ էլ ավելացնում են, որ վաղը գնամ ինչ-որ խրախուսական մրցանակ ստանալու:
Հա, ես կհասկանայի իրենց, եթե էտ խրախուսական մրցանակը ինձ տրվեր նրա համար, որ իմ ֆիլմն ավելի վատն է եղել, քան հաղթողինը, բայց չԷ , արի ու տես, որ նրա համար, որ որոշ մարդիկ տեղյակ չեն իրարից ու տեղյակ չեն ընդհանրապես ԻՐԵՆՑ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ անցկացվող մրցույթի կանոններից:
Ես իհարկե վաղը կգնամ: Կգնամ բարկացած ահավոր ու էս տեքստը ձեռքիս: Կգնամ նրա համար, որ ասեմ ամեն ինչ հենց այնտեղ: Ու նախապես այս տեքստը այստեղ հրապարակելուց հետո: Ուրեմն այսպես, տեքստին կկցեմ երկու նկար (նկարները` ստորև, խմբ.): Առաջինը դա իրենց պաշտոնական դրույթներից մեկն է, որտեղ պարզ գրված է, որ միայն խոսակցությունների առկայության դեպքում է պարտադիր, որ տեքստը լինի հայերեն (իսկ իմ մոտ խոսակցություններ չկան), իսկ երկրորդը դա այն է, ինչ ինձ պատասխանել էին, այսինքն, որ դա ֆիլմին չի խանգարելու:
Ուրեմն այսպես: Իրականում շատ անսպասելի ու վատ պատասխան էր, որն ավելի վատ էր, քան եթե զանգեին ու ասեին, որ քո ֆիլմն ուղղակի չի անցել ժյուրիի կողմից, քանի որ լավը չէր: Ամենավատ բանն աշխարհում դա մարդկանց խաբելն է: Խաբելն, երբ ասում են, որ մի բան կլինի, բայց լինում է մեկ այլ բան, ու հետո էլ ասում են, որ ներքին կարգով էտ հարցը կլուծենք, բայց դու այսպես թե այնպես չես հաղթելու:
Բնականաբար սա արդեն ներքին կարգով լուծելու հարց չի: Պետք է իրերն իրենց անուններով կոչել: Խնդիրն արդեն «Կաննը» չէ, մրցույթը չէ, ուղղակի պրոֆեսսիոնալիզմն է, որն էլ հենց պակասում է այսօրվա մեր ազգին: Եվ կարևոր չէ ֆիլմը հայերեն է, թե ճապոներեն , կարևորն արդեն այն է, որ ոչ պրոֆեսսիոնալիզմն ու մի հատ տարրական մրցույթ ճիշտ կազմակերպելը արդեն դարձել է ապրելակերպ որոշ մարդկանց համար:
Ներկայացնում եմ վերը նշածս նկարները:
Վահան Խաչատրյան:
Օրանժ Արմենիայի հայտարարած մրցույթի երկրորդ փուլ անցած և ֆիլմում երկու անգլերեն բառ լինելու պատճառով հետագա պայքարից դուրս մնացած մարդ:
Շնորհակալություն ուշադրության համար:
Եվ հեռավոր Ջինջիբուլա մոլորակի վրա ապրող գազարագույն մարդուկները դա հաստատ իրենց չեն ներելու:
Ու սենց: