Վիտամին E կամ Տոկոֆերոլ
Տոկոֆերոլի ութնյակի խումբը հայտնի է նաև վիտամին E անունով: Այս վիտամինը հալեցնում է ճարպը և ունի հակաօքսիդանտ հատկություններ: Վիտամին E-ն առաջին անգամ հայտնաբերվել է 1922թ. առնետների վրա փորձարկումների ժամանակ: Առնետների մոտ այս վիտամինի բացակայությունն անպտղության էր հանգեցրել: Ճիշտ է, մինչ օրս չի հաստատվել, որ մարդկանց անպտղությանը կարող է վերջ դնել վիտամին E-ն, բայց շատ տղամարդիկ հաստատում են, որ վիտամին E-ի կանոնավոր ընդունումն ավելացնում է իրենց սեքսուալությունը և կենսունակությունը:
Վիտամին E-ն մաշկը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, պաշտպանում է բջիջներն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից, թույլ է տալիս, որ բջիջները միմյանց հետ հաղորդակցվեն, պաշտպանում է շագանակագեղձի քաղցկեղից և Ալցհեյմերի հիվանդությունից:
Վիտամին E-ի պակասի դեպքում նկատվում են մարսողական համակարգի խնդիրներ, ձեռքերի, ոտքերի թմրածության զգացողություն, լյարդի և միզապարկի խնդիրներ:
Վիտամին E-ի հիանալի աղբյուր են հանդիսանում սպանախը, շաղգամը, նուշը, արևածաղկի սերմերը, ծնեբեկը, մանանեխը, բուլղարական պղպեղը, կարմիր պատիճապղպեղը (cayenne pepper):
Վիտամին E-ի ֆունկցիաները
Կանխում է օքսիդացման սթրեսը: Պարզվում է՝ թթվածինը նաև վտանգավոր է օրգանիզմի համար, քանի որ այն մոլեկուլները ռեակտիվ է դարձնում: Երբ թթվածին-մոլեկուլները չափից շատ ռեակտիվ են դառնում, նրանք սկսում են վնասել իրենց շուրջ գտնվող բջիջները: Քիմիայում այս երևույթը հայտնի է՝ որպես օքսիդացման սթրես հասկացություն:
Վիտամին E-ն կանխում է օքսիդացման սթրեսը, քանի որ այն հանդես է գալիս սննդարար նյութերից բաղկացած խմբի հետ և թույլ չի տալիս, որպեսզի թթվածնի մոլեկուլները դառնան չափից շատ ռեակտիվ: Այս սննդարար նյութերի խումբն ընդգրկում է վիտամին C-ն, գլուտատիոնը, սելենը, վիտամին B3-ը:
Վիտամին E-ն առողջ մաշկի գրավականն է: Վիտամին E-ն պաշտպանում է մաշկը արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Եթե ցանկանում եք ունենալ առողջ մաշկ, ապա Ձեր սննդակարգում ընդգրկեք վիտամին E-ով հարուստ սնունդ:
Պաշտպանում է միզապարկի քաղցկեղից: Եթե սննդակարգում ընդգրկեք վիտամին E-ով հարուստ սննդամթերք`սպանախ, արևածաղկի սերմեր, ընկուզեղեն, մանանեխ, պղպեղ և ձիթայուղ, ապա 50%-ով կնվազեցնեք միզապարկի քաղցկեղ ունենալու հավանականությունը: Եթե Ձեզ դուր չի գալիս վիտամին E-ով հարուստ սննդամթերքը, ապա կարող եք ընդունել վիտամին E-ն դեղահաբերի տեսքով:
Վիտամին E-ի օգտակար հատկությունները
Քաղցկեղ և սրտանոթային հիվանդություններ: Վիտամին E-ն լուծում է ճարպերը, այն պաշտպանում է բջջաթաղանթը:: Վիտամին E-ի մեջ առկա հակաօքսիդանտները պաշտպանում են մեր օրգանիզմի բջիջներն ազատ ռադիկալների բացասական ներգործությունից: Ազատ ռադիկալներն առաջանում են օրգանիզմի նյութափոխանակության հետևանքով: Այս ազատ ռադիկալները վտանգավոր են մեր օրգանիզմի համար, քանի որ դրանք վնասում են բջիջները, որն էլ ի հայտ է բերում քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների զարգացումը: Վիտամին E-ն օժտված է ազատ ռադիկալների արտադրումը սահմանափակելու հատկությամբ, որով էլ պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից և այլ քրոնիկ հիվանդություններից:
Բարելավում է մարսողությունը և իմունային համակարգը: Վիտամին E-ն մեծ դերակատարում ունի իմունային համակարգի բարձրացման գործընթացում: Այն օգնում է վերականգնելու ԴՆԹ-ն և բարելավելու մարսողական համակարգը: Վիտամին E-ն թույլ չի տալիս, որ մեր օրգանիզմում զարգանան նիտրոզամինները: Նիտրոզամինները քաղցկեղածիններ են, որոնք ձևավորվում են ստամոքսում՝ նիտրատներից:
Սրտային հիվանդություններ: Հետազոտությունները պարզել են, որ վիտամին E-ն կանխում է սրտի հիվանդությունները: Սրտասնույց զարկերակներում երբեմն առաջանում են խցանումներ, որի հետևանքն էլ լինում է սրտի ինֆարկտը: Զարկերակների այս խցանումները փոխում են LDL խոլեստերինի մակարդակը: Վիտամին E-ն իջեցնում է LDL խոլեստերինի օքսիդացման մակարդակը և դրանով էլ կանխում սրտի հիվանդությունները:
Կատարակտ: Այս հիվանդությունն առաջանում է աչքի ոսպնյակի ոչ նորմալ աճի հետևանքով: Դրա արդյունքում էլ տարեց մարդկանց մոտ նկատվում է մշուշոտ տեսողություն և տեսողության վատացում: Հետազոտությունները պարզել են, որ կատարակտով տառապող մարդկանց մոտ, ովքեր ընդունել են բավարար քանակությամբ վիտամին E, տեսողությունը պարզվել է: Վիտամին E-ի մեջ առկա հակաօքսիդանտները կրճատում են կատարակտը կամ հետաձգում նրա ի հայտ գալը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ